HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ քայլը» հիմնադրամը 1 մլն դոլար է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի առկա միջոցներից 512 մլն 310 հազար դրամ (1 միլիոն ԱՄՆ դոլար) որպես նվիրատվություն փոխանցվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ համաձայն ս.թ. նոյեմբերի 20-ի Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշման: Այս մասին նշված է հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Հիմնադրամը, միաժամանակ, աջակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ ընդարձակելու ու բարեկարգելու տարածքը, որ հաշմանդամություն ստացած զինծառայողները ստանան 21-րդ դարին համահունչ բուժօգնություն, վերականգնվեն և վերաինտեգրվեն հասարակություն: Հիմնադրամի միջոցներով վերանորոգվող տարածքներում կգործի 60 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա:

Կենտրոնը, համաձայն «Իմ քայլի» հաղորդագրության, կկարողանա ամսական ընդունել 600 զինվորի՝ այսօրվա 300-ի փոխարեն: Այս նպատակի համար կնքվել է 180 միլիոն ՀՀ դրամի (351 հազար 350 ԱՄՆդոլար) նվիրաբերության պայմանագիր։ Գումարները կփոխանցվեն ըստ կատարված աշխատանքների ծավալի ու ժամկետների:

ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալներով Հայաստանում գտնվող 2000 արցախցի դպրոցականների հեռավար ուսուցում ստանալու համար անհրաժեշտ են պլանշետներ: «Հայտնում ենք նաև, որ Հիմնադրամը ձեռք կբերի անհրաժեշտ 2000 պլանշետներից 1000-ը, իսկ մյուս մասի կարիքը կհոգա պետությունը»,-հայտնում է հիմնադրամը:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նույն նիստի որոշմամբ էլ հիմնադրամը, որ իրականացնում էր զարգացման ծրագրեր, կանցնի ճգնաժամային իրավիճակի հաղթահարման գործունեության՝ հաշվի առնելով պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը, առաջացած սոցիալական, մարդասիրական կարիքներն ու դրանց արձագանքելու ու մեղմելու հրամայականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter