HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Նկարչություն, խեցեգործություն, կրթական խաղեր. արտադասարանական պարապմունքներ Արցախի երեխաների համար

Նարեկ Ադամյանն արդեն մեկ ամիս է՝ կամավորների հետ Արցախից եկած երեխաների համար արտադասարանական կրթության տարբեր դասընթացներ է կազմակերպում. նկարչություն, հելյունագործություն, լուսանկարչություն, խոհարարություն։ Գաղափարն առաջացել է, երբ երիտասարդ կամավորներով որոշել են Արցախից Հայաստանի տարբեր բնակավայրերում հաստատված մարդկանց սոցիալական աջակցություն տրամադրել, հետագայում ուշադրությունը կենտրոնացրել են երեխաների վրա՝ փորձելով որեւէ ձեւով փոխել նրանց առօրյան։

Դասընթացներին մասնակցել է 40 երեխա՝ 2-19 տարեկան։ Նրանք հիմնականում Մարտունու, Մարտակերտի, Ստեփանակերտի շրջաններից են։ Պարապմունքներն անց են կացնում «Լոֆթ» կենտրոնում։ Նարեկը ասում է՝ երեխաները ոգեւորությամբ են հաճախում։ Վերջինս «Ապագա սերնդի զարգացում» ՀԿ-ի հիմնադիրն է։

«Ամենաշատը խոհանոցի դասերին են ոգեւորվում։ Ամեն անգամ մի նոր բան են իրենց ձեռքով պատրաստում եւ հետո ուտում։ Խոհարարության մասնագետ չունենք, ես եմ իրենց հետ աշխատում, իսկ մնացած դասընթացները փորձ ունեցող մասնագետներ կամ բարձր կուրսի ուսանողներ են անցկացնում»,- ասում է նախաձեռնության հեղինակը։

Նկարիչ-խեցեգործ Արեւիկ Առաքելյանը նկարչության եւ կավագործության ուսուցիչն է, նրա խոսքով՝ կավագործությունն ու նկարչությունը արտ-թերապիայի միջոց են, որոնք ցրում են միտքը, վանում վատ էներգետիկան, բացի այդ՝ զարգացնում մանր մոտորիկան։ Նա կարեւորում է այս հմտությունների զարգացումը հարազատներին կորցրած կամ տնից ու ընկերներից հեռացած երեխաների համար։

Արցախից եկած երեխաների հետ պատերազմի առաջին օրերից աշխատել է, հետո՝ ընդունել Նարեկ Ադամյանի հրավերը։

Նկարելու, ձեռքի աշխատանքի, կավագործության ընթացքում չեն խոսում պատերազմի մասին, քանի որ կտրուկ հարցերը կարող են բորբոքել երեխաներին։ «Ես փորձում եմ իրենց տեղափոխել մի դաշտ, որն իրենց հետաքրքիր է, օրինակ՝ ծառ, որի վրա սիրված բաներն են աճում կամ տիեզերք նկարել, իսկ կավով՝ պատկերել սիրած մուլտհերոսներին»,- ասում է նկարիչը։

Երեխաների սոցիալականացման կարիք կա

Արտադասարանական կրթության վերաբերյալ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւս հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նախարարությունը համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների, զարգացման ու ռեսուրս-կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների հետ։ Այդպիսի կառույցները գործում են ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում։

«Կազա» հիմնադրամի Գյումրու կենտրոնի աշխատակից Ռուզաննա Բալոյանի կարծիքով՝ Արցախից եկած երեխաները սոցիալականացման խնդիր ունեն, ուստի կազմակերպված պարապմունքներն ու հանդիպումներն անցկացնում են գյումրեցի երեխաների հետ համատեղ։ Հիմնադրամը Գյումրիում աջակցում է 55 ընտանիքի, 20-25 երեխա հաճախում է հանդիպումների, որի ընթացքում եւ' ֆիզիկական, եւ' մտավոր խաղեր են կազմակերպում, այցելում պատմամշակութային վայրեր։

«Երբ ասում ենք կրթություն, միանգամից հասկանում են ակադեմիական կրթությունը, իսկ դա միակողմանի է, բայց այսօր երեխաներն ունեն կյանքի հմտություններին տիրապետելու, սոցիալականացման կարիք, զգացմունքների, էմոցիաների մասին խոսելու կարիք, սա ամենամեծ օգնությունը կլինի, որը կցուցաբերենք»,- նշեց «Կազա» հիմնադրամի Գյումրու կենտրոնի երեխաների եւ դեռահասաների զարգացման ծրագրի համակարգող Ռուզաննա Բալոյանը։

Խաղաղության լիճ. Կավե ջրաշուշաններ՝ արցախցի երեխաների ձեռքերով

«Կավն արտահայտչամիջոց է, որով մարդ կարողանում է իր ներսում կուտակվածը դուրս հանել, բավականին օգնում է սթրեսից հեռանալ, ասում են՝ եթե կարողանում ես կամաց-կամաց հեռանալ, ապա հետո քեզ վրա աշխատելով՝ կարողանում ես ազատվել։ Այդ միջոցով կարող եք շատ բաներ հաղթահարել»,- ասում է «Terracotta» ստուդիայի հիմնադիր-տնօրեն Նանա Մանուչարյանը։

Ստուդիայի աշխատակիցները ռազմական գործողությունների սկսվեուց ի վեր այցելել են եւ հյուրընկալել Արցախից եկած շուրջ 500 երեխայի, նրանց համար կավագործության, խեցեգործության դասեր անցկացրել։ Այցելել են մարզեր, եղել հյուրատներում, տարբեր կենտրոններում, աշխատանքն այս պահին էլ շարունակում են, սակայն փորձում են ավելի համակարգված աշխատել՝ ունենալով հիմնական սաներ, որոնք շաբաթական մի քանի անգամ հաճախում են դասի։

Նանան թիմակիցների հետ որոշել է մի այնպիսի խճանկար ստեղծել, որը պատրաստված կլինի ստուդիայի աշխատողների եւ երեխաների ձեռքերով. առաջացել է «Խաղաղության լիճ» խճանկար ստեղծելու գաղափարը։ Ամեն երեխա կավից մի ջրաշուշան է պատրաստում, որն էլ ամրացնում են ստուդիայի պատերից մեկին։ Նախաձեռնությանը մասնակցել է շուրջ 300 երեխա։ Աշխատանքը դեռեւս ավարտված չէ։

Որպեսզի մարզերում գտնվող երեխաները եւս մասնակցեն կավագործության դասերին, որոշել են հեռավար դասեր կազմակերպել շուրջ 1500 երեխայի համար, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցելով` անհրաժեշտ պարագաներով փաթեթներն են պատրաստում, որոնք շուտով կուղարկեն մարզեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter