
Աշխարհում ահաբեկչություններից զոհերի թիվը հինգերորդ տարին շարունակ նվազում է
Ամբողջ աշխարհում ահաբեկչություններից զոհերի թիվը հինգերորդ տարին շարունակ նվազում է։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն՝ հղում անելով Ահաբեկչության գլոբալ ինդեքսին, որը հրապարակվել է նոյեմբերի 25-ին, Լոնդոնում։ 2019 թվականին ահաբեկչությունների արդյունքում զոհվել է 13 936 մարդ, ինչը 15 %-ով ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ։
Զեկույցում նշվում է, որ ահաբեկչության գլխավոր պատճառը մնում են զինված հակամարտությունները։ Ընդորում, իրավիճակը էականորեն բարելավվել է Աֆղանստանում և Նիգերիայում։ Սա պայմանավորված է նրանով, որ «Իսլամական պետություն» և «Աշ-Շաբաբ» արմատական խմբավորումները հայտնվել են խիստ ճնշումների ներքո։
Միևնույն ժամանակ Աֆղանստանը և Նիգերիան միակ երկրներն են, որտեղ ահաբեկչությունից զոհերի թիվը գերազանցում է 1000-ը։ Ընդհանուր առմամբ, փորձագետների գնահատականներով, իրավիճակը բարելավվել է 103 երկրներում։
Համաձայն Ահաբեկչության գլոբալ ինդեքսի՝ 2019 թվականի դրությամբ ամենամահաբեր ահաբեկչական կազմակերպությունը համարվում է «Թալիբան» իսլամական արմատական շարժումը։ Զուգահեռաբար թալիբների հարձակումները կրճատվել են 18 %-ով։ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն ազդեցությունը նույնպես կրճատվել է։ Առաջին անգամ այս կազմակերպության հարձակումների ընթացքում զոհերի թիվը չի գերազանցել 1000-ը։
Զեկույցի հեղինակները նշում են, որ Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում և Օվկիանայում վերջին հինգ տարիներիին աջ ծայրահեղական քաղաքական ահաբեկչության վտանգն աճել է 250 %-ով։ 2019 թվականի ընթացքում աջ ծայրահեղական ահաբեկչության զոհերի թիվը հասել է 89-ի։
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ ահաբեկչություններից զոհերի թվի կրճատումը մասամբ պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով։ Սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական անկումը կարող է հանգեցնել քաղաքական անկայունության և բռնության աճին։
Լուսանկարը՝ Valery Hache/AFP
Մեկնաբանել