HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». թե ինչպես պետական բյուջեն զրկվեց հարյուրավոր միլիոններից

Սկանդալային բացահայտումներ

Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատը (ՎՊ) վերջերս պարզել է, թե ՀՀ ֆինանսների նախարարությունը, նրա համապատասխան կառույցներն ինչպես են իրականացրել լիցենզավորման և հսկողական գործառույթները:

ՎՊ-ի հավաստմամբ՝ շահումով խաղերի և խաղատների գործունեության լիցենզավորումը լիազոր մարմնի (ՀՀ ֆինանսների նախարարության) կողմից հիմնականում իրականացվում է ՀՀ կառավարության 2004 թ. հուլիսի 29-ի թիվ 1164-Ն որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգի խախտմամբ:

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ եթե կազմակերպիչը խախտել է օրենքի պահանջը, տուգանքը՝ որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է խախտման յուրաքանչյուր դեպքի համար: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողություն իրականացնող ստորաբաժանումը 2009 և 2010 թթ. ընթացքում ստուգումներ իրականացնելիս, խախտելով օրենքի վերոնշյալ պահանջը, նմանատիպ խախտումները դիտել է որպես մեկ դեպք՝ կիրառելով մեկ դեպքի համար սահմանված տուգանքի չափ, ինչով, մեղմ ասած, լավություն է արել տվյալ բիզնեսով զբաղվողներին, իսկ պետբյուջեն զրկել ոչ փոքր գումարների մուտքից:

Եվ միայն 2011 թվականին է, որ նմանատիպ խախտման յուրաքանչյուր դեպք դիտել է որպես առանձին խախտում ու կիրառել համապատասխան տուգանքի չափ՝ յուրաքանչյուր դեպքի համար: Կարելի է ենթադրել, որ, ինչպես ասում են, համն արդեն ելել է, ու չեն կարողացել վարվել նախորդ տարիների նման: Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ հիշյալ ստորաբաժանումը որոշ դեպքերում չի իրականացրել համապատասխան փաստաթղթային ստուգում, այն է՝ կազմակերպությունների ներկայացրած ելակետային տվյալները չի համադրել հաստատված կանոնակարգի տվյալների հետ:

Ինչո՞ւ... Պարզվել է, որ «Ինթեր-Սլոթ» ՓԲԸ-ն (խաղատուն «Օրակուլ»), 2009 թ. դեկտեմբերին ներկայացրած ելակետային տվյալների համաձայն, գործունեությունն իրականացրել է 64 հատ խաղային ավտոմատով և 10 հատ խաղասեղանով: Մինչդեռ, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հետ 07.09.09 թ. համաձայնեցված կանոնակարգի, ընկերությունը նշված ժամանակաշրջանում իրավունք ուներ շահագործել 1 խաղային ավտոմատ և 1 խաղասեղան, այսինքն՝ խաղատունը 63 խաղային ավտոմատ և 9 խաղասեղան ավելի է օգտագործել, ինչն ի հայտ կգար հիշյալ տվյալների համադրման դեպքում:

«Տեմպ Սէթ» ՍՊԸ-ի (խաղատուն «Փարիզյան») կողմից 03.02.2011 թ. ներկայացված ելակետային տվյալների համաձայն՝ խաղատանը շահագործվել է 10 խաղասեղան, մինչդեռ 01.10.2010 թ. հաստատված կանոնակարգով իրավունք ուներ շահագործել ընդամենը 7-ը: Հարկ է նշել, որ նախքան «Տեմպ Սէթ» ՍՊԸ-ի լիցենզիա ստանալը նույն («Փարիզյան») խաղատունը գործել է «Գուդվին Սէթ» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Ռ.Զավյալով) 23.10.2009 թ. տրված թիվ ԽՏ-052 լիցենզիայով: ՀՀ ֆինանսների նախարարի 2010 թ. սեպտեմբերի 30-ի թիվ 638-Ա հրամանով «Գուդվին Սէթ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-052 լիցենզիայի ուժը կորցրած է ճանաչվել՝ պետության նկատմամբ ունեցած ժամկետանց պարտավորությունների համար, ինչպես նաև լիցենզառուի դիմումի համաձայն:

Սակայն արդեն 2010 թ. հոկտեմբերի 1-ին, այսինքն՝ ընդամենը մեկ օրվա տարբերությամբ, նույն «Փարիզյան» խաղատան համար «Տեմպ Սէթ» ՍՊԸ-ին, որի հիմանադիրն է նախկին «Գուդվին Սէթ» ՍՊԸ-ի տնօրեն Ռ. Զավյալովը, տրվել է ԽՏ-058 գործունեության լիցենզիան: Ամբողջ գույքը անվարձահատույց օգտագործման իրավունքով տրվել է «Տեմպ Սէթ» ՍՊԸ-ին:

Արձանագրվել է նաև առանց լիցենզիայի գործունեության իրականացման փաստ: Հիմք ընդունելով «Ումառ» ՍՊԸ-ի կողմից 2010 թ. մարտի 26-ին ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված գրությունը՝ լիազոր մարմինը 2010 թ. ապրիլի 13-ի թիվ 246-Ա հրամանով ուժը կորցրած է ճանաչել տվյալ ընկերությանը 2008 թ. ապրիլի 11-ին տված թիվ ՇԽ-146 լիցենզիան, ըստ որի նշված ՍՊԸ-ն շահումով խաղերի գործունեությամբ է զբաղվել ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի 1-ին փողոցի թիվ 12 հասցեում: Լիազոր մարմինը, օրենքով սահմանված կարգով, 2010-ի ապրիլի 14-ի գրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տեղեկացրել է ընկերությանը տրամադրած թիվ ՇԽ-146 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու փաստի մասին:

ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումներում իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ 2010 թ. մարտի 29-ին և հունիսի 22-ին հիշյալ ՍՊԸ-ի կողմից «Արաբկիր-1» հարկային տեսչությանը ներկայացված ու վերջինիս կողմից գրանցված շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալների մասին երկու հայտարարությունների համաձայն՝ ընկերությունը 2010-ի ապրիլից մինչև 2010 թ. դեկտեմբերը (9 ամիս) ծավալել է գործունեություն և շահագործել ամսական 16 խաղային ավտոմատ: Հարկ է նշել, որ նշված հայտարարություններում գործունեության իրականացման վայրի հասցեն, լիցենզիայի համարը և լիցենզիայի տրման ամսաթիվը նույնությամբ համընկնում են լիազոր մարմնից 2008 թ. ապրիլի 11-ին «Ումառ» ՍՊԸ-ի ստացած ու 2010 թ. ապրիլի 13-ին ուժը կորցրած ճանաչված թիվ ՇԽ-146 լիցենզիայում նշված տվյալներին:

Ընդգծենք, որ հարկային մարմնից ուղարկված ելակետային տվյալների մասին վերոնշյալ հայտարարությունների ստացումից հետո ֆինանսների նախարարությունը պարտավոր էր ահազանգել հարկային մարմնին, ինչը չի արել: Սա, իհարկե, շատ ուշագրավ փաստ է: Փաստացի ստացվում է, որ «Ումառ» ՍՊԸ-ն 2010 թ. 9 ամիսներին (ապրիլ-դեկտեմբեր) առանց լիցենզիայի զբաղվել է լիցենզավորման ենթակա գործունեությամբ, ինչը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 46-ի 1-ին կետի համաձայն, առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն և լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի գումարի չափով (5 մլն դրամ) վնասի հատուցում:

Ավելին. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի հոդված 26-ի համաձայն՝ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն) գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50%-ի չափով:

Թերևս առավել ուշագրավ է ՎՊ-ի կատարած հետևյալ բացահայտումը. գովազդային վիճակախաղերի կազմակերպման շահումային ֆոնդի առավելագույն սահմանաչափը չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8%-ը և պետք է ձևավորվի նախորդ տարվա գործունեության արդյունքում առաջացած զուտ շահույթի հաշվին: «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ եթե շահումային ֆոնդը գերազանցում է նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8%-ը, ապա տվյալ գործունեությունը համարվում է արդեն ոչ թե գովազդային վիճակախաղի, այլ վիճակախաղի կազմակերպման գործունեություն, որի համար գործող օրենսդրությամբ սահմանված է տարեկան 100 մլն դրամ պետական տուրք:

ՎՊ-ի վերահսկողության արդյունքում պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայան և Աշտարակ տանող մայրուղիների վրա «Գեկասե» ՍՊԸ-ի («Գոլդեն պալաս» խաղատուն) կողմից տեղադրված գովազդային վահանակների համաձայն՝ շահումային ֆոնդը կազմում է ամսական շուրջ 40 մլն դրամ՝ այն դեպքում, երբ տվյալ ընկերության 2010 թ. ծառայությունների մատուցումից հասույթը, ըստ հարկային մարմնին ներկայացրած հաշվետվության, կազմել է 195 մլն 500000 դրամ, որի 8%-ը կազմում է 15 մլն 600000 դրամ:

Ըստ ՎՊ-ի՝ շահումով խաղերի և խաղատնային գործունեության կազմակերպիչների կողմից իրականցված գովազդային վիճակախաղերը որևէ իրավասու մարմնի ուշադրությանը չեն արժանանում, իսկ հարկային մարմնի կողմից չեն վերահսկվում (ուշադրության չե՞ն արժանանում, չե՞ն վերահսկվում, թե՞ արժանանում ու վերահսկվում են, բայց այլ առումով): Այնուամենայնիվ, հիշյալ պալատի հավաստմամբ՝ վերոնշյալի հետևանքով խախտվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի պահանջը, և յուրաքանչյուր դեպքով պետական բյուջեն չի համալրվում 100 մլն դրամ պետական տուրքով (լիցենզավորման ենթակա գործունեության ապօրինի իրականացումը պետք է առաջացնի նաև տուգանք՝ իրացման շրջանառության 50%-ի չափով):

Սրանք են փաստերը: Հետո էլ կառավարության անդամներից և ԱԺ պատգամավորներից ոմանք ասում են, թե որտեղից գումարներ Հայաստանում գիտության, արդյունաբերության զարգացման, ծայրահեղ աղքատներին տրվող չնչին նպաստները բարձրացնելու համար:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter