HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողովի և Կառավարության շենքերում տեղի ունեցած դեպքերի առթիվ կալանավորվել է 18 անձ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայում 18 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ: Այս մասին ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությամբ:

Նախաքննական մարմնի ձեռնարկրած քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզաբանվել են նաև շուրջ 250-ից ավելի անձանց ինքնությունները, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են որոնողական, փնտրողական աշխատանքներ:

Քրեական գործի փաստական տվյալներով, ըստ ԱԱԾ-ի, հաստատվել է, որ զանգվածային անկարգության մասնակիցները, բացի ջարդ, առանձնապես խոշոր չափերով գույքի ոչնչացում կամ վնասում և այլ նույնաբնույթ գործողություններ իրականացնելուց, օգտվելով ստեղծված իրավիճակից, կառավարության վարչական շենքում տեղակայված աշխատասենյակներից, Ազգային ժողովի շենքում գտնվող աշխատասենյակներից և նիստերի դահլիճից, կառավարական առանձնատնից շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են նաև առանձնապես խոշոր չափերի գույք, առևանգել են ԱԺ բակում կայանված պետական սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները, որոնց մի մասը քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել և առգրավվել են:

Միևնույն ժամանակ, վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ առկա փաստական տվյալները վկայում են, որ զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գերակշիռ մասը պարտադիր զինվորական ծառայություն անցած չի եղել, ինչպես նաև չեն մասնակցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում ծավալված ռազմական գործողություններին:

Ավելին, քրեական գործով ձեռք բերված և հետազոտված ապացույցները փաստում են, որ զանգվածային անկարգություններին  մասնակից անձանց նախապես հավաքագրել, դեպքի վայր հանդիսացող շենքերում և շինություններում նրանց ներկայությունը հիմնականում ապահովել են հանրությանը հայտնի՝ հակաիշխանական հայացքներ ունեցող և ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի համախոհները, ովքեր մի շարք դեպքերում անձամբ են իրականացրել գույքի ոչնչացումներ, վնասումներ, տվել բռնություն գործադրելու կոչեր,  իրականացրել բռնի գործողություններ:

Մասնավորապես, ինչպես ասվում է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, քննությամբ պարզվել է, որ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ հանդիսացող անձինք, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» հասարակական կազմակերպության  անդամները, Հայաստանի Հանրապետական կուսակցության  աջակիցները, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավորների օգնականները, համակիրները, հանրային հնչեղություն ստացած տարբեր քրեական գործերով ամբաստանյալներ, որոնց նկատմամբ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառվել են դատավարական հարկադրանքի միջոցներ և հարուցվել են քրեական հետապնդումներ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter