HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արցախյան Կումայրին ևս հանձնվեց Ադրբեջանին. գյումրեցի Խանդոյանները պատմում են 23 տարում ստեղծածի ու կորցրածի մասին

Լուսանկարվելու համար առաջարկում եմ տեղավորվել բազմոցին: «Եթե դժվար չէ, ժպտացեք, գոնե պուճուրները, հը՞ն, Սամվելի՛կ, կժպտա՞ս»,- խնդրում եմ՝ փորձելով ցրել լարվածությունը: Հիշում եմ «Հին օրերի երգը» ֆիլմում լուսանկարչատան հայտնի դրվագը. «Ժպտացե՛ք, ռազմաճակատին ձեր ժպիտներն են պետք»:

Արցախում ռազմական գործողությունները վաղուց դադարել են: Պարտությունն ու կորուստները ժպիտի համար գրեթե տեղ չեն թողել: Իսկ իմ ուզածն ընդամենը մեկ ժպիտ է, փրկվածի, ընտանիքով վերամիավորվածի ժպիտ:

40-ամյա Արտավազդ Խանդոյանը ծնվել եւ հասակ է առել Գյումրիում, ինչպես եւ կինը՝ Լուսինեն: Արտոյի հայրը՝ Սամվել Խանդոյանը, Արցախի Քաշաթաղի շրջանի Կումայրի գյուղի հիմնադիրն ու առաջին գյուղապետն է: Երբ 1997թ. իրերը հավաքում էին Արցախ մեկնելու, դժվար էր գուշակել, թե որտեղ էր ավելի բարդ լինելու ոտքի կանