HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան. «Իմ կարծիքով, հայ հասարակությունը համաձայն է նրա հետ, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է այդ փաստաթուղթը, ուրիշ իրական այլընտրանք չի եղել»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը: Հարցազրույցի թարգմանությունը, որը կատարել է վարչապետի աշխատակազմը, ներկայացվում է ստորև։

ТАСС - Պարոն վարչապետ, նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ այս բավական բարդ ժամանակահատվածում ռուսաստանյան «ТАСС» գործակալությանը հարցազրույց տալու համար ժամանակ հատկացնելու կապակցությամբ: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով, Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը, որի մնալու ժամկետը սահմանվել է 5 տարի՝ հերթական 5-ական տարի ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: Ինչի՞ց ելնելով է սահմանվել 5 տարի ժամանակաշրջան, և ի՞նչ պետք է արվի այդ ընթացքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա քաղաքական համաձայնության հարց է: Նման համաձայնություն է ձեռք բերվել: Եվ 5-ամյա ժամանակահատվածում, իհարկե, պետք է հասցնել տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ձևավորել: Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը տևական հակամարտություն է, չեմ կարծում, որ ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով: Այսինքն՝ 5-ամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, և, ինչպես Դուք արդեն ասացիք, այնտեղ նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն: Գիտեք, կարծում եմ, որ այս պահին գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունության ապահովումն է և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգության ապահովումը: Եվ ես կարծում եմ և հուսով եմ, որ ռուսաստանյան խաղաղապահները հաջողությամբ կգործեն և իրապես կկարողանան կյանքի կոչել այդ առաքելությունը:

ТАСС - Եռակողմ հայտարարության մեջ ոչինչ ասված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ընդ որում, ավելի վաղ Դուք պարզաբանել էիք, որ փաստաթուղթը չի ենթադրում Լեռնային Ղարաբաղի հարցի բովանդակային լուծում: Այսպիսով, կարգավիճակը մնում է անորոշ: Ինչպիսի՞ն են Ձեր մոտեցումները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ներկայիս փոփոխված պայմաններում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, փաստացի կա կոնսենսուս, համենայնդեպս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում, և Հայաստանը համաձայն է այդ տեսակետի հետ՝ որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Եվ այն հարցերը, որոնք լուծված չեն համատեղ հայտարարությամբ, պետք է բանակցությունների առարկա դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Դուք գիտեք Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, և մեր դիրքորոշումը, իհարկե, չի փոխվել:

ТАСС - ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին: Ձեր կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի առաջին կետում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերականգնումը, խաղաղ կարգավորումը պետք է շարունակվի հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ձեր կարծիքով՝ այժմ ինչպե՞ս պետք է ընթանա կարգավորման գործընթացը այդ ձևաչափով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես գործնականում պատասխանեցի այդ հարցին՝ ամբողջությամբ պետք է վերականգնի բանակցային գործընթացը: Բայց տվյալ պահին կան ավելի օպերատիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ես նկատի ունեմ գերիների և կալանավորված անձանց ամբողջական փոխանակումը: Կա նաև անհետ կորածների հարցը, զոհվածների մարմինների փոխանակման հարցը: Ես կարծում եմ, որ այս պահին մենք պետք է կենտրոնանանք հենց այս հարցերի վրա:

Իհարկե, զուգահեռաբար որոշակի հաղորդակցություն է ընթանում: Մենք հաղորդակցվում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ես մշտական կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ: Վերջերս հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Գիտեք, որ Միացյալ Նահանգներում ընտրական գործընթաց է: Եվ ես հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքային լիարժեք գործընթացը շատ շուտով կվերականգնվի:

ТАСС - Ձեր կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը Հայաստանում բուռն արձագանքի արժանացավ, նույնիսկ Ձեր հրաժարականի կոչեր են հնչում: Ինչպե՞ս եք Դուք գնահատում հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, և արդյոք այն կարո՞ղ է ձեռք բերված պայմանավորվածությունների խափանման սպառնալիք լինել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում: Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ: Ներկայում փաստն այն է, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում: Եվ դա պետք է արձանագրել:

ТАСС - Ժողովրդի կամարտահայտության մասին: Դրա ամենաժողովրդավարական ձևը ընտրություններն են: Հնչում են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչեր: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան, ինչպե՞ս եք գնահատում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, հիմա կառավարության և, կարծում եմ, ոչ միայն կառավարության, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերի կարևորագույն և առաջնահերթ խնդիրը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության լիակատար կայունության և անվտանգության վերականգնումը: Նկատի ունեմ ոչ միայն ներքին, այլև արտաքին անվտանգությունը: Ես հրապարակել եմ ճանապարհային քարտեզ 6-ամսյա ժամանակահատվածի համար, և առաջիկա 6 ամսվա ընթացքում մենք պետք է աշխատենք իրավիճակի կայունացման ուղղությամբ: Ես նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, անվտանգության ոլորտում իրավիճակը, տնտեսական կայունությունը: Եվ դրանից հետո մենք կխորհրդակցենք մեր հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ և որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների ու հետագա քայլերի կապակցությամբ, թե ինչ պետք է անենք հետագայում:

ТАСС - Ինչպես նշեցիք, բողոքական տրամադրությունները հանրության մեծամասնության աջակցությանը չեն արժանանում: Ելնելով դրանից...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա չի նշանակում, որ բոլորը գոհ են ներկայիս ստեղծված իրավիճակից՝ և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, և՛ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով, և այլն: Անկեղծ ասած, ես ինքս էլ այնքան գոհ չեմ: Մենք բոլորս էլ գոհ չենք այն իրավիճակով, որը մեզ մոտ ձևավորվել է: Բայց պետք է հասկանալ, թե մենք ինչ այլընտրանքներ ունենք: Մենք պետք է աշխատենք, որպեսզի իրավիճակն ավելի չվատթարացնենք, որպեսզի կայունացնենք և բարելավենք այն: Եվ ինչպես ես արդեն ասացի, նկատի ունեմ ոչ միայն ներքին անվտանգությունն ու կայունությունը, այլև արտաքին կայունությունն ու անվտանգությունը և տնտեսական անվտանգությունն ու կայունությունը: Մենք պետք է աշխատենք և կենտրոնանանք այս հարցերի վրա:

Սա չի նշանակում, որ կառավարությունը համարում է, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է: Հակառակը, մենք համարում ենք, որ առաջին հերթին պետք է չսրել իրավիճակը, ավելի չվատթարացնել այն: Հիմա մեր առջև շատ հարցեր կան՝ կապված Արցախի, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների իրենց տներ վերադարձի հետ: Պետք է սոցիալական որոշակի երաշխիքներ ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար և այն մարդկանց համար, ովքեր իրենց տունն են կորցրել: Պետք է կայունացնել սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում:

Ցավոք, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կորոնավիրուսի համավարակը շարունակվում է: Այսինքն, առաջին հերթին մեր ընդհանուր նպատակը պետք է դառնա իրավիճակի կայունացումը, և դրանից հետո պետք է որոշում ընդունենք՝ ինչ անել:

ТАСС - Կցանկանայի Ձեզ հարցնել տնտեսական և հումանիտար խնդիրների մասին: Կա՞ն արդյոք գնահատականներ, թե ինչպիսի տնտեսական վնաս է հասցվել հանրապետությանը: Եվ կա՞ արդյոք քանակական գնահատական զոհվածների, անհետ կորածների, փախստականների, տուժողների առումով՝ որքան մարդ է զոհվել, տուժել, անտուն մնացել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մենք պարբերաբար հրապարակում ենք զոհվածների թիվը: Դժբախտաբար կամ բարեբախտաբար, եղել են դեպքեր, երբ պաշտոնապես հայտարարված է եղել, որ կոնկրետ անձը զոհվել է, բայց պարզվել է, որ նա ողջ է: Եվ հիմա շատ կարևոր է ճշգրիտ լինել այս հարցում: Մենք, իհարկե, չենք պատրաստվում ոչինչ թաքցնել, և մեր հասարակությունը, մեր քաղաքացիները կունենան լիարժեք տեղեկատվություն:

Ինչ վերաբերում է անհետ կորածներին: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ համարվել են անհետ կորած, բայց հետո նրանց գտնվելու վայրը հայտնաբերվել է, նրանք վերադարձել են, և պարզվել է, որ որոշ հանգամանքների բերումով նրանք ուղղակի չեն կարողացել կապվել հարազատների, ընկերների կամ պաշտոնական կառույցների հետ: Այսինքն՝ հիմա ընթանում է այս բոլոր հարցերի հստակեցման գործընթաց: Իհարկե, շատ աշխատանք է կատարվում բոլոր անհետ կորածների հնարավոր գտնվելու վայրը հայտնաբերելու համար: Այժմ շատ կարևոր է, ինչպես արդեն ասացի, գերիների և կալանավորված անձանց փոխանակումը: Այս հարցերի շուրջ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի կառավարության հետ, ես սերտ շփման մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ, և Լեռնային Ղարաբաղում գտնվող խաղաղապահները նույնպես շատ ակտիվ մասնակցում են այս գործընթացին:

Ցանկանում եմ նշել, որ այս պահին ճիշտ չէ թվեր հրապարակելը, քանի որ դրանք 100 տոկոսանոց ճշգրիտ չեն լինի: Այսինքն՝ մեր քաղաքականությունը հետևյալն է. մենք հրապարակելու ենք թվերը, բայց նախևառաջ պետք է վստահ լինենք, որ այն անձինք, ովքեր համարվում են անհետ կորած, հետո չեն վերադառնա և իրենց մասին տեղյակ պահեն: Այսպիսի կազուսներից խուսափելու համար պետք է տեղեկատվությունը ստուգել, վերստուգել և այլն, քանի որ մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի, զգացմունքների հետ, և պետք է շատ զգույշ լինել:

ТАСС - Իսկ ինչպիսի՞ տնտեսական վնաս է հասցվել հանրապետությանը: Գնահատականներ կա՞ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իհարկե, պարզ է, որ տնտեսական իրավիճակը մեզ մոտ՝ այնպես, ինչպես ողջ աշխարհում, բարդ է: Այն բարդացել էր դեռ մինչև պատերազմը, և դա կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ: Եվ հիմա մենք պետք է գնահատենք, թե ինչպիսի ազդեցություն է պատերազմն ունեցել տնտեսության վրա: Բայց հիմա մենք պետք է ոչ միայն հաշվենք վնասները, այլև կոնկրետ քայլեր անենք՝ տնտեսական կայունությունը վերականգնելու համար: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Իմ հրապարակած ճանապարհային քարտեզում կան կոնկրետ քայլեր, որոնք ուղղված են տնտեսական կայունության վերականգնմանը: Մենք աշխատում ենք և աշխատելու ենք այդ ուղղությամբ, և ես վստահ եմ, որ կոնկրետ քայլերը կբերեն կոնկրետ արդյունքներ:

ТАСС - Ձեր հրապարակած ճանապարհային քարտեզի համաձայն՝ փախստականների վերադարձը համարվում է առաջնահերթ խնդիրներից մեկը: Ասացեք, խնդրեմ՝ ի՞նչ կոնկրետ քայլեր է մտադիր ձեռնարկել կառավարությունը, որպեսզի ձմռան շրջանում ապրելու պայմաններ ապահովվեն մարդկանց համար, ովքեր առանց տուն և աշխատանք են մնացել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք արդեն կոնկրետ որոշումներ ենք ընդունել, որոնք վերաբերում են այն մարդկանց ֆինանսական օժանդակությանը, ովքեր դրա կարիքն ունեն: Արդեն 2 ծրագիր է ընդունվել, և մոտակա օրերին ևս 5 սոցիալական ծրագիր կընդունվի: Եվ մենք ամեն օր աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ: Ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի կայունացնել իրավիճակը: Շատ ուրախ եմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի բավական լավ հոսք է նկատվում: Լեռնային Ղարաբաղի նախագահը դեռ 2 օր առաջ տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի 25000 բնակիչ արդեն վերադարձել է, և մենք վստահ ենք, որ մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծամասնությունը կվերադառնա: Մենք պատրաստվում ենք ստեղծել դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Շատ կարևոր է նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը նույնպես մտադիր է քայլեր ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձն իրենց տներ ապահովելու համար: Իհարկե, կան շատ տներ, որոնք ավիրվել են, և պետք է սկսել վերականգնողական աշխատանքներ: Բայց մեր նպատակը նախևառաջ ֆինանսական օպերատիվ օժանդակությամբ այդ մարդկանց ապահովելն է, ովքեր այդ միջոցների օգնությամբ կկարողանան կազմակերպել իրենց առաջնահերթ կարիքները՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու համար: Կարող եմ ասել՝ այժմ արդեն տեսանելի է, որ այդ գործընթացը ռեալ տեղի է ունենում: Եվ դա իսկապես լավ նորություն է:

ТАСС - Դուք ակնկալում եք նաև փախստականների վերադարձ իրենց տներ, որոնք գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած գյուղերում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շրջաններին, և մեր համատեղ հայտարարության մեջ նախատեսված է այդ մարդկանց վերադարձ իրենց տներ: Հենց այդ կետի մասով պետք է ստեղծել կոնկրետ մեխանիզմներ, անվտանգության կոնկրետ երաշխիքներ: Պետք է ապահովել և կազմակերպել այս ամբողջ գործընթացը: Եվ այդ գործընթացը պետք է դառնա բանակցային գործընթացի առաջնահերթությունը:

ТАСС - Ձեր թույլտվությամբ կցանկանայի վերադառնալ ներքաղաքական հարցերին: Բողոքական տրամադրությունները, որ մենք հիշատակեցինք, արդյոք կարո՞ղ են նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խափանման սպառնալիք լինել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չեմ կարծում: Որովհետև, իմ կարծիքով, հայ հասարակությունը համաձայն է նրա հետ, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է այդ փաստաթուղթը, ուրիշ իրական այլընտրանք չի եղել, որն ավելի լավը կլիներ մեզ համար: Այսինքն, իմ կարծիքով և համոզմամբ՝ հայ հասարակության մեջ ստորագրված փաստաթղթի ըմբռնումը հենց այսպիսին է: Այլ հարց է, որ մենք դեռ պետք է ամեն ինչ վերլուծենք, հասկանանք և պատասխանենք այն հարցերին, թե ինչու հենց այսպես տեղի ունեցավ, և ինչու մենք հասանք այս իրավիճակին: Բայց այդ պահին՝ նոյեմբերի 9-ի դրությամբ, այլընտրանք ուղղակի չկար, և կարծում եմ, որ հայ հասարակության մեջ առկա է իրավիճակի այդպիսի ընկալում:

ТАСС - Համատեղ հայտարարության մեջ խնդիր է դրված ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում: Կարելի՞ է արդյոք սա դիտարկել որպես ելակետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների աստիճանական կարգավորման համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, դա շատ կարևոր պահ է, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք պետք է կենտրոնանանք դրա վրա: Որովհետև երբ խոսում ենք տնտեսական իրավիճակի կայունացման մասին ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք: Ահա մենք խոսում ենք տնտեսական իրավիճակի մասին, որն ստեղծվել է Հայաստանում: Բայց պետք է արձանագրել, որ տնտեսական իրավիճակն այնքան էլ լավ չէ տարածաշրջանի բոլոր երկրներում և ողջ աշխարհում: Դա կապված է կորոնավիրուսի համավարակի հետ, այսինքն՝ դա գլոբալ խնդիր է, տարածաշրջանային խնդիր է:

Իհարկե, այն քաղաքական պայմանավորվածությունը, որ կա տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման առումով, կարող է ելակետ դառնալ մեր տարածաշրջանում ոչ միայն տնտեսական իրավիճակի, այլև տնտեսական զարգացման ողջ տրամաբանության փոփոխության համար: Եվ հուսով եմ՝ մեզ կհաջողվի կյանքի կոչել այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք արձանագրված են համատեղ հայտարարության մեջ: Մասնավորապես, նկատի ունեմ տնտեսական ենթակառուցվածքների, երկաթգծերի, ճանապարհների ապաշրջափակումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter