HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Արցախի ինտերնետ կապուղիներից մեկը վնասված է, մյուսը Ադրբեջանի հսկողության տակ է

Արցախում հեռահաղորդակցության խնդրի վերաբերյալ «Հետք»-ի հարցերին պատասխանում է «Ղ-Տելեկոմ» ընկերության փոխտնօրեն Մխիթար Միրզոյանը։

-Պարոն Միրզոյան, ինպե՞ս է այսօր Արցախում հեռահաղորդակցության վիճակը։

-Բջջային կապը կա։ Խնդիրներ կան ինտերնետի հետ, որովհետև հիմնական գիծը Վարդենիս-Ստեփանակերտով էր, դա չկա։ Քարվաճառի շրջանն անցավ Ադրբեջանին։ Այս մյուս կողմով էլ, գիտեք, որ Շուշիում թեժ մարտեր են եղել, մալուխը կտրված է։ Դրա համար ինտերնետի հետ խնդիր ունենք, մալուխը պետք է վերականգնենք ու դրանից հետո կարող ենք նորմալ կապ ապահովել։ Աշխատում ենք մալուխը վերականգնենք։

-Ինչպե՞ս է ստացվում, որ Ազգային ժողովում, կառավարությունում ինտերնետ հասանելիություն կա, նորմալ է, իսկ բնակչությունը չունի ինտերնետ։

-Ոչ թե նորմալ է, այլ ինտերնետ ռադիոռելեային գծով ունենք, որը շատ սահմանափակ է։ Եթե դրանով 100 մեգաբայթ արագությամբ ինտերնետ կա, դա չի կարող բոլորին սպասարկել։ Այսինքն, տրամադրվում է այն հիմնարկներին, որոնք պետք է ապահովեն պետության նորմալ աշխատանքը։ Ոչ թե կառավորությանն է տրամադրված, այլ սոցիալական ապահովությանը, որովհետև առաջնահերթ իրենց ենք տրամադրում, որ կարողանան թոշակներ, աշխատավարձ վճարել, ֆինանսների նախարարությունն է ստանում։ Կարող են բոլորին ապահովել, բայց այդ ծավալը բնակչությանը տրամադրելով՝ իրենք ոչ մի բան չեն կարող անել, թույլ է կապը։

-Եթե Շուշիի հատվածով անցնող մալուխը վերականգնվի, ինտերնետի ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնելու է ա՞յդ կապուղու վրա, բավարա՞ր է լինելու մեկ կապուղին, թե՞ նոր կապուղու հարց պետք է լուծվի։

-Դա զանգերի տեսանկյունից բավարար է լինելու, ինտերնետն էլ։ 

-Եթե աշխարհագրորեն նայենք, Շուշիի կապուղին վնասվելու ռիսկ ունի, թե՞ ոչ։ Այսինքն, ադրբեջանցիները վերահսկողություն ունե՞ն մեր այդ կապուղու նկատմամբ։

-Նույնը կարող եք հարցնել՝ մարդկանց տեղափոխումը Սեփանակերտ Շուշիով ռիսկային է, թե՞ ոչ։ Եթե պատասխան ունեք, նույն պատասխանը կարող եք այդ հարցի համար նշել։ Եթե մեքենան Ստեփանակերտից դուս եկավ և հասավ Գորիս, իրենք [խաղաղապահները] ապահովում են, որ նորմալ տեղ հասնեն, ուրեմն մալուխն էլ կարող են ապահովել։ Այդ հարցը, ինձ թվում է, պետք է ուղղեք ռուս խաղաղապահներին։ Անվտանգության հարցին ո'չ ես, ո'չ էլ ուրիշ մեկը չի կարող պատասխանել։ 

-Հեռախոսն ու բջջային կապը, ասում եք, նորմալ է։

-Այո, ոչ մի խնդիր չունենք, ինտերնետի վրա էլ աշխատում ենք։

-Հայաստանից Արցախ բջջայինով կապով խոսել միշտ չէ, որ հաջողվում է։ Դա ինչպե՞ս եք բացատրում։ 

Ծանրաբեռնված է, մարդիկ շատ են զանգում։ Հիմա անվճար է։ Հիմա մենք երկար խոսում ենք, սովորաբար մարդիկ խոսում են 2-3 րոպե, իսկ հիմա, քանի որ անվճար է, մարդիկ զանգում են ու էլ չեն անջատում։ Ծանրաբեռնվածությունն էլ լուրջ խնդիր է, տեսնենք՝ ինչպես ենք այդ հարցը լուծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter