HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն մասնավորեցնելու նախագծին

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելուն, որով առաջարկվում է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն մասնավորեցնել:

Նախագիծը ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, որի խոսքով` մասնավորեցումը հնարավորություն կտա ներդրումներ կատարել: ՓԲԸ-ն առանց պետական պատվերի է գործում:

Ընկերությունը պայմանագրային հիմունքներով լեռնափրկարար ծառայություն է մատուցում Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ստորգետնյա հանքերում և շինություններում՝ իրականացնելով հանքի օդի բաղադրության մշտադիտարկում, հնարավոր փլուզումների և այլ վթարների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ, իսկ վթարների դեպքում՝ փրկարարական աշխատանքներ իր ենթակայությամբ գործող տարածքային մասնագիտացված ստորաբաժանումների (ջոկատների) միջոցով: Այն Հայաստանի Հանրապետությունում միակ նման ընկերությունն է, բայց ոլորտը կարգավորող օրենքները չեն արգելում համանման ծառայության մատուցումն այլ կազմակերպությունների կողմից: Նարեկ Բաբայանի խոսքով` մասնավորեցման առաջարկը արտակարգ իրավիճակների նախարարությունն է արել, և մասնավորեցման արդյունքում ինչ-որ չափով կնվազի ընկերության՝ որպես պետական կառույցի գերիշխող դիրքը ոլորտում, կստեղծվեն լեռնափրկարար ծառայություն մատուցող կազմակերպություններ, ծառայության մատուցումը կդառնա մրցակցային:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ընկերությունը քանի աշխատող ունի, հիմնական զեկուցողն արձագանքեց` այս տարվա մեկնարկի տվյալներով` 50 աշխատակից: Ընկերությունը երկու վայրում է տեղակայված` Ախթալայում և Կապանում, զբաղված են հանքերում փրկարարական ծառայությունների մատուցմամբ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հետաքրքրվեց` հանքերում պատահարներ արձանագրվելու դեպքում ԱԻՆ-ին զանգահարելու փոխարեն պետք է մասնավորի՞ն զանգահարել, Նարեկ Բաբայանն ասաց` այդ հարցին կարող է ԱԻՆ ներկայացուցիչը պատասխանել:

Նախագիծը ընդունվեց` ընդգրկվելով քառօրյա նիստերի օրակարգ:

Լուսանկարը՝ ԱԻՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter