HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը չի շտապում զինծառայողների` անհայտ կորած համարվելու ժամկետները կրճատող նախագիծը ԱԺ ուղարկել

Պաշտպանության նախարարությունը դեռևս նոյեմբերի 11-ին շրջանառության մեջ է դրել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ` առաջարկելով փոփոխություններ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած համարվելու ժամկետների հարցում:

Ըստ նախագծի` ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չլինեն զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո: Նախարարությունն առաջարկում է նաև վերջին նախագծի երկու տարին կրճատել` դարձնելով մեկ տարի:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվում է ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանել մեկ տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո: Նշվում է նաև, որ օրենքի գործողությանը տրվելու է հետադարձ ուժ և այն տարածվելու է այս տարվա  սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Նախագծի հանրային քննարկման համար նոյեմբերի 26 ժամանակն է նշվել, և ըստ հարցի առաջնահերթության ԱԺ արտահերթ նիստով պետք է այն քննարկվեր, սակայն մինչ այժմ հստակ չէ նախագծի ճակատագիրը: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ արդեն երկու օր չի հաջողվում կապ հաստատել: Հիշեցնենք, որ ՊՆ փոխնախարարներն ազատվել են պաշտոններից, և նոր փոխնախարարներ չեն նշանակվել: ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գևորգ Ալթունյանը հեռախոսազանգերին չի պատասխանում:

Կառավարության լրատվական վարչությունից մեզ ասացին` նախագիծը դեռ քննարկվում է:

Նախագծի հրատապությունը նաև նրանով է պայմանավորած, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շրջանակում կարող են սոցիալական աջակցություն ստանալ անհայտ կորած համարվող այն զինծառայողների ընտանիքները, որոնք դատարանի վճռով են ճանաչվել այդպիսիք: Եւ ստացվում է` փոփոխությունները կյանքի չկոչվելու պարագայում վերջիններիս ընտանիքները երկու տարի չեն ստանալու օրենքով հասանելիք իրենց սոցիալական աջակցությունը, քանի դեռ իրենց հարազատը դատարանի վճռով չի ճանաչվել անհայտ կորած կամ զոհված:

Հիշեցնենք նաև, որ E-draft.am-ը նախարարությունների աշխատանքային հարթակն է, և օրենքում փոփոխություններ հնարավոր է միայն նախ Կառավարության հավանությունը ստանալու, ապա խորհրդարանում քվեարկվելուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter