
Նախատեսվում է կադաստրային գործերի համար նոր արխիվային շենք հատկացնել
Կադաստրի կոմիտեն նախատեսում է կադաստրային գործերի (արխիվի) համար նոր ստորաբաժանման արխիվային շենք կառուցել։
Նման որոշման նախագիծ է հանրային քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Շենքը կկառուցվի Վանաձորում։ Տարածքը կհատկացվի «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունից առանձնացված հիվանդանոցային համալիրից։
Ինչպես նախագծում նշել է Կադաստրի կոմիտեն՝ այժմ կադաստրային (արխիվային) գործերը պահվում են Կոմիտեի 4 տարածքային ստորաբաժանումներում:
Կառավարությունը 2019 թվականին կադաստրի կոմիտեին ամրացրել է Վանաձոր քաղաքի հիվանդանոցային համալիրից 2,153 քառ. մետր ընդհանուր մակերեսով մանկագինեկոլոգիական մասնաշենքը և 0.33 հեկտար հողամասը: Սակայն հատկացված տարածքը բավարար չի եղել, իսկ շինության տարածքն ընդլայնելու նպատակով շինարարություն իրականացնելը ծախսատար է՝ ժամանակային և նյութական առումով։
«Հետևաբար կառավարության միջոցառումների 5-ամյա ծրագրով նախատեսված կադաստրային գործերի (արխիվի) համար նոր ստորաբաժանման ամբողջական արխիվային շենքի կառուցման և շահագործման միջոցառման իրականացման համար նպատակարմար է պետության սեփականությունը հանդիսացող և փաստացի, ըստ էության, չշահագործվող շինություններն ամրացնել Կադաստրի կոմիտեին»,-նախագծում նշել է կադաստրի կոմիտեն։
Մեկնաբանել