HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Պատերազմի հետևանքներ. ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել հարազատի կորուստ

«Եթե ընտրեք այնպիսի քաղաքականություն, որ երեխային չասենք հարազատի կորստի մասին, կարող ենք նրան ավելի ցավացնել, պիտի ընդունենք, որ երեխան պիտի ապրի այդ վիշտը»,- Մեդիա կենտրոնում հրավիրած վեբինարի ժամանակ հայտնեց հոգեբան-խորհրդատու Մարինե Պետրոսյանը:

Վեբինարի թեման պատերազմի հետևանքներն էին, եւ այդ ընթաքում հարազատի կորուստն ու դրա թողած ազդեցությունը երեխաների վրա։ Հանդիպման սկզբին հոգեբանը նշեց, որ կորուստը ոչ միայն անձին է վերաբերում, այլեւ տանը, ընկերներին, սիրված իրերը կորցնելուն։

Մարինե Պետրոսյանի խոսքով՝ երեխաները հասկանում են կուրուստը, բայց յուրաքանչյուր տարիքում այլ կերպ են տանում այն։ Ըստ նրա՝ պետք է թողնել երեխային ցանկացած տարիքում ապրել կորստի վիշտը։

Հոգեբանը պնդում է, որ եթե երեխան մեկ ժպտում է, մեկ լացում, դա չի նշանակում, որ նա վիշտ չի ապրում, եւ պետք է երեխայի համար չանհանգստանալ։

Ըստ հոգեբանի՝ մահվան հանգամանքը տարբեր կերպ է ընկալվում՝ կախված տարիքային խմբից։ 0-3 տարեկանների մոտ մահվան հանգամանքը բացակայում է, չեն հասկանում մահը ինչ է, հասկանում են բացակայությունը, երեխան այս տարիքում շատ զգայուն է եւ կարող է կտրուկ արձագանքել ծնողների պահվածքին՝ բարձր ձայնով լացին, անտարբերությանը։

3-5 տարեկանում կարող են տեսնել, որ իրենց հարազատը չկա, բայց մտածել, որ նրանք վերադառնալու են։ Հաճախ հավատում են, որ կարող են անել բաներ, որոնք կազդեն շրջապատի վրա՝ խելոք մնալ, ընթրիքը ուտել, խաղալիքները հավաքել, որպեսզի հարազատը վերադառնա։

5-8 տարեկանում երեխաներն արդեն հասկանում են, որ մահն անդառնալի է։ Կոչվում է մահվան վախի տարիք։ Այս տարիքում սկսում են բարկանալ, հույզերը չարտահայտել։

8-12 տարեկանում ամբողջությամբ հասկանում են՝ ինչ է մահը, հետաքրքրվում են մահի ֆիզիկական մանրամասնություններով։

12-ից մինչեւ 15-16 տարեկանում կորստի մասին պատկերացումները նույնն է ինչ մեծահասակների մոտ, այս տարիքային խմբում երեխաները դժվարությամբ են խոսում, սովոր չեն իրենց հույզերը կիսել մեծահասակների հետ։ Այս տարիքում փոխվում է վարքը, կարող են դեպրեսիաներ ունենալ, կարող են տան հոգսը ցանկանալ իրենց վրա վերցնել։

Հոգեբանը խոսեց վշտի տեւողության փուլերի մասին, ըստ նրա՝ առաջին փուլը մերժման փուլն է, երբ չեն ընդունում կորուստը, ապա սկսում բարկանալ, հաջորդ փուլը բանակցությունների փուլն է, եւ այն հարցը, թե ինչպես վերականգնել կորուստը, իսկ իրողությունը, որ հարազատը չկա, բերում է տխրության, որից հետո եղածի ընդունումն է արդեն։

Մահվան ընկալման դրսեւորումների մասին խոսելուց հետո Մարիամ Պետրոսյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչպես հաղթահարել կորուստի վիշտը երեխայի մոտ։

Կարեւորեց մահվան թեմայի մասին երեխայի հետ խոսելը, սակայն դրա համար ընտրելով ամենահարմար պահը, ապա պատկերացում տալ մահվան մասին՝ որպես կյանքի մաս, օգտագործել բնության երեւույթներ բացատրելու համար կատարվածը։

Ըստ մասնագետի՝ երեխայի հետ խոսելիս՝ պետք հաշվի առնել վերջինիս զարգացվածությունը, մտքերը, զգացմունքները, պետք է անկեղծ լինել, օգտագործել մահ, մահանալ բառերը, որովհետեւ ելնելով տարիքային առանձնահատկություններից՝ օրինակ՝ «մեզնից հեռացել է» նախադասությունը, կարող է երեխայի մոտ այլ կերպ ընդունվի։

Հոգեբանի պնդմամբ՝ կարեւոր է թույլ տալ եւ լսել երեխային, խոսել, ուշադիր լինել արտահայտած մտքերին, խոսելիս պետք է հաշվի առնել վերջինիս զարգացածության աստիճանը։

Երեխայի հետ խոսել մահացած հարազատի մասին, նրա, օրինակ՝ հոր, եղբոր սիրած զբաղմունքների, միասին ապրած պահերի մասին։ Ամեն հնարավորություն օգտագործել, որպեսզի երեխան արտահայտի իր վիշտը՝ նկարելու, գրելու, պատմելու, լացելու եւ այլնի միջոցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter