HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Արցախից Հայաստան է բերվել 10 000 գլուխ անասուն, հիվանդ կենդանի չկա». ՍԱՏՄ ղեկավար

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր խոսել է Արցախից Հայաստան տեղափոխված կենդանիների, Հայաստանում իրացվող մսեղիքի վաճառքի վերահսկման աշխատանքների մասին, ինչպես նաև՝ անդրադարձել անասնահամաճարակային իրավիճակին և կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը։

Պատերազմական օրերին ՍԱՏՄ-ն հաշվառել է Արցախից Հայաստան եկած անասունների գլխաքանակը։ Մասնավորապես, հոկտեմբերի 11-ից սկսած՝ ՍԱՏՄ-ն հրավիրել է անասնաբույժ մասնագետներ՝ տարբեր ոլորտներից, բացի այդ՝ Էկոնոմիկայի նախարարության, Ոստիկանության և Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ ստեղծվել է աշխատանքային պլան, որով առաջնորդվել են պետական մարմինները՝ կանխարգելելու հիվանդ կենդանիների մուտքն ու բնակչության դեմ կենսաբանական «դիվերսիաների» հավանականությունը։

«Սկսել ենք առաջին հերթին դաբաղ հիվանդության պատվաստումից, ինչպես նաև՝ արյուն ենք վերցրել բրուցելյոզ հիվանդության նկատմամբ ստուգում իրականացնելու համար։ Այդ համատեղ միջոցառումները թույլ տվեցին զերծ պահել անասնահամաճարակներից։ Այս պահի դրությամբ՝ որևէ հիվանդ կենդանի չունենք»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը։

Հետազոտություններն իրականացվել են ճանապարհային անցակետերում՝ հաշվառելով Հայաստան մտած կենդանիների թվաքանակը, ինչպես նաև ճշտելով, թե ուր են տանում դրանց։ Արդեն տեղում էլ Էկոնոմիկայի նախարարության մասնագետներն են իրականացրել անասնաբուժական միջոցառումները։

Մինչ օրս Արցախից Հայաստան է բերվել մոտ 10 000 գլխաքանակ, որից 4500-ը խոշոր եղջերավոր անասուններ են, 5000-ը՝ մանր եղջերավոր, 140 խոզ և 60 ձի։ Այս պահին ճշտումներ են արվում գյուղերում, քանի որ կան կենդանիներ, որ բերվել են սարերով և դաշտերով, մեքենայով չեն բերվել։ Ըստ Գ. Ավետիսյանի՝ ավելացված կենդանիները պատվաստվում և ջերմաչափվում են, որ չհիվանդանան։ Այդ պատճառով հորդորեց ՍԱՏՄ-ին իրազեկել Արցախից Հայաստան բերված անասունների մասին, որ կարողանան իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները։

Պատերազմական իրավիճակից հետո ՍԱՏՄ-ն պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու և աջակցելու Արցախի իրենց գործընկերներին՝ նաև սննդամթերքի անվտանգության մասով։

«Մտահոգությունները հենց հիվանդությունների բռնկումներն են, որովհետև մենք գիտենք, որ բավականին մեծ քանակությամբ անկած կենդանիներ կան անտառներում, դաշտերում, ինչպես նաև՝ պետք է օգնենք սննդի անվտանգության վերահսկողության մասով, թեկուզ՝ ռեսուրսով օգնենք, որ կարողանանք զերծ պահել թունավորումներից»,- նշեց ՍԱՏՄ ղեկավարը։

Այս պահին, սակայն, Արցախից դեռ Հայաստանի ՍԱՏՄ-ին չեն դիմել. իրավիճակային գնահատումներ են անում։

Անդրադառնալով Հայաստանի իրացման ցանցում մսեղիքի վաճառքին՝ Գ. Ավետիսյանն ասաց, որ Երևանի սուպերմարկետներում, խոշոր իրացման կետերում և այլ փոքր խանութներում վաճառվում է սպանդանոցային ծագման միս։ Խնդիրներից ամենամեծն այս պահին մսի բակային վաճառքն է, որը, ըստ Գ. Ավետիսյանի, «իրենց վերահսկողությունից դուրս է», և իրենք իրավասություն էլ չունեն օրենքով դրա վերահսկողությունն իրականացնելու։

«Այդ խնդիրը, ցավոք կա, և դրա լուծումը չգիտենք՝ ինչպես պետք է լինի։ Կաշխատենք ՏԻՄ-երի հետ՝ հասկանալու՝ ինչպես զերծ պահել մարդկանց նման մթերքներից»։

Ինչ վերաբերում է սպանդանոցների առկայությանը, ապա ՍԱՏՄ ղեկավարը նշեց, որ Հայաստանում այս պահին կա 72 սպանդանոց, 25-ի կառուցումն ընթացքի մեջ է, սակայն որոշ մարզերում դեռ դրանց հասանելիության հարցը լուծված չէ։

«Ունենք 72 սպանդանոց, որոնցից 38-ը ծառայություն են մատուցում, մնացածը՝ ներտնտեսային սպանդանոցներ են։ Ունենք ևս 2 շարժական սպանդանոց։ Մենք հայտարարել էինք, որ 70-80 սպանդանոցն ամբողջությամբ բավարար է, որ երկրի կարիքները փակի, սակայն, բացի թվից, հասանելիության հարց ունենք։ Օրինակ, Շիրակում 2 սպանդանոց ունենք, որը բավարար չէ, Վայոց ձորում էլ է մեկը. ճիշտ կլինի ևս մեկ սպանդանոց առնվազն կառուցել, Սյունիքում էլ կա կառուցվող սպանդանոց»,- ասաց Գ. Ավետիսյանը։

Սպանդանոցներ
Infogram

Ընդհանուր առմամբ՝ անասնահամաճարակային իրավիճակը Հայաստանում, ըստ Գ. Ավետիսյանի, կայուն է և վերահսկվող։

Անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի խախտմանը և վերահսկողությանը՝ ՍԱՏՄ ղեկավարն ասաց, որ թեև որոշ տնտեսվարողներ թուլացրել են վերահսկողությունը, սակայն ստուգումները շարունակվում են։ Առաջին անգամ նրանք ստանում են նկատողություն, երկրորդ անգամ արդեն կիրառվում է տուգանք 150 000-500 000 դրամի չափով, որը, ըստ նրա, տնտեսվարողներին զգոն է պահում։

Առաջիկա տոնական օրերին՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին վերահսկողությունը խստացվելու է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter