HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն օգնում է հակամարտությունից տուժած անձանց

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Ղարաբաղյան հակամարտության սրացման առաջին իսկ օրերից մարդասիրական օգնություն է տրամադրում անվտանգության նկատառումներով Հայաստան տեղափոխված անձանց։

 «Այսօր, ստեղծված իրավիճակի հետևանքով, կոնֆլիկտի ազդեցությունից տուժած մարդասիրական կարիքները բազմազան են՝ սոցիալ-առողջապահականից մինչև հոգեբանական, և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որն աշխատում է ՀՀ ամբողջ տարածքում՝ որպես չեզոք և անկախ կազմակերպություն, իր ողջ մարդկային և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման միջոցով անում է հնարավորը` այդ կարիքներին արձագանքելու համար», - նշել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։  

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ  համագործակցությամբ, մոբիլիզացված 1300 կամավորների միջոցով, Երևանում և 9 մարզերի 34 համայնքներում ավելի քան 45 000 անձի  տրամադրվել են սննդի, հագուստի, հիգիենիկ պարագաների աջակցություն, առաջին անհրաժեշտության անհատական օգտագործման և անկողնային պարագաներ, բժշկական սարքավորումներ, առաջին օգնության դասընթացներ և արկղիկներ, սայլակներ, քայլակներ և ձեռնափայտեր:

Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբաններն ու առաջին օգնության թիմերը հոգեբանական աջակցություն և հոգեբանական առաջին օգնություն են ցուցաբերել մոտ 10 000 մարդու, այդ թվում՝ հոսպիտալներում վիրավոր զինվորներին և նրանց հարազատներին, ՀԿԽԸ թեժ գծով դիմող անձանց, հակամարտության ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացներին մասնակցող քաղաքացիներին, ինչպես նաև անհայտ կորածների և գերիների հարազատներին։

ՀԿԽԸ հատուկ պատրաստված կամավորներն աշխատում են 7 մարզերի ժամանակավոր կացարաններում՝ դպրոցներում, մանկապարտեզներում և հյուրանոցներում ապաստանած 2500 երեխաների հետ՝ կազմակերպելով նրանց առօրյան և տրամադրելով հոգեբանական աջակցություն։ 

ՀԿԽԸ հետվնասվածքային վերականգնողական կենտրոնն իր ամբողջ  ներուժն ու մասնագիտական կարողությունները ծառայեցնում է վիրավոր զինածառայողների բուժման և վերականգնման գործընթացին։

Հակամարտության հետևանքով ընտանիքների տարանջատումը կանխելու և տարանջատված ընտանիքների վերամիավորմանը նպաստելու նպատակով ՀԿԽԸ-ն ակտիվացրել է իր «Որոնում» ծառայությունը, որը մինչ օրս ստացել է մոտ 3200 զանգ։

ՀԿԽԸ-ն աջակցել է մասնավոր կացարաններում ապաստանած մարդկանց՝ նրանց համար ապահովելու հիմնական ծառայությունների հասանելիությունը, ինչպիսիք են էլեկտրականությունը, ջեռուցումը և ջուրը, տրամադրելով 311 միլիոն ՀՀ դրամ՝ նոյեմբեր ամսվա կոմունալ ծախսերի համար։

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման գործընկերների և միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից ավելի քան 3 100 000 ԱՄՆ դոլար է տրամադրվել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ մարդկանց ամենահրատապ ու անհետաձգելի կարիքներին արձագանքելու համար։

Ողջ գործունեությունն իրականացվում է հետևելով հակահամաճարակային կանոններին և նպաստելով դրանց պահպանմանը՝ տրամադրելով տեղեկատվական թերթիկներ և պաշտպանիչ նյութեր։

«Հաշվի առնելով, որ առջևում ձմեռ է, և մարդասիրական կարիքները բազմապատկվելու են, մշակում ենք միջնաժամկետ ծրագրեր, այդ թվում ապահովելու համար հիմնական ծառայությունների և առաջին անհրաժեշտության իրերի՝ այդ թվում ջեռուցման, էլեկտրականության և ջրի հասանելիությունը։ Այնուհետև, հիմնվելով գնահատումների և խիստ կարիքի վրա կանցնենք  վաղ վերականգնման և վերակառուցման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, - հավելել է գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ - Արդեն 100 տարի է, ինչ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես երկրում գործող խոշոր մարդասիրական կազմակերպություն, մշտապես ամենախոցելիների կողքին է»։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 100 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter