
Սփյուռքահայ գործարարը պահանջում է ստիպել ՊԵԿ քննիչին քննչական գործողություններ կատարել
Սփյուռքահայ ներդրողների դեմ Հայաստանում սկսված հետևողական արշավը շարունակվում է և ներդրումներ կատարող անձանց տանում դեպի սնանկացում: Տասնյակ ներդրողներից ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի բողոքն այսօր քննվեց Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում, իսկ դրանով վիճարկվում էր ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանի կողմից սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանին վերաբերող դատական մեկ այլ գործով դրսևորվող անգործությունը: ՊԵԿ քննիչը, թույլ տալով անգործություն և չիրականացնելով օրենքով իր վրա դրված պարտականությունները, այս պահին փաստորեն աջակցում է մեկ այլ հանցագործության ավարտմանը, որով շուտով գուցե ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին պարտավորեցնեն կեղծ փոխառության պայմանագրերով հաստատվող 2 մլն դոլարի հասնող գումար նվիրաբերել հայրենակից խարդախներին:
Սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը այսօր դատարան ներկայացված բողոքով պահանջեց վերականգնել Էդմոնդ Խուդյանի խախտված իրավունքները և օրինական շահերը` սահմանելով վերջինիս խախտված իրավունքներն ու օրինական շահերը վերականգնելու վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանի պարտականությունը, ով ի դեպ պատշաճ ծանուցվել էր, սակայն չէր էլ ներկայացել դատական նիստին:
Ինչպես բազմիցս մամուլով էլ հրապարակվել է, ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանի վարույթում է գտնվում «Արին Կապիտալ» ներդրումային» ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից կանխամտածված նյութերով սնանկության հատկանիշներ ստեղծելու փաստի առթիվ դեռ անցյալ տարվա մայիս ամսին հարուցված քրեական գործը: Դեռ անցյալ տարվա հոկտմբերին ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանը` դիմել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանին` խնդրելով իրեն ճանաչել տուճող, քանի որ «Արին Կապիտալ» ներդրումային» ՍՊ Ընկերության (որի 61.1 % բաժնեմասը պատկանում է իրեն) տնօրեն Էդուարդ Եսայանը երրորդ անձանց նկատմամբ Ընկերության պարտավորությունները կատարելու նպատակով կեղծել է թվով վեց փոխառության պայմանագրերում և հանձման-ընդունման ակտերում Էդմոնդ Խուդյանի ստորագրությունները, համաձայն որոնց նա Էդմոնդ Խուդյանին փոխառությամբ ընդհանուր առմամբ տվել է` 2.081.000 ԱՄՆ դոլար, որի արդյունքում էլ կեղծ փաստաթղթերի հիման վրա Էդմոնդ Խուդյանը պարտք է դարձել Ընկերությանը վերը նշված գումարը: Սակայն ՀՀ Կառավարությանն առընթեր ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանը որոշում է կայացրել հետաձգել Էդմոնդ Խուդյանի պահանջի լուծումն այդ քրեական գործով տուժող ճանաչելու մասին: ՊԵԿ քննիչը որոշել է, որ Էդմոնդ Խուդյանի կողմից ներկայացված պահանջում նշված փաստերը հիմնավորելու կամ հերքելու համար դեռևս անհրաժեշտ է կատարել բազմաթիվ քննչական գործողություններ, անհրաժեշտության դեպքում նշանակել փորձաքննություն և մասնագիտացված ստուգում, ստանալ դրա արդյունքները, որից հետո վերջնական գնահատական տալ Է. Եսայանի կողմից կատարված արարքներին: Եվ պարզվում է, անցած 6 ամիսները չեն բավականացրել քննիչին նշած մի քանի դատավարական գործողությունները կատարելու համար:
Իսկ այս պահի դրությամբ, թեև Էդմոնդ Խուդյանը պնդում է, որ ինչպես պայմանագրերում, այնպես էլ հանձնման-ընդունման ակտերում իր ստորագրությունները կեղծվել են, վերջինս պայմանագրերը կնքելու և հանձնման-ընդունման ակտերը կազմելու ժամանակահատվածում չի գտնվել Հայաստանում, հետևաբար` չէր կարող ստորագրել այդ պայմանագրերը և հանձնման-ընդունման ակտերը, այդ պնդումներին նախաքննության մարմինը կամ ականջ դնել չի ուզում, կամ նրան դա թույլ չեն տալիս: Այսինքն, Էդմոնդ Խուդյանի ստորագրությունները կեղծված լինելու փաստը հաստատելու կամ հերքելու համար վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր Էդմոնդ Խուդյանից որպես նմուշ վերցնել ստորագրություն և նշանակել ձեռագրաբանական փորձաքննություն: Սակայն Խուդյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանն այսօր դատարանին հայտնեց, որ վարույթն իրականացնող մարմինը ավելի քան 10 ամիս է Էդմոնդ Խուդյանից որպես նմուշ չի վերցրել, որևէ ստորագրություն, չի հարցաքննել ոչ Էդուարդ Եսայանին և ոչ էլ Էդմոնդ Խուդյանին:
Այսինքն, սփյուռքահայի գործարարի ներկայացուցչի խոսքով, ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանը` թույլ տալով անգործություն և չիրականացնելով օրենքով իր վրա դրված պարտականությունները, այս պահին փաստորեն աջակցում է մեկ այլ հանցագործության ավարտմանը, քանի որ դատարանում այս պահին մեկ այլ գործով Խուդյանին պարտավորեցնում են վերադարձնել նշված փոխառության պայմանագրերով հաստատվող 2 մլն դոլարի հասնող գումարը: Իսկ քանի դեռ քննիչը չի փորձում պարզել, որ այդ պայմանագրերը կեղծ են, մյուս գործով դատարանը գուցե շուտով վճիռ կայացնի և Խուդյանին պարտավորեցնի կրկին խոշոր չափերի գումար նվիրաբերել հայրենակից խարդախներին:
Ուզում ենք նաև հայտնել, որ դատարաններում սփյուռքահայ գործարարների գործերով շարունակական անտրամաբանական քաշքշուքներից հետո վերջապես մի դրական առաջընթաց է գրանցվել: Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բավարարել է ՊԵԿ քննիչի կողմից դրսևորվող անգործության վերաբերյալ սփյուռքահայ գործարարի ներկայացուցչի բողոքը և ցուցում տվել ՊԵԿ քննիչ Տիգրան Հարությունյանին քննչական գործողություններ իրականացնել:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ
Մեկնաբանել