HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Պատերազմից հետո էլ Գյումրու Հայորդաց տանն ու Երիտասարդական պալատում արցախցիներին աջակցության ծրագրեր են իրականացվում

Գյումրու Հայորդաց տան նախասարհում 44 օր տեւած եռուզեռը դադարել է. անսովոր լռություն է: Չկան արկղերում սնունդ եւ հագուստ դասավորող կամավորները, անկյուններում կուտակված, աչքի համար արդեն սովորական դարձած ջրի տարաները, հագուստը, անկողնային պարագաները, բահերն ու քլունգները: Թվում է, թե կյանքը վերադարձել է սովորական հուն, ձեռքի մեկ շարժումով ամեն ոք անցել է իր առօրյա աշխատանքին, բայց միայն թվում է: Հայորդաց տան խմբակների որոշ մասը վերսկսել է իր գործունեությունը: Երգչախմբի մեծ դասասենյակն առայժմ չի վերադարձվել «տերերին»՝ այստեղ շարունակում են հումանիտար աջակցության արկղերի հավաքումը: Միջանցքի պատուհանից նկատում եմ հետնաբակում հավաքած ու դեռ սահման չհասցրած անվադողերի մեծ կույտը:

«Դա թվացյալ վերադարձ է նախկին առօրյային, թվացյալ, քանզի այլեւս ոչինչ չի կարող նախկինի պես լինել,-նկատում է Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը,-այո, նոյեմբերի 10-ից հետո դադարեցինք զբաղվել նրանով, ինչով զբաղվում էինք սեպտեմբերի 27-ից սկսած՝ հավաքելով եւ առաջնագիծ բեռներ ուղարկելով, սակայն դա չի նշանակում, թե հիմա ձեռքներս ծալած նստած ենք, պարզապես աջակցության ուղղվածությունն է փոխվել: Հիմա փորձում ենք օգնել Արցախից տեղափոխված ընտանիքներին՝ գտնելու հարմար տներ բնակության համար, հենց էս պահին բազմանդամ ընտանիքներին սննդի որոշակի պաշար ենք տրամադրում ու այդ ամենը՝ սրտացավ մարդկանց օգնությամբ»:

«2016թ.-ի ապրիլյան քառօրյայից կար փորձը մարդկանց համախմբելու, հումանիտար օգնությունն առաջնագիծ հասցնելու: Նոր պատերազմի լուրն առնելուն պես համացանցում գրել եմ, թե սկսում ենք առաջնագծի համար անհրաժեշտ իրեր հավաքել եւ շատ արագ արձագանք եմ ստացել,-շարունակում է զրույցը Աստղիկը,-2 օրից ստեղծվեց «Ես Արցախն եմ՝ Շիրակ» նախաձեռնությունը, որը միավորեց երեք խոշոր կետերում գործող կազմակերպություններին: Մարզպետարանի հետ համագործակցությամբ հնարավոր եղավ աշխատանքն այնպես բաշխել, որ տարերայնություն չլիներ ու մարդկանց էլ կարողանայինք ուղղորդել, քանի որ առաջնագծի համար հավաքագրվող ապրանքներին զուգահեռ իրականացվում էր Արցախից տարհանված ընտանիքներին օգնության տրամադրում»:

Միայն Գյումրու Հայորդաց տնից 42 բեռնատար՝ բեռնված անհրաժեշտ իրերով, ուղեւորվել է առաջնագիծ՝ եղել է 1700 անուն խառը ապրանք: Աստղիկ Եդիգարյանը թվարկում է պատերազմի օրերին հավաքածը՝ 600 արկղ դեղորայք, 1963 զինվորական հագուստ, 547 արկղ քաղաքացիական հագուստ, 2630 տոննա հումանիտար սնունդ, 52.000 լիտր ջուր, հյութ, 12425 միավոր հիգիենիկ պարագաներ, 2690 լիտր վառելիք, 10 657 տարբեր նշանակության զինվորական պարագաներ եւ այլն: Կենտրոնում հերթափոխով աշխատել է 101 կամավոր: Գումար չի հավաքվել, շեշտը դրվել է կամավոր աջակցության վրա: Բացառություն է եղել «Ես Արցախն եմ՝ Շիրակ» նախաձեռնության կազմակերպիչներից Արմեն Գոմցյանի, որն ապրում է ԱՄՆ-ում եւ նրա ընկերների հավաքած գումարը՝ 15 հազար ԱՄՆ դոլար, որն ուղղվել է ընտանիքների համար սնունդ ձեռք բերելուն: Աջակցություն է ստացել 45 ընտանիք:

«Ես միշտ էլ կողմ եմ եղել թիմային աշխատանքին,-ասում է Աստղիկը,-մեր պարտությունների գլխավոր պատճառը, ցավոք, ես-երի գերակշռումն է, մենք-ի ձգտումն է շատ քիչ: Մեր պարագայում, իհարկե, բոլորս դարձանք «մենք»՝ հանուն պատերազմի դաշտում կռվող զինվորի: Մենք հավաքած ամբողջ օգնությունը չտվեցինք որեւէ մեկին պահեստավորման, այլ, ինչպես նախորդ անգամ, մեր վարորդներն ուղիղ տարան սահման, տվեցին տղաներին, այս առումով գոնե խիղճներս հանգիստ է, որ ինչ ուղարկել ենք, հասել է տեղ: Հիմա զբաղված ենք արցախցի էն ընտանիքներով, որոնց բնակավայրերն անցել են թշնամուն եւ իրենք վերադառնալու տեղ չունեն: Փորձում ենք դրսի մեր ընկերների օգնությամբ Գյումրիում տներ վարձելու հարցը կարգավորել»:

Գյումրիում գործող մեկ այլ կառույցում՝ Երիտասարդական պալատում, հումանիտար օգնության արկղերի թիվը պակասել է, սակայն որոշակի քանակություն դեռ պահպանվում է: Հոկտեմբերի սկզբին այստեղ սկսեցին կենտրոնացնել տները հապճեպ լքած արցախցիների համար հավաքագրվող հագուստը: «Մինչեւ այս պահը հագուստ ենք բաշխել 220 ընտանիքի,-ասում է պալատի տնօրեն Լիլիթ Մակարյանը,-սկզբում հավաքագրումը տարերային բնույթ էր կրում, բերում էին անհատները, կազմակերպություններ, մարդ կար՝ բերում էր 10 զույգ գուլպա, մարդ էլ կար, ասենք, մի 3 արկղ հագուստ էր բերում: Հիմնականում օգտագործված հագուստ ու կոշիկներ էին, որոշ խանութներից բերել են նաեւ նոր ապրանք: Հետո մարզպետարանում որոշեցին, որ թիվ 30 դպրոցում եւ Հայորդաց տանը կուտակված հագուստն ամբողջովին ուղղորդվի մեր մոտ: Մեծ խմբաքանակ ստացել ենք Հայորդաց տնից՝ 682 արկղ հագուստ ու կոշիկ, որոնք տեսակավորել են մեր կամավորները, հետո նոր իրականացրել ենք բաշխումը»:

Հաջորդ մեծ խմբաքանակը, որ մարզպետարանի միջնորդությամբ ԱԻՆ-ից ուղարկվել է Երիտասարդական պալատ, եղել է 219 արկղ եւ 182 պարկ հագուստ՝ ուղարկված ՌԴ Սարատով քաղաքից: «Մի քանի տոպրակներ են եղել, որոնց վրա գրված է եղել Թեհրան, դրանից ենթադրում ենք, որ մեր այնտեղի հայ համայնքի աջակցությունն է,-նշում է  Լիլիթը,-Գյումրիում եւ հարակից գյուղերում տեղավորված մեր հայրենակիցներին փորձել ենք որքան հնարավոր է օգնել, ամեն ընտանիքը 2-3 անգամ այցելել է, վերցրել են ինչ իրենց հարկավոր է: Մեր մոտ չի եղել սնունդ, դեղորայք, եղել են անհատական դեպքեր, երբ ուղարկվել է զինվորի ծանրոց: Մենք հիմնականում աշխատել եւ հիմա էլ աշխատում ենք ընտանիքների հետ, փորձում ենք հնարավորինս բավարարել արցախցիների հագուստի հետ կապված կարիքները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter