HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դուք էլ ունեցեք Արցախի գույներից

Ազատուհի  Խաչատրյան

Առաջին անգամ է իմ տեքստը գովազդում. իմացեք, որ այն, ինչ այստեղ գրում եմ՝ գով-ազդ է, գովում եմ՝ ազդելու ձեր զգացմունքների վրա, որովհետև ինքս էլ ազդված եմ՝ տեսնելով Արցախի կանանց արարող լույսը, որ շարունակում է լույս տալ ինձ, քեզ, բոլորիս… ու պարտավորեցնում է շարունակել լույս տալ ամենքս մեր տեղում, որ իրենց լույսին մենակ չթողնենք, աջակցեն իրար մեր լույսերը, որով երազանքներն են հյուսվում ու սնվում, մեկ էլ մի օր դառնում` բույն, տուն, հայրենիք, որտեղ բոլորս տեղ ունենք, որտեղ ողջ հայությունն է բնավորված, վերադարձած, վերածնված: 

Հիմա հերթով գովելու եմ Գայանեին ու իր փունջ-թեյերը, Աննային ու իր երկինք-նկարները, Քրիստինեին ու իր հեքիաթ-տիկնիկները, Նարինեին ու իր բուժիչ-հոգատարությունը, և գովական են բոլորը, որ շարունակում են ընդառաջ գնալ լույսին, արարումին: Ու հիմա պատմելու եմ ձեզ, թե ինչպես եղավ իմ ու այս բոլորի հանդիպումը: 

Իմ ընկերներից Աստղիկն ինձ գրեց, որ «Արցախի գույները» ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառքը լուսաբանելու կարիք կա: Հայկական բարեգործական ընդհանուր միությունում է աշխատում: Իրենք աջակցում են Արցախի կանանց, որպեսզի սկսեն իրենց գործը, իսկ սկսածը` զարգացնեն: Հիմա, երբ իրավիճակն այսպիսին է, Արցախի ձեռներեց կանանց հրավիրել են ցուցահանդես վաճառքի, որով նրանք կօգնեն իրենց ընտանիքներին:

Որոշեցի գնալ, տեսնել այդ կանանց, խոսել իրենց հետ, հասկանալ՝ ինչպես կարող եմ ես օգնել:  Դալմայի այգիների փոխարեն շլացնող լույսերով հագեցած ու աղմուկով լցված շենքում գտա տեղեկատուին, հարցրի, թե որտեղ է «Արցախի գույները» ցուցահանդեսը: Ասացին՝ վերելակի դիմաց: Աստղիկին նկատեցի հեռվից, մոտեցա, ողջունեցի: Թեյերով լցված սեղանիկի մոտ կանգնած կինը կարծես պատրաստ սպասում էր ինձ. հավանաբար նախապես Աստղիկն ասել էր, որ գնալու եմ: Ծանոթացանք: Գայանեն, Արցախի պետական համալսարանում գիտքարտուղար է, դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ: «Արցախյան ծաղկաթեյ» ունենալու միտքը ստեղծվել է իր ուսանողուհիների հետ ՝ որպես արդյունավետ կիրառում իրենց բուսական աշխարհի մասին գիտելիքների, որով պատրաստ են կիսվել նաև ցանկացողների հետ:

-Ծաղիկների ու բույսերի հավաքն արել ենք ուսանողուհիների և մեր երեխաների հետ՝ Արցախի բնաշխարհից՝ Դիզակի լեռներից և Ասկերանի շրջանի այն գյուղերից, որոնք, ցավոք, հիմա գտնվում են ոչ մեր վերահկսողության տակ: Դրանք Ակնաղբյուրն է, Ավետարանոցն է: Հավաքագրել ենք նաև Դիզակի ֆլորայից, շատ հայտնի Դիզափայտ լեռան ստորոտներից, Կատարո վանքի ճանապարհին: Գիտե՞ք այդ վանքը: Ինչ երազանք պահում ես այս վանքում, իրականանում է, դրանից է եկել անունը:

Հավաքն իրականացնելը հաճելի պրոցես է. վայելում ես բնությունը և հավաքում ես բարիքները: Հետո ընտրել ենք բույսերի համապատասխանությունը և կազմել ենք յոթ հատ փունջ: Ուզում ենք «Ընտանեկան» փունջ էլ ստեղծել, որի ծնունդը, ցավոք, մի քիչ հետաձգվեց: Բայց անպայման կանենք, որովհետև հայրենիքի, սեփական հողի հիմքում ընկած է ընտանիքը, և կստեղծենք մի այնպիսի փունջ, որ հենց ընտանիքի բոլոր անդամների համար է: 

Թեյերի տուփերի վրա կարդում եմ՝ Սոնա, Անի, Սաթ, Ասպրամ: Գայանեն ասում է՝ տուփերին գրել են աղջիկների հայկական անուններ, որ այս  անունները դառնան տարածված: Տուփը շրջեցի: Կողքին Արցախի բարբառով հանելուկ է գրված: Ինձ միանգամից չհաջողվեց վարժ կարդալ ու հասկանալ, բայց Գայանեի օգնությամբ հաջողվեց նույնիսկ գուշակել պատասխանը:

-Փորձում էինք զարգացնել արցախյանը, բայց թափը կոտրվեց… պարզ է, որ շարունակելու ենք…

Ունենք ծաղկահավաքից արված լուսանկարներ: Այսօր նայում ենք այդ լուսանկարներին, հիշում, որ այդքան տարի ծնվել, մեծացել ենք այնտեղ… (…հույզերը սեղմում են բառերը):

Դառն է. արցախցու ամոթը, ցավը շատ ծանր է, բայց մենք պետք է ստեղծենք, արարենք, որպեսզի որևէ տեղ մեզ թույլ չզգանք, խղճահարություն չառաջացնենք, որովհետև Արցախցին միշտ պետք է հպարտ լինի, ուրիշ ընտրություն չունենք: Ուր էլ լինենք պիտի ստեղծենք ու արարենք… ու ինչքան կարող ենք, օգնենք: Իմ ուսանողներին միշտ դա եմ ասում, ինչքան հնարավոր է իրար լավություն անենք, իրար օգնենք, ի վերջո, բումերանգը գոյություն ունի, բարությունը բարությամբ կհատուցի… Ես Աստղիկից չափազանց գոհ եմ, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շատ աջակցեց մեր աշխատանքներին: Իրենց սրտացավությունը, իրենց ջերմությունը… զգում ես, որ դու մենակ չես, զգում ես, որ պետք չէ թուլանալ,-ասում է Գայանեն:

 Որքան էլ շուրջը եղած խանութները լուսառատ ու բազմագույն էին, Արցախի գույները դրանից չէին խամրել, բայց դա տեսնելու համար պետք էր դանդաղեցնել վազքը դեպի բրենդային խանութներ, կանգնել ու խոսել Գայանեի հետ, կարդալ թեյի տուփին Արցախի բարբառով գրված հանելուկն ու փորձել գուշակել: Իմանալ, թե ինչպես են աղջիկները ծաղկահավաք արել Կատարո վանքի ճանապարհին՝ երազանք պահելով սրտում: 

Մոտենում եմ աջ կողմի սեղանիկին, որտեղ Աննան է իր երկնային պայուսակներով: Աննան 16 տարեկան է, 12-րդ դասարանում է սովորում: Կարում է կտորի պայուսակներն ու նկարում դրանց վրա՝ ոգեշնչված երկնքից: Այս տարվա սեպտեմբերից է սկսել իր գործը, արդեն պատվերներ ուներ Ստեփանակերտում: 

-Հետո սկսվեց պատերազմը, եկանք այստեղ ու որոշեցի այստեղ էլ ինչ-որ բան անել: Ընտրել եմ երկնքի թեման, որովհետև շատ եմ սիրում երկնքին նայել, էդ խաղաղությունը, էդ խորությունը երկնքի ինձ ձգում ա, ընտրել եմ «Irenicann» անունը, որտեղ  ann-ը իմ անունն ա, իսկ irenic նշանակում ա՝ հանգիստ, խաղաղ: Ուզում եմ խաղաղությունը փոխանցել իմ հաճախորդներին:

