HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպան. «Գագիկ Խաչատրյանը պետք է վիրահատվի, որպեսզի կարողանա դատական նիստերին մասնակցել»

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որպեսզի նա նիստերին մասնակցի: Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Խաչատրյանի և նրա եղբորորդու վերաբերյալ դատական նիստը հետաձգվել էր Գագիկ Խաչատրյանի բացակայության պատճառով: Նշենք, որ սա Գագիկ Խաչատրյանի ազատ արձակվելուց հետո նշանակված առաջին դատական նիստն էր, սակայն Խաչատրյանը նիստերին չի մասնակցել նաև այն ժամանակ, երբ կալանքի տակ էր:

Երեմ Սարգսյանը հիշեցրեց, որ Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, սակայն նրան թույլ չեն տալիս, որպեսզի մեկնի երկրից, իսկ այժմ արդեն, ըստ պաշտպանի, Խաչատրյանի առողջական վիճակն այնպիսին է, որ նույն դիրքում երկար ժամանակ նստելիս անգամ նրա մոտ ցավեր են առաջանում, և դա անհնարին է դարձնում դատական նիստերին նրա մասնակցությունը:

Պաշտպանի խոսքով՝ Խաչատրյանի ազատ արձակվելուց հետո ևս բժշկական կոնսիլիում (խորհրդակցություն) է տեղի ունեցել, որով փաստվել է Խաչատրյանի առողջական վիճակում բացասական դինամիկան: Դրա վերաբերյալ փաստաթուղթն այսօրվա դատական նիստի ընթացքում ներկայացվել է դատարան, պաշտպանն այս անգամ էլ դատարանին է միջնորդել թույլատրել, որ Խաչատրյանը մեկնի Գերմանիա՝ բուժում ստանալու, սակայն դատավոր Արթուր Մկրտչյանը մերժել է միջնորդությունը:

«Պատճառաբանություններն այնպիսին են, որ Գագիկ Խաչատրյանը Հայաստանում կարող է պատշաճ բուժօգնություն ստանալ, բայց մոռանում ենք, որ պետությունն՝ Առողջապահության նախարարի մակարդակով, երկու բժշկական կոնսիլիում է անցկացրել՝ լավագույն մասնագետների ներգրավմամբ, և հենց իրենք են արձանագրել, որ Հայաստանում այս վիրահատությունը հնարավոր չէ կատարել: Այսքանով հանդերձ՝ նշել, որ Հայաստանում հնարավոր է պատշաճ բուժօգնություն ստանալ, կարծում եմ` մեղմ ասած, հիմնավոր չէ»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Գագիկ Խաչատրյանն այս պահին տանն է բուժում ստանում՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակում հնարավոր չէ ստացիոնար իրականացնել բուժումը: Խոսքը միայն թերապևտիկ բուժման մասին է: Երեմ Սարգսյանն ասում է, որ Խաչատրյանի հիվանդության դեպքում միակ բուժումը վիրահատությունն է, իսկ մյուս միջոցներն ընդամենը փոքր-ինչ մեղմում են նրա վիճակը:

Պաշտպանը հիշեցրեց, որ իրենք մի քանի անգամ դիմումներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), և ՄԻԵԴ-ը նույնպես արձանագրել է, որ Գագիկ Խաչատրյանն ունի բուժման կարիք:

«Ամեն անգամ, երբ դիմում էինք ներկայացնում, և ՄԻԵԴ-ը պատասխաններ էր պահանջում, Հայաստանում հրատապ կերպով փորձաքննություններ էին նշանակվում՝ իրենց ընտրած փորձագետների մասնակցությամբ, որպեսզի հերքեին իրենց իսկ կողմից տրված կոնսիլիումը, որ Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք չունի, և այս մեթոդը Եվոպական դատարանի մոտ ևս կասկած էր հարուցել, թե ինչպե՞ս է ստացվում, որ մինչև Եվրոպական դատարան դիմելը կոնսիլիում է արվում ու պարզվում, որ Խաչատրյանն ունի բժշկական միջամտությունների կարիք, իսկ Եվրոպական դատարանի հարցերից հետո նշվում է, որ ընդամենը ցավազրկող պետք է խմի, ուրիշ ոչինչ»,- ասաց Երեմ Սարգսյանը: Նա պնդում է՝ Գագիկ Խաչատրյանը պետք է վիրահատվի, որպեսզի կարողանա նիստերին մասնակցել, և համոզմունք հայտնում, որ դրա համար անհրաժեշտ միջոցներ չձեռնակելը դիտավորություն է, ընդհուպ՝ խոշտանգում:

«Եթե անձն ունի սուր ցավեր, և պետությունն այնպես է անում, որ նա այդ ցավերը կրի, ավելի խորանա, դա վատ վերաբերմունք և  խոշտանգում է համարվում: Վերջերս Եվրոպական դատարանը ևս մեկ անգամ համապատասխան նամակ էր ուղարկել Կառավարությանը, որտեղ հայտնել էր, որ եթե  կողմերն ընդհանուր հայտարարի չգան այս հարցում, Եվրոպական դատարանը նաև խոշտանգման քննության վարույթ է նախաձեռնելու: Այն կետերը, որոնք մենք ներկայացնում ենք, Եվրոպական դատարանն առերևույթ ընդունելի է համարել և Կառավարությանը կոնկրետ հարցադրումներ է ներկայացնելու՝ Գագիկ Խաչատչյանի նկատմամբ խոշտոնգում եղե՞լ է,  թե՞ ոչ»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Գագիկ Խաչատրյանն ու վերջինիս եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանն ազատ են արձակվել պատերազմի օրերին:

Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման մեջ նշված է, որ գրավով ազատ արձակելու միջնորդության քննության ժամանակ Երեմ Սարգսյանը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, համաձայն որոնց՝ պատերազմական իրավիճակի պայմաններում Կարեն Խաչատրյանի կողմից գործուն միջոցներ են ձեռնարկվել Արցախի Հանրապետությունում որոշ ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, որը կրում է շարունակական բնույթ: Հարցին՝ ինչ գործուն  միջոցների մասին է խոսքը և ի՞նչ է ենթադրում դրանց շարունակականությունը, Երեմ Սարգսյանն ասաց, որ իր գործառույթը չէ դա մեկնաբանելը, և անձինք, որոնք դրանք իրականացրել են, նպատակահարմար գտնելու դեպքում կխոսեն այդ մասին:

«Այո՛, ես պնդում եմ, որ պատերազմի ժամանակ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կատարվել է լուրջ աշխատանք, ընդ որում՝ որոշ դեպքերում՝ անգնահատելի, քանի որ դա գումարով չի չափվում: Որոշ գործողություններ կան, որոնք այլ մարմինների կողմից կատարվելու անհնարինություն է եղել, և դա կատարվել է անձանց մտավոր և աշխատանքային հնարավորությունների արդյունքում, ու նույնիսկ՝ բազմաթիվ կյանքեր փրկել, բայց ես չէ, որ պետք է դրա մասին խոսեմ»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրի կարգադրիչների պետը չի թույլատրել լրագրողների մուտքը: Նիստի մեկնարկից առաջ կարգադրիչները չթույլատրեցին գնալ նիստերի դահլիճ, որտեղ նիստն էր լինելու՝ պատճառաբանությամբ, թե դատական նիստի բացվելուց և լրագրողների ներկայության հարցը քննարկելուց հետո կորոշվի՝ նրանք կարո՞ղ են ներկա գտնվել, թե՞ ոչ:

Մոտ կես ժամ անց, երբ դատական նիստն արդեն ավարտվում էր, դատարանի կարգադրիչների պետի տեղակալ Կարեն Միլիտոնյանը մոտեցավ լրագրողներին և ասաց, որ չի թույլատրում լրագրողների մուտքը, քանի որ առկա է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշում, որով կորոնավիրուսի համավարակի պայմաններում դատարանների վարչական շենքեր պետք է արգելվի այն անձանց մուտքը, ովքեր չեն հանդիսանում տվյալ օրը կոնկրետ դատարանում նախապես նշանակված դատական նիստերով դատավարության մասնակիցներ:

ԲԴԽ-ի այս որոշումից ստացվում է, որ թեև դատական նիստը հրապարակային է, դրան արգելվում է քաղաքացիների մուտքը: Նկատենք, որ դատական նիստը չի հեռարձակվում նաև Դատական դեպարտամենտի կողմից, այսինքն՝ դատական նիստերի հրապարակայնության սկզբունքն ամբողջությամբ անտեսված է:

Ի դեպ, որոշ դատական նիստերի լրագրողների մուտքը թույլատրվում է նաև ԲԴԽ-ի այս որոշման պայմաններում. կախված լրագրողների քանակից, դահլիճի պայմաններից՝ դատարանները լրագրողների ներկայության հետ կապված խոչընդոտներ չեն ստեղծում:

Լուսանկարում՝ Գագիկ և Կարեն Խաչատրյանների պաշտպան Երեմ Սարգսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter