«Մարալիկի առողջության կենտրոն»-ում ծնունդներ չեն ընդունվի․ առաջարկվում է լուծարել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է լուծարել «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նման որոշման նախագիծ է հանրային քննարկման ներկայացվել։
Ինչպես նախագծում նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը թերծանրաբեռնված է, կենտրոնն ապահովված չէ համապատասխան մասնագետներով։ Այդ իսկ պատճառով որոշվել է լուծարել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը։ Արդյունքում կգործի պոլիկլինիկակա՝ ցերեկային ստացիոնար բուժման 2 պալատով և շտապ օգնության ծառայությունով։
Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից «Հետքին» մանրամասնեցին, որ բաժանմունքի լուծարման հետևանքով արդեն կենտրոնի հիվանդանոցային մասը չի գործի, բուժկենտրոնում ծնունդներ այլևս չեն ընդունվի։
«Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Շիրակի մարզի ազգաբնակչությանը մատչելի, հասանելի և առավել ռացիոնալ ծախսարդյունավետ բժշկական ծառայություններով ապահովելու անհրաժեշտությամբ»,-նշված է քննարկման ներկայացված նախագծում։
Մեկնաբանել