Ստեփանակերտում աշխատում էի օնլայն՝ ֆեյսբուքով կամ ինստագրամով ինձ գրում էին, կամ ծանոթներն էին պատվիրում, ես նկարում և տալիս էի: Այստեղ էլ օնլայն կարող են պատվիրել: Իսկ Դալմայում արդեն մի քանի հատ վաճառել եմ: Մտածում եմ, արդեն շարֆեր կարել ու նկարել, մեծացնել տեսականին,- ոգևորությամբ պատմում է Աննան:

Աստղիկի հետ մոտենում ենք ձեռագործ տիկնիկների ու ասեղնագործ պայուսակների սեղանիկին: Աստղիկը ինձ ծանոթեցնում է դրանց ստեղծողի հետ.

- Քրիստինը մինչև պատերազմի վերջին օրը եղել ա Արցախում: Իր երեխաներին ուղարկել ա այստեղ, ինքը մնացել ա: Բոլորը տղամարդիկ են ու մենակ Քրիստինն ա: Ամբողջ հոգով նվիրվել ա, օգնել. ինքն է հոգ տարել բոլորին:

-Որովհետև ինչքան ախպեր ունեմ, սաղ ընդեղ էին՝ առաջնագծում,- շարունակում է Քրիստինը:

Ձեռքին տիկնիկն է՝ Լետան, որ ստեղծել է նկուղում՝ պատերազմի օրերին: Պատրաստելիս աղջկա մասին է մտածել, նրան նման է ստացվել:

Քրիստին մանկուց է գործում, աչքը բացել ու սովորել է մայրիկից: Քսան տարի ստեղծագործական կենտրոնում ասեղնագործություն է դասավանդել: Հարցնում եմ՝ ինչ կպատմի այդ կենտրոնում իր աշխատանքի մասին, ասում է, որ չի ուզում այդ մասին ասել: Հասկանում եմ, որ հույզերը շատ են: Հետո ցույց է տալիս նկարներ, որտեղ իր կերպարային տիկնիկներն են, երբ մարդկանց նմանությամբ տիկնիկներ է գործել: Իսկ հորինված կերպարներն իրենք իրենց են ծնվում:

-Հիմա, օրինակ, ուզում եմ փորձեմ, տեսնեմ կարամ նոր տարվա գնոմիկ սարքեմ. ինչ եկել եմ, առաջին անգամ եմ հելյուն ձեռքս վերցրել: Ինքը առանց գլուխ ա լինելու, գլխարկ ա, աչքերը փակած, ինքը աչքեր ու երես չի ունենա, չգիտեմ, երևի իմ մեջից ա գալիս: Չգիտեմ՝ ոնց ա ստացվելու, երևի վաղը, մյուս օրը պատրաստ կլինի,-ասում է:

-Իսկ ինչպես կարող են մարդիկ գտնել ձեզ, ձեր գործերը,-հարցնում եմ:

- #ByKristin որ գրեն ինստագրամում, ֆեյսբուքում կգտնեն:

Մտածում է այստեղ էլ երեխաների սովորեցնի տիկնիկներ գործել:

- Թեկուզ Դալմայում, մինչև ծնողները ֆռում են խանութներով, կարելի ա երեխաների հետ զբաղվել: Կարող եմ ասեղնագործություն, հելյունագործություն սովորեցնել երեխեքին, որովհետև ես դրանից հաճույք եմ ստանում, ու երեխեքը ինչ-որ մի բան կսովորեն:

Ասում եմ, որ ուզում եմ գրել ձեր մասին, որ մարդիկ տեղեկանան այս ամենի մասին, գան, պատվիրեն ձեր աշխատանքները:

-Շատ լավ կլինի: Ամեն մարդ չի կարում գնա, զանգի, ձեռք մեկնի, փող խնդրի: Ես մտածում եմ, եթե ինչ-որ մարդիկ կարում են տենց գնան, ավելի լավ ա, իրանք գնան, իսկ ես ավելի լավ ա ինչ-որ բան անեմ, էդ վաճառեմ: Մեկը կգա կառնի, ինչ իրեն հարմար ա: Ինձ էլ հարմար ա, որ ես երեխեքիս հացը կառնեմ: Ես էդ ձև ավելի հանգիստ եմ, քանց թե, որ սպասեմ ինչ-որ մեկը ինձ մի բան տա:

Հարցնում եմ իր ընտանիքի մասին:

-Երկու երեխա ունեմ. աղջիկս էստեղ տունն ա, տղաս հետս գալիս-գնում ա: Ասում ա՝ ես ուզում եմ քո հետ աշխատեմ: Ինքը վաճառքից տոկոս ունի (ծիծաղում ենք): Իսկ աղջիկս մի քիչ կոտրված ա հիմա, տնից դուրս չի գալիս, ասում ա՝ ուզում եմ գնամ տուն: Ամուսինս երևի էսօր կգա: Տեսնենք էլի:

Ասում եմ՝ կարևոր է լավ տրամադրվել, գիտեմ, որ հեշտ չէ, բայց…

-Չի լինում լավ տրամադրվել, գիտեք: Նոր, որ էն աղջիկը եկավ, երկու տարեկան երեխա ունի, ամուսինը զոհվեց, դրանից մի քիչ առաջ ընկերուհիս զանգեց, ասեց տղան վիրավորված ա, մինչև հիմա լավ չի: Դրանից առաջ ես զանգեցի` իմանալու` ինչ լուր կա. հոպարիս տղան կորած ա, ոչ մի ցուցակում չկա, չենք գտնում: Հարևանուհուս տղան նույն ձևի չկա: Չորս կողմը նայում ես ու հասկանում ես, որ… (ասելիքը շարունակում են թաց աչքերը)

…Ուզում ենք, ուզում ենք լավը գտնենք: Էսօր ասում եմ աղջիկներին՝ огонь возрождается из пепла, պիտի գտնենք մի փոքր կայծ, վրեն փչենք, որ նորից կարողանանք ապրենք: Հիմա փնտրում ենք, որ էդ կայծը կարողանանք գտնել,- վերջացնում է խոսքը Քրիստին:

Աստղիկն ինձ ուղեկցում է մյուս սեղանիկը, որտեղ խնամքի մեջոցներ են շարված: Ծանոթանում ենք: Նարինեն սկսում է բավական խորը մասնագիտական բառապաշարով ներկայացնել իր պատրաստած միջոցների բաղադրությունը, ու թե ինչի համար է ցուցված և օգտակար: Ուշադիր լսելուց հետո խնդրում եմ,  որ հիմա էլ իր մասին պատմի:

-Ես Ստեփանակերտից եմ, քիմիկոս եմ, ուղղակի իմ ասպարեզում քիմիական նյութերն այնքան շատ էին, որ վերջնական պրոդուկտը թեկուզ լավն էր, բայց այն չէր, ինչը որ ես էի ուզում: Դրա համար ես իմ արտադրանքում ձգտել եմ բնականը օգտագործել: Բնականը ևս քիմիա է, ուղղակի բարի քիմիա, որը մեր օրգանիզմին հոգեհարազատ է, և մեր մաշկը սիրով ընդունում է: 

Իսկ իր բրենդը ստեղծելու հարցում ոգեշնչել է իր աշակերտների երազանքը:

-Տարիներ առաջ, որ դասավանդում էի, իմ աշակերտուհին է ինձ այս խորհուրդը տվել: Ճիշտն ասած աշակերտները ինձ շատ էին սիրում, ես էլ իրենց էի սիրում: Իրենք գիտեին, որ ես նման բաներ եմ պատրաստում: Ու իրենք սենց մի բան ասեցին, որ ընկեր Գրիգորյան, երազում ենք, որ դուք հայտնի ֆիրմայով ներկայանաք, ձեր բրենդը ունենաք ու ձեր բրենդը լինի «Grigoryan’s»: Մտքում ասացի, որ անպայման մի օր ձեր երազանքը կդառնա իմ երազանքը և ի կատար կածվի: Եվ տարիներ հետո իրականացավ և՛ իրենց, և՛ իմ երազանքը:

Նարինեի ամուսինը բանակային է, Արցախում է: Հարցնում եմ՝ դուք էլ կվերդառնա՞ք Արցախ:

-Էն, ինչը որ իմ Արցախին կօգնի, ես դա եմ անելու, իմ բնույթն այդպիսին է, քանի որ ես չափից շատ եմ սիրում իմ ծննդավայրը: Եթե Արցախում լինեմ նույնձև արարելու եմ, եթե էստեղ լինեմ, նույնձև արարելու եմ,- լսում եմ Աննայի ոգելից պատասխանը:

Մտածում ենք՝ մարդիկ ամեն ինչ կորցրել են, բայց ես զրուցում եմ Գայանեի, Քրիստինի, Աննայի, Նարինեի հետ ու տեսնում եմ, որ ոչինչ էլ չեն կորցրել, ինչքան վառ հուշեր, երազանքներ, լիաթոք ապրած պահեր կան, որ բերել են իրենց հետ, ու ինչքան հավերժական ու անչափելի են գանձերը, որ իրենց մեջ են կրում: Իրենց նայելով տեսնում եմ, որ չես կորցնում մի բան, որ քո մեջ է, ուզես էլ, չես կորցնի: Արցախի՝ իրենց տնից ու հողից պոկված այս կանայք ավելի շատ բան ունեն հիմա, քան նա, ով իր կանգուն տանը և տոհմական հողի վրա խարխլված արժեքներով է ամեն օր արթնանում:

Եվ փոխարենը այստեղ՝ ապակյա կանչող ցուցափեղկերի գայթակղությանը տրված հոսանքի մեջ եմ տեսնում շատ բան կորցրած մարդկանց, ովքեր անտարբեր անցնում են արցախյան գույներով, բույրերով ու համերով լցված սեղանների մոտով՝ շտապելով դեպի շլացնող լույսերով խանութներ, որտեղ համաշխարհային բրենդներն են, համաշխարհի թելադրանքներն ու պարտադրանքները, և այն անհայտ արժեքները, որ կրելու համար իրենք են վճարում պարտադրողին: Իսկ այստեղ Կատարո վանքին ի պահ տված աղջիկների երազանքներն են, մի ամբողջ պատերազմ տեսած նկուղում գործված տիկնիկն է, երկնքի խաղաղության կարոտից ծնված նկարներն են, վերջին անգամ հարազատ այգուց հավաքած պտուղների չիրն է, գունազարդ հույսերով հյուսված գուլպաները, աղոթքով քանդակված խաչքարերը, սիրած տղայի վերադարձի հրաշքը խոստացող կրծքազարդերը:

Դե, ու՞մ եք սպասում, գով-ազդը վերջացավ. գնացե՛ք, Արցախի գույներից դուք էլ ունեցեք…

Մեկնաբանություններ (1)

Tatevik La Morgia
Որքան տպավորված եմ ես ձեր պատմելու ոճով, որքան սահուն ու կենդանի է ձեր խոսքը սիրելի Ազատուհի Խաչատրյան, կարծես ես եկա ու խոսեցի այդ կանանց հետ, հուզվեցի նրանց հետ ու ոգեշնչվեցի, ուզեցի ձեռքս վերցնեմ ռմբակոծությունից թաքստոցում գործված տիկնիկը, խմել Արցախի սարերի անուշ թեյը, մտովի հասնել Կատարո եկեղեցի ու երազանք պահել ու աշակերտների երազանքից ծնված, ուսուցչուհու պատրաստած բնական հարդարման նյութերից օգտվել։ Իսկապես գով-ազդվեցի, կեցցեք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter