
Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան
Բուենոս Այրեսում 60 տարեկան հասակում մահացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան: Արգենտինացի նախկին ֆուտբոլիստը մահացել է սեփական տանը սրտի կաթվածից: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Մարադոնայի ներկայացուցիչներին և ընտանիքի անդամներին:
Արգենտինական Ole պարբերականն էլ հայտնել է, որ Մարադոնայի ինքնազգացողությունը վատացել է իր սեփական տանը, որտեղ վերականգնվում էր գլխուղեղի վիրահատությունից հետո:
Մարադոնան հոկտեմբերի վերջին հիվանդանոց էր տեղափոխվել բժշկական հետազոտություն անցնելու համար և այնտեղից դուրս էր գրվել նոյեմբերի 12-ին:
Արդեն այսօր արգենտինական լրատվամիջոցները գրել էին, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, սակայն ի վերջո բժիշկներին չհաջողվեց փրկել Մարադոնայի կյանքը:
Դիեգո Մարադոնան ծնվել էր 1960 թվականի հոկտեմբերի 30-ին Բուենոս Այրեսի մոտակայքում գտնվող Լանուս քաղաքում: Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի ակումբների կազմում, ինչպիսիք են «Բոկա Խունիորսը», «Բարսելոնան», «Նապոլին», «Սևիլիան»:
Մարադոնայի կարիերայի գլխավոր տիտղոսը միանշանակ կարելի է համարել 1986 թվականին Արգենտինայի հավաքականի հետ նվաճած աշխարհի չեմպիոնի գավաթը: Բացի այդ, նրա հաշվին կան նաև անհատական բազմաթիվ մրցանակներ:
Դիեգո Մարադոնան համարվում է 20-րդ դարի և ընդհանրապես ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկը:
Լուսանկարում՝ Դիեգո Մարադոնան 1986թ. նվաճած աշխարհի գավաթով
Մեկնաբանել