HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գլխավոր շտաբը մտադիր է ռազմական դրությունը չեղարկելուց անմիջապես հետո եռամսյա վարժական հավաքներ անցկացնել

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ռազմական դրության իրավական ռեժիմը» չեղարկելու նախագծին: Նոյեմբերի 26-ին այս օրակարգով արտահերթ նիստ է հրավիրվել:

Նախագիծը ներկայացնող Գևորգ Գորգիսյանի խոսքով` այժմ չկան ռազմական գործողություններ, հետևաբար անիմաստ է այս ռեժիմը, որն անդրադառնում է ոչ միայն խոսքի ազատության, ազատ տեղաշարժի, հանրահավաքների սահմանափակման վրա, այլ նաև տնտեսական հետևանքներ է ունենում: Գորգիսյանը խոսեց երկքաղաքացիների խնդրի մասին, որոնք այս պահին Հայաստանը չեն կարող լքել և մեկնել օրինակ արտագնա աշխատանքի:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե արդյոք նախագծի հեղինակները խորհրդակցե՞լ են պաշտպանության նախարարության հետ, թե այս ծավալով ռազմական դրությունը չեղարկելն ինչ հետևանքներ կարող է առաջացնել, և արդյոք հնարավո՞ր չէր չեղարկել որոշ դրույթներ: Գորգիսյանն արձագանքեց` խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեռ նոյեմբերի 10-ին հանդիպել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ և վերջինս յոթ օր ժամանակ էր խնդրել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն էլ ասաց, որ մոբիլիցազիայի հետևանքով շատ զորամասերում դեռ կան քաղաքացիներ, որոնք ոչ մի անելիք չունեն, սակայն ստիպված են այնտեղ մնալ: Պատգամավորի խոսքով` վերջիններս ոչ միայն տնտեսության մեջ որևէ արժեք չեն գեներացնում, դեռ ավելին` պետությունն է գումար ծախսում այդ մարդկանց այնտեղ պահելով:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշեց, որ ռազմական դրության միանգամից չեղարկումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Փոխնախարարը հիշեցրեց, որ կառավարությունը համապատասխան որոշմամբ հնարավորություն է ընձեռել քաղաքացիներին և կազմակերպություններին դեղորայք, սարքավորումներ ներմուծել Հայաստան  և որպես հումանիտար օգնություն՝ նվիրաբերել պետությանը:

Քննարկմանը ներկա էր նաև զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ Ալբերտ Բաղդասարյանը, որի խոսքով կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է հաշվի առնել ռազմական դրության իրավական ռեժիմը չեղարկելիս:

«Խնդիր ունենք սահմանների պահպանության հետ կապված, մեր անձնակազմն այսօրվա դրությամբ հոգնած է: 44 օր մարտական գործողություններից հետո խնդիրներ ունի հանգստանալու, վերականգնվելու: Այսօրվա դրությամբ ծնողների բողոքները տեղին են, թե ինչպես է կազմակերպվելու մեր երեխաների հանգիստը, հերթափոխը»,-ասաց գլխավոր շտաբի ներկայացուցիչը:

Ալբերտ Բաղդասարյանի խոսքով` Հայաստանի սահմանային շուրջ 520 կմ տարածքի պահպանության խնդիր կա, որն էլ պետք է իրականացնի զինված ուժերը:

Ըստ նրա` ռազմական դրությունը չեղարկելը շատ հեշտ է, և հասկանալի է` սպասելի հանրության համար, սակայն գլխավոր խնդիրն այն է, թե այդ դեպքում սահմաններում ծառայությունն ինչպես է կազմակերպվելու:

Նրա համոզմամբ` եթե հնարավոր է այժմ կազմակերպել զորահավաքային զորակոչ և իրականացնել սահմանների պահպանություն, ապա զինված ուժերը խնդիր չեն տեսնում ռազմական դրությունը չեղարկելու համար:

«Նախագծեր ենք նախաձեռնել, որպեսզի ռազմական դրությունը վերացնելուց հետո զորահավաքային զորակոչով զորակոչվածների ծառայությունից զորացրում կազմակերպվի մեկ ամսվա ընթացքում, փուլային տաբերակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմաններում որոշակի անձնակազմ պետք է ունենանք, որ կարողանանք ապահովել Հայաստանի անվտանգությունը: Հենց թողնում ենք առաջնագիծը, հակառակորդը գալիս և մտնում է, դրա համար մարդ պետք է ունենանք հենակետերում»,- ասաց նա:

Բաղդասարյանի խոսքով` գլխավոր շտաբն առաջարկում է եռամսյա վարժական հավաքներ իրականացնել և կազմակերպել սահմանային ծառայությունը` մինչ զինված ուժերը կկազմավորվեն նոր կառուցվածքով և կիրականացնեն սահմանային ծառայություն: Ալբերտ Բաղդասարյանի ներկայացմամբ` շտաբի դիրքորորումն է, որ եթե չեղարկվում է ռազմական դրությունը, ապա անմիջապես ընդունվում է որոշում եռամյսա վարժական հավաքներ իրականացնելու մասին:

Գևորգ Գորգիսյանն արձագանքեց` ստացվում է ռազմական դրությունն այժմ չեն կարող չեղարկել, քանի որ Կառավարությունն արդեն երկու շաբաթ անգործության է մատնված, և այդ որոշումները չի ընդունել: Նախագիծը դրվեց քվեարկության և չընդունվեց:

Տեղեկացնենք, որ անկախ այն հանգամանքից, որ գլխադասային հանձնաժողովը չի տվել դրական եզրակացություն, միևնույն է, վաղն արտահերթ նիստ կարող է գումարվել, սակայն բացառված չէ, որ «Իմ քայլը» խմբակցությունը նիստին չներկայանա, և քվորում չապահովվի: Հիշեցնենք նաև, որ ռազմական դրության իրավական ռեժիմով պայմանավորված` մինչև 55 տարեկան տղամարդկանց (բացառությամբ որոշակի մասնագիտությունների) պետությունից ելքն արգելված է:

Լուսանկարում` զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter