
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և ընտանիքի աջակցման համար Սյունիքում նախատեսվում է կենտրոն ստեղծել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է ստեղծել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այդպիսի որոշման նախագիծ է հանրային քննարկման ներկայացվել։
Կազմակերպության նպատակն է` նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և ընտանիքի սոցիալական կարիքների բավարարմանը, խթանել նրանց ներուժի և կարողությունների բացահայտմանը, ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, ստեղծել պայմաններ՝ նրանց սոցիալական ներառման համար, օժանդակել նրանց սոցիալական և առողջական խնդիրների լուծմանը, կանխարգելել կյանքի դժվարին իրավիճակը և սոցիալական մեկուսացումը։ Շուրջօրյա խնամքի ծառայությունների վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, ելնելով երեխայի լավագույն շահից՝ կներկայացվի մասնագիտական եզրակացություն երեխայի հետագա խնամքի ձևը սահմանելու վերաբերյալ, կմշակվի երեխային և ընտանիքին տրամադրվող աջակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված ուսումնամեթոդական ձեռնարկներ, կիրականացվի վերապատրաստումներ։
Ըստ նախնական հաշվարկների՝ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ը կիրականացնի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան 50 երեխաների՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա աջակցություն ու խնամք, ինչպես նաև 2-ից մինչև 18 տարեկան 100 երեխաների առավելագույնը 1 տարի ժամկետով ցերեկային աջակցության ծառայություններ։ Իսկ կենտրոնը կգործի Կապան քաղաքում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշել է, որ այս նախագիծը բխում է նախարարության որդեգրած ապաինստիտուցիոնալացման քաղաքականության հրամայականից՝ ստեղծել երեխաների խնամքի այլընտրանքային ծառայություններ, խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու համար: Նշենք, որ 2019 թվականին կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը` կարևորելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու այլընտրանքային, համայնքահեն ծառայությունների ցանցի ընդլայմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Նախարարությունը նախաձեռնել է ստեղծելու աջակցության կենտրոններ Երևանում, Գյումրիում և Կապանում՝ աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հրատապ տեղավորման և մասնագիտական աջակցության կարիք ունեցող երեխաներին (անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցողի հետ) և ընտանիքներին:
Մեկնաբանել