HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայում դպրոցականները կասկածվում են Սամյուել Պատիի սպանության մասնակցության մեջ

Ֆրանսիայում նոյեմբերի 26-ին հետաքննություն է սկսվել ևս երեք դպրոցականների նկատմամբ, որոնք կասկածվում են ուսուցիչ Սամյուել Պատիի մարդասպանի հնարավոր համախոհը լինելու մեջ։ Վերջինս սպանվել էր այն պատճառով, որ դասի ժամանակ ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ 

Հետաքննությունը կարծում է, որ հենց այդ անչափահասներն են մարդասպանին մատնանշել ուսուցչի վրա։ Եվս մեկ դպրոցական էլ կասկածվում է Պատիի վերաբերյալ միտումնավոր կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ։ Ֆրանսիական AFP գործակալության տվյալներով՝ խոսքը  տղամարդկանցից մեկի դստեր մասին է, որն ակտիվորեն համացանցում ատելության արշավ է իրականացրել Պատիի նկատմամբ։ Նրանցով հետաքննությունը սկսել է զբաղվել արդեն հոկտեմբերից։

Ընդհանուր առմամբ, ներկայումս Սամյուել Պատիի սպանության շրջանակներում հետաքննություն է իրականացվում 14 մարդու նկատմամբ, այդ թվում` անչափահասների։

Պատմության, աշխարհագրության և հասարակագիտության 47-ամյա ուսուցիչ Սամյուել Պատին այս տարվա հոկտեմբերի 16-ին դաժանորեն սպանվել էր Փարիզի արվարձաններից մեկում։ Մարդասպանը ծնունդով Չեչնիայից էր։ Ֆրանսիական իշխանությունների տվյալներով՝ ահաբեկչություն որակված հանցագործությունը, որը երկրում հանրային մեծ արձագանքի էր արժանացել, իրականացվել է իսլամիստական հողի վրա։ Խոսելով խոսքի ազատության մասին՝ Պատին իր աշակերտներին ցույց է տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, որը հրապարակվել էր Charlie Hebdo ամսագրում։ Պատրաստվելով հարձակվել ուսուցչի վրա՝ ծնունդով Չեչնիայից 18-ամյա երիտասարդը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ իր գործողության մոտիվը հենց այդ ծաղրանկարներն են։

Մեկնաբանելով ուսուցչի սպանությունը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ իսլամը գտնվում է ճգնաժամի մեջ, իսկ Պատին «լուռ հերոս է և հանրապետության մարմնավորումը»։ «Մենք չենք հրաժարվի ծաղրանկարներից և պատկերներից»,- հավելել է Մակրոնը։ 

Մակրոնի հենց այս և նմանատիպ այլ արտահայտությունները Թուրքիայում և մուսուլմանական մի շարք այլ երկրներում հակաֆրանսիական ցույցերի ալիք էր բարձրացրել։ Ընդ որում, ցուցարարները Մակրոնին մեղադրում էին մուսուլմանների նկատմամբ ատելության և նույնիսկ ռասիզմի մեջ։ Նոյեմբերի 4-ին, Financial Times պարբերականում հրապարակված իր նամակում, Էմանուել Մակրոնն ընդգծել էր, որ Ֆրանսիան նույնքան աշխարհիկ պետություն է մուսուլմանների համար, որքան և քրիստոնյաների, հուդայականների, բուդիստների և մյուս հավատացյալների համար։

Լուսանկարը՝ Baziz Chibane-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter