HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ,

մեր երկրում գնալով ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում այն դեպքերը, երբ դատավորները տարբեր մտավարժանքների արդյունքում նորանոր կառուցակարգեր են ստեղծում ՀՀ քաղաքացիների իրավունքները ոտնահարելու համար:

Ցավալի փաստ է, բայց ըստ ՀՀ արդարադատության նախարար Հ.Թովմասյանի՝ «այսօր դատական համակարգի նկատմամբ անվստահությունը, պայմանական ասած, գտնվում է 70-80 տոկոսի վրա»: Պատկերավոր ասած՝ ՀՀ հարյուր քաղաքացուց 80-ը ՀՀ դատական համակարգին չեն վստահում: Հավանաբար, մնացած 20 տոկոսն էլ դատարանում գործեր չեն ունեցել: Իսկ դա միայն մի հնարավոր եզրակացության է հանգեցնում…

Ստորև ներկայացնեմ դատական ակտի բողոքարկման հարցի վերաբերյալ Եվրոպական դատարանի դիրքորոշումը, ՀՀ օրենսդրության պահանջները և ՀՀ դատական համակարգում արմատավորված արատավոր պրակտիկան:

Եվրոպական դատարանի դիրքորոշումը

Նախ հարկ եմ համարում նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Իսկ Եվրոպական դատարանն իր նախադեպային վճռում արձանագել է. «Դատարան դիմելու կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրականացվի այն պահից սկսած, երբ շահագրգիռ անձինք կարող էին իրականում իմանալ դատական ակտերի մասին, որոնք նրանց վրա պարտականություն են դնում կամ կարող էին վնաս պատճառել նրանց օրինական իրավունքներին և շահերին: Եթե հակառակը լիներ, ապա դատարանները կարող էին, հետաձգելով կայացված դատական ակտերի մասին տեղեկացնելը, էականորեն կրճատել բողոք ներկայացնելու ժամկետները, անգամ ցանկացած բողոքարկում դարձնել անհնար: Կայացված դատական ակտի մասին իրազեկումը, որպես դատարանի և կողմի միջև հաղորդակցության ձև, ծառայում է դատական ակտի մասին իրազեկմանը, ինչպես նաև այն հիմքերի մասին, որոնցով այն հիմնավորված է, որպեսզի հնարավորություն ընձեռնվի կողմերին, բողոք ներկայացնել» (Միրագալ Էսքոլանո և մյուսներ ընդդեմ Իսպանիայի, 25.01.2000 թվականի վճիռ, կետ 37):

Այսպիսով, ինչպես կարելի է նկատել, Եվրոպական դատարանը բավականին հստակ արտահայտել է իր դիրքորոշումը սույն դիմումով բարձրացված խնդրի վերաբերյալ:

Ներպետական օրենսդրությամբ ներկայացվող պահանջները

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածը սահմանում է, որ վճռի հրապարակման ժամանակ պետք է կազմված լինի վճիռը և այն հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց, իսկ գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում` վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:

ՀՀ Քաղ. դատ. օր.-ի օրենսգրքի 140-րդ հոդվածի առաջին մասի և 207-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, իսկ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև վճռի oրինական ուժի մեջ մտնելը:

Փաստորեն, վճռի բողոքարկման համար սահմանված մեկամսյա ժամկետի հոսքը սկսվում է դատական ակտի հրապարակման պահից և ավարտվում է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուն նախորդող օրը:

ՀՀ դատական պրակտիկան

Երբեմն ստեղծվում է մի իրավիճակ, երբ վճռի հրապարակման պահից հետո մեկամսյա ժամկետում վճիռը գործին մասնակցող անձին չի տրամադրվում:

Ակնհայտ է, որ առանց վճռի ամբողջական տեքստը ձեռքի տակ ունենալու և վճռի պատճառաբանական մասին ծանոթանալու անհնար է վճռի դեմ բողոք կազմել:

Նման դեպքերում շահագրգիռ անձի ամենօրյա զանգերին ի պատասխան դատավորի օգնականները պատճառաբանում են կամ իրենց ծանրաբեռնվածությամբ, այսինքն` հրապարակումից հետո էլ դատական ակտը դեռևս կազմված չի լինում, կամ` ամեն օր արհեստավարժորեն ստում են, որ դատավորը տեղում չէ, «վճիռը վաղը» կուղարկվի, կամ էլ` կոպտորեն հանդիմանում են և «հրահանգում», որ սպասենք, մինչ «կբարեհաճեն» վճիռը կազմել և ուղարկել: Ավելորդ չեմ համարում նշել, որ նման դեպքերում, եթե զանգահարողը փաստաբանն է, ապա օրենքի իմպերատիվ պահանջը խախտած դատավորի /օգնականի/ մոտ լարվածություն է առաջանում օրինական պահանջ ներկայացնող փաստաբանի նկատմամբ, ինչը, բնականաբար, բացասական ազդեցությունն է թողնում հետագայում նույն դատավորի նախագահությամբ և տվյալ փաստաբանի մասնակցությամբ քննվող գործերի ընթացքի և դրանցով կայացվող դատական ակտերի վրա:

Որպես չգրված կանոն՝ ձգձգվում են հենց չպատճառաբանված կամ սխալ պատճառաբանված վճիռների տրամադրումը, քանի որ «վճռի» եզրափակիչ մասի հրապարակումից մինչ վճռի տրամադրումն ընկած ժամանակահատվածը, այսպես ասած` «վճռի կազմման հավելյալ ժամկետը» ծառայում է հենց «վճիռը» հիմնավորելուն: Փաստորեն, առանց վճռի առկայության, հրապարակվում է դատավորի կանխակալ որոշումը, որից հետո միայն կազմվում է վճիռը, այդ թվում` շարադրվում է նման որոշման պատճառաբանությունները, որքանով այն  ստացվում է: 

Այն, որ դատական ակտերը գործի մասնակիցներին ուշ (անգամ օրինական ուժի մեջ մտնելուց հետո) տրամադրելու արատավոր ավանդույթն ավելի քան 10 տարվա նախապատմություն ունի, ինչով պայմանավորված խախտվում են բողոքարկման իրավունք ունեցող անձանց իրավունքները, դեռևս 2000թ.-ին արձանագրել և իր 22 դեկտեմբերի 2000թ. N 36 որոշմամբ հարցին փորձել է լուծում տալ ՀՀ Դատարանների Նախագահների Խորհուրդը:

Սակայն ավելի քան 11 տարի անց այդ հարցը ոչ թե լուծում է ստացել, այլ` անպատժելիության մթնոլորտում այն «զարգացում է ապրել»:

Այսպես, դատարանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մի կողմի համար  բողոք ներկայացնելու հարցում դիտավորյալ արհեստական խոչընդոտ ստեղծելով, մյուս կողմի համար վճռի կատարումն արագ իրականացնելու պայման է ստեղծում: Մասնավորապես, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հայցվորին կողմին տրամադրվում է կատարողական թերթ, որի հիման վրա իրականացվում է գումարի բռնագանձում, իսկ հնարավոր բողոքաբեր  կողմին ամիսներ շարունակ անգամ վճիռը չի տրամադրվում:

Իսկ վերադաս ատյանը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունում այն պատճառաբանությամբ, որ առաջին ատյանի դատարանից ստացված գործում ապացույց չկա այն մասին, թե` վճիռը երբ է տրամադրվել բողոքաբեր կողմին: Իսկ ամենազավեշտալին այն է, որ վերաքննիչ դատարանն այդ փաստի բացասական հետևանքներ կրող կողմ է դիտում բողոքաբերին ոչ թե` վճիռ կայացրած դատարանին:

Հասարակ տրամաբանությամբ, եթե` վճիռը բողոքաբերին տրամադրելու վերաբերյալ գործում առկա չէ ապացույց, ապա` դա փաստում է այն մասին, որ դատարանն իր պարտականությունը չի կատարել և գործի մասնակցին վճիռ չի տրամադրել: Սակայն վերաքննիչ դատարանը, մեկ այլ տրամաբանությամբ, հակառակն է փաստում:

Այս ապօրինությունների շրջապտույտի տրամաբանությունից կարելի է մեկ եզրահանգման գալ առ այն, որ դատարանը կարող է անհիմն վճիռ կայացնել և այն, ըստ էության, կարող է «անբողոքարկելի» դառնալ: Մասնավորապես, դատարանն այդ վճիռը չի տրամադրի «դատավորի համար անցանկալի» /հնարավոր բողոքաբեր/ դատավարության մասնակցին, իսկ ամիսներ անց ձեռք բերած վճռի հիման վրա ներկայացված վերաքննիչ բողոքը վերադաս դատարանը վարույթ չի ընդունի: ՀՀ Վճռաբեկ դատարանն էլ, առանց պատշաճ քննության առարկա դարձնելու վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները, արձանագրելով, որ` վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղ.դատ.օր.-ի պահանջներին, կվերադարձնի  այն ու դրանով կավարտվի ինչպես «երաշխավորված դատական ակտի», այնպես էլ «դրա բողոքարկման իրավունքի» դատավարական պատմությունը:

Որպես օրինակ ներկայացնեմ նման մի դեպք

Այսպես, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵՇԴ/1852/02/09 քաղաքացիական գործով վճռի հրապարակման օր է նշանակել 31.03.2011թ.՝ ժամը 17:00: Այդ օրը վճիռը կազմված չի եղել, գործի մասնակից պատասխանող Արծրուն Գրիշյանին վճիռ չի հանձնվել: Ամիսներ շարունակ տարբեր պատճառաբանություններով վճիռը չի տրամադրվել:

Արծրուն Գրիշյանի ներկայացուցիչ փաստաբան Լ. Հովհաննիսյանս վճռի առկայության վերաբերյալ պատահմամբ տեղեկացել եմ 2011թ.-ի հունիսի կեսին` թիվ ՎԴ/4709/05/10 վարչական գործի քննության ժամանակ` նույն գործով երրորդ անձ Անդրանիկ Գրիշյանի ներկայացուցչից և 20.06.2011թ. դիմում եմ ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` 31.03.2011թ. վճռի օրինակը տրամադրելու խնդրանքով: Վճիռն առձեռն տրամադրվել է 2011թ. հուլիսի 29-ին, երբ բողոքարկման ժամկետից արդեն երեք ամիս անցած է եղել:

Վճռի տրամադրումից մի քանի օր առաջ ստացվում է հարկադիր կատարողի որոշումը, որից պարզվում է, որ վճռի հիման վրա 07.06.2011թ. կատարողական թերթ է տրամադրվել հայցվորին, որի հիման վրա վճռի պահանջի կատարմանն/բռնագանձման/  ուղղված կատարողական գործողություններ են իրականացվում:

Վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել 06.08.2011թ., ինչպես նաև միջնորդություն`հարգելի համարել բողոք բերելու համար սահմանված ժամկետի բաց թողնելը` այն հիմնավորմամբ, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռը տրամադրել է 2011թ. հուլիսի 29-ին:  

ՀՀ Քաղ. դատ.-ի 209 հոդվածի 2-րդ կետի` առաջին ատյանի դատարանը բողոքի պատճենը ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը, իսկ դրա անհնարինության դեպքում ողջամիտ սեղմ ժամկետում պարտավոր է գործը պատշաճ ձևով ուղարկել վերաքննիչ դատարան:

2011թ. հոկտեմբերին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանից պարզել եմ, որ թիվ ԵՇԴ/1852/02/09 քաղ.գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան չի փոխանցվել:

Ղեկավարվելով ՀՀ քաղ.դատ.-ի 209 հոդվածի 2-րդ կետով, ՀՀ Դատարանների Նախագահների Խորհրդի 13.06.2006թ. №-98 «Գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման մասին« Որոշմամբ, 2011թ. հոկտեմբերի երկրորդ կեսին դիմել եմ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և խնդրել, որ «թիվ ԵՇԴ/1852/02/09 քաղ.գործը ՀՀ վերաքննիչ դատարան ուղարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկի»:

Ի վերջո գործն ուղարկվում է վերաքննիչ դատարան:

Թվում է, թե նման պայմաններում, հաշվի առնելով, որ հենց ստորադաս դատարանի մեղքով է ՀՀ քաղաքացին զրկվել դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից Վերաքննիչ դատարանը պետք է բավարարեր ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդությունը և բողոքը վարույթ ընդունի: 

Սակայն Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր` Կ.Չիլինգարյան, դատավորներ` Ա.Պետրոսյան, Գ.Մատինյան) վերաքննիչ բողոքը բերելուց 3 ամիս անց` 07.11.2011թ. որոշմամբ մերժել է միջնորդությունը և վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունել: Վերաքննիչ դատարանն իր այդ որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ «Վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և պարունակում է բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն` բողոք բերած անձին վճիռը 29.07.2011թ. հանձնված լինելու պատճառաբանությամբ, որն ենթակա չէ բավարարման, քանի որ բողոք բերած անձի կողմից չի ներկայացվել միջնորդության հիմքում դրված պատճառաբանությունը հավաստող որևէ թույլատրելի ապացույց (այդպիսին առկա չէ նաև գործում)»:

Ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վկայակոչած քաղաքացիական գործում առկա չէ վճիռը գործին մանակցող անձին ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց, այնինչ, այդպիսի ապացույցի բացակայությունն ինքնին հիմք էր բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու համար: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը իր որոշման հիմքում դրել է մի այնպիսի անհեթեթ հիմնավորում, ինչպիսին է բողոք բերած անձին վճիռը 29.07.2011թ. հանձնված լինելու հանգամանքի մասին վկայող ապացույցների բացակայությունը: Այնինչ, միայն այն հանգամանքը, որ գործին մասնակցող անձը մի կերպ դատական ակտ է ձեռք բերել դրա բողոքարկման ժամկետը լրանալուց շուրջ երեք ամիս հետո (այլ ոչ թե նրան հանձնել են, ինչը իրավական որոշակի ընթացակարգ է ենթադրում և «հանձնելու» մասին ապացույց միշտ մնում է գործում, դատական ակտի մյուս օրինակի վրա կատարված «ստացա» մակագրությամբ) այն չի դարձնում հանձնված և չի ստեղծում այդ հանգամանքն ապացուցելու պարտականություն:

Թվում է, թե Վճռաբեկ դատարանը պետք է վերացներ իրավունքի նման կոպիտ խախտումը: Սակայն դա էլ տեղի չունեցավ: Վճռաբեկ դատարանը, նշանակություն չտալով վերը ներկայացված խախտումներին մերժել է վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը:

Մտածված կառուցակարգը պարզից էլ պարզ է... Վերաքննիչ դատարանը մերժում է բողոքն այն հիմնավորմամբ, որ բողոք բերած անձը չի ներկայացրել վճիռն ուշ ստանալու մասին ապացույց (իսկ նման ապացույց ներկայացնելն անհնար է, քանի որ տեղի չունեցած փաստի մասին ապացույց լինել չի կարող), իսկ Վճռաբեկ դատարանը համերաշխ ստորադաս դատարաններին, հետ է վերադարձնում բողոքը:

Փաստորեն երեք ատյանի դատարանների կողմից էլ ոտնահարվել է վստահորդիս` ՀՀ Սահմանադրությամբ, և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքը:

Ստեղծված իրավիճակում ինչ անել… Դիմել Եվրոպական դատարան, սակայն ինչու ապավինել Եվրոպական դատարանի արդարադատությանը: Չէ որ մեր ներպետական օրենսդրությամբ էլ է նախատեսված արդար դատաքննության իրավունքի այն երաշխիքները, որոնցով ղեկավարվում է Եվրոպական դատարանն իր վճիռները կայացնելիս: 

Սակայն այս դեպքում, մեր դատական համակարգի անգործության պայմաններում, գործելով ի շահ վստահորդիս ստիպված եմ դիմել Եվրոպական դատարան:

Լեռնիկ Հովհաննիսյան
փաստաբան

Մեկնաբանություններ (6)

Vahe
joxovurd jan mek@ kara indz asi te vonc karam namak grem tekuz bac namak.joxovurd jan meknabanutyan mej greq dzev@ es ktenam.
Վահե
hargeliners es cavumem vor ays erkrum 4ka aynpisi mi artasahmanyan kazmakerputyun vor@ kogni mer qaxaqacinerin nmanatip harcerum.qani vor mer mot hamarya te bolor@ mtacum en te in4pes shrjancelov orenq@ pox ashxaten,isk nman mardkanc dem djvare payqarel qani vor mer storadas petakan marminnernel bavakanin tex en talis nman mtacelakerpin.
Արսեն
հատանք, փոխենք կամ կոալիցիոն կուսակցությունների այս նույն կարգախոսի այլ ձևակերպումով..... բա դե արի ու հավատա
Vahagn
Կարծում եմ Արդարադատության խորհրդին դիմելը արդարացված է, թեև համոզված չեմ, որ ըստ էության լուծում կտրվի հարցին:
Lernik Hovhannisyan
Հարգելի Վահագն, շնորհակալ եմ արձագանքի համար: Ինչպես նամակի մեջ է ներկայացված, վճիռը տրամադրելու վերաբերյալ 20.06.2011թ. դիմում եմ ներկայացրել դատարան: 29.07.2011թ. վճիռն ինձ առձեռն է տրամադրվել և այն ստանալու վերաբերյալ որևէ փաստաթղթի այդ թվում` դատարան ներկայացված իմ դիմումի տակ, նշում չի կատարվել, քանի որ վճռի հետ ինձ որևէ փաստաթուղթ չի ներկայացվել: Այսինքն, գործի նյութերից ակնհայտ է, որ իմ կողմից ներկայացված 20.06.2011թ. դիմումը բավարարված չէ: Իսկ վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո, նախապատրաստվելով վճռաբեկ բողոք կազմելուն, 14.11.2011թ. դիմում եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան, և խնդրել տրամադրել տեղեկատվություն 20.06.2011թ. դիմումի ընթացքի վերաբերյալ, այն է` : Սակայն, առ այսօր պատասխան չի ստացվել: Գրիշյանների գործի դատավարական նախապատմությունը հարուստ է տարաբնույթ ապօրինություններով և ափսոսանքով կարող եմ փաստել, որ դատարանը, չարաշահելով դատական իշխանությունը, մի կողմ դնելով իր վեհ առաքելությունը, ոտնահարելով վստահորդիս իրավունքները, գործում է մյուս կողմի օգտին:
Vahagn
Ընդունում և ցավում եմ նման իրավիճակի համար, ես էլ նույն իրավիճակներին հանդիպել եմ, սակայն ձևը կա, որը չի տանում դեպի Եվրոպական դատարան: Ընդամենը տարբերությունը հետևյալում է, որ անհրաժեշտ է ներկայացնել ապացույց ոչ միայն նրա մասին, որ վճիռը չեք ստացել, այլ կոնկրետ ապացույցն այ մասին, թե երբ է ֆիզիկապես հանձնվել այն վճռի հասցեատիրոջը: Այս մասով թերևս կարելի է դատարանին /նախագահող դատավորին, գրասենյակի պետին/ գրավոր դիմում գրել` խնդրելով հայտնել, թե երբ է ուղարկված կամ փաստացի ստորագրությամբ հանձնված վճիռը դատավարության մասնակցին: Չեմ արդարացնում դատարանի նման վարքագիծը, սակայն չեմ ընդունում այս մասով կողմի անգործությունը: Դատարանը միշտ գործ ունի անցյալում տեղի ունեցած կամ համենայն դեպս ոչ իր մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի հետ և առավել քան կողմերն են ծանոթ, հետևաբար ունակ ապացուցելու և մոզայկայի նման հավաքելու անցյալի իրական կամ մոտավոր պատկերը: Այս մասով ոչ այլ իրական, որքան թույլատրելի է դատարանին ընդամենը հաստատված համարել կամ հակառակ այս կամ այն իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունը /անգործությունը/ միայն այն ժամանակ, երբ դրա մասին ուղղակի կամ անուղղակի ապացույց կա: Ես համոզված չեմ, սակայն ենթադրում եմ, որ վերաքննիչ բողոքում նշվել է փաստարկն այն մասին, որ վճիռը` ՔԴՕ-ով սահմանված ժամկետում կողմին չի հանձնվել, որի պատճառով էլ բաց է թողնվել դատավարական ժամկետը, սակայն ինչպես յուրաքանչյուր միջնորդություն, այս պարագայում էլ ևս բացառություն չէր կարող կազմել այն իրողությունը, որ անհրաժեշտ են եղել դատարանին ներկայացնել ժամկետը վեականգնելու մասին մասին հստակ ապացույցներ, այլ ոչ թե դատարանի հայտնել, թե այդ ապացույցները որտեղ են ու մատնացույց անել նրան այդ ապացույցը գտնվելու վայրի մասին: Ի դեպ, սա էն պատճառով եմ ասում, որ քաղաքացիական դատավարությունում կողմերն են, որ իրենց մրցակցությամբ վարույթը շարժում առաջնորդում են փուլից փուլ, այդ թվում` դեպի վերաքննություն, բայց եթե նույնիսկ ակհայտ է թվում, որ առկա է ապացույցը, ապա այն անհրաժեշտ է ներկայացնել անմիջականորեն գործն ըստ էության լուծող մարմնին, այլ ոչ թե հղումներ կատարել կամ բերել պատճառբանություն այն մասին, որ վճիռը չհանձնելու ապացույցը գտնվել է գործում: Թեև էլի եմ կրկնում, այնուամենայնիվ դատարանը պարտավոր էր բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչել, քանի որ անդրադառնալով միջնորդությանը, նա դա անում է քաղգործը ստորադաս դատարանից ստանալուց հետո, և ուսումնասիրելով այն կտեսներ, որ այնտեղ բացակայում է հանձնման մասին որևէ նշում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter