HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել 337 մարդ. բոլորը 2016 թվականի հեղաշրջման փորձի մասնակիցներ են

Թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել միանգամից 337 մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 4 տարի առաջ` 2016 թվականին իշխանությունից տապալելու փորձի համար։ Այդ մասին գրում է BBC-ն։ 

Ընդհանուր առմամբ, իշխանության զավթման փորձի և նախագահ Էրդողանի դեմ մահափորձ կազմակերպելու համար, դատարանի առաջ կանգնել է գրեթե 500 մարդ, այդ թվում` 25 գեներալ և 10 քաղաքացիական անձ։ 475 մեղադրյալներ այս կամ այն կերպ կապ են ունեցել Անկարայի մոտ գտնվող Աքընջը ավիաբազայի հետ, որտեղ չհաջողված հեղաշրջման փորձի ժամանակ տեղի են ունեցել հիմնական իրադարձությունները։ 337 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման, որոնցից 14-ը (10 ռազմական օդաչու և չորս քաղաքացիական անձ) իրենց պատիժը կկրեն ուժեղացված ռեժիմով բանտերում։

Դատավարությունն ընթանում էր 2017 թվականի հուլիսի վերջից՝ Անկարայի արվարձաններից մեկում գտնվող Սինջան բանտային համալիրի տարածքում։ Այնտեղ առանձնացվել էր մինչև 1500 մարդ տեղավորող սրահ։ 

Վեց մարդ հեռակա է դատապարտվել, այդ թվում` ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բնակվող, 79-ամյա իսլամական աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենը և աստվածաբանության դասախոս Ադիլ Օքսյուզը։ Պաշտոնական Անկարայի կարծիքով՝ նրանք են կանգնած եղել չկայացած հեղաշրջման փորձի հետևում։ Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Աքըն Օզթյուրքն էլ դեռ նախորդ տարի էր դատապարտվել ցմահ ազատազրկման։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին դավադիրները գրավել էին Աքընջը ավիաբազան՝ այնտեղ առկա F-16 կործանիչների հետ միասին, ինչպես նաև գերեվարել գլխավոր շտաբի պետ Հյուլուսի Աքարին։ Նրանք հայտարարել էին, որ իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, որպեսզի «վերականգնվի սահմանադրական կարգը, մարդու իրավունքներն ու ազատությունները»։

Ստամբուլի և Անկարայի փողոցներում հայտնվել էին զինված զինծառայողներ և տանկեր։ Ընդունված է համարել, որ զինվորականների գործողությունների մոտիվը եղել է Էրդողանի անձնական իշխանության ուժեղացման նկատմամբ դժգոհությունը և նրա կողմից վարվող իսլամացման քաղաքականությունը։ Թուրքական բանակը պատմականորեն համարվել է Թուրքիայում աշխարհիկության պահպանման հիմնական հենարանը։

Դավադիրները չեն կարողացել գերեվարել Մարմարիսում իր արձակուրդն անցկացնող Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա մեկնել է Ստամբուլ և հեռուստատեսությամբ դիմել ժողովրդին։ Քաղաքների փողոցներ են դուրս եկել Էրդողանի աջակիցները, որոնք որոշ քաղաքներում ընդհարվել են զինվորականների հետ։

Աքընջը ավիաբազայից F-16 ինքնաթիռները երեք անգամ հրետակոծել են Թուրքիայի խորհրդարանի շենքը, ինչպես նաև նախագահական նստավայրին հարակից ավտոճանապարհը, հատուկ նշանակության ջոկատի և Անկարայի ոստիկանության կենտրոնակայանները։ Այդ հարվածների հետևանքով զոհվել է 68 մարդ, ևս 200-ը վիրավորվել։ 

Հաջորդ օրը ապստամբները զենքերը ցած են դրել։ Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով, հուլիս 15-16-ի իրադարձությունների ժամանակ զոհվել է 251 մարդ և մոտ 2000-ը վիրավորվել։ Հեղաշրջման փորձի տապալումից հետո Էրդողանը երկրում սկսել է զանգվածային մաքրումներ։ Այսպես, աշխատանքից ազատվել են շուրջ 100 հազար պետական ծառայողներ, ուսուցիչներ և դատավորներ, ավելի քան 2500 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Լուսանկարը՝ abcnews.go.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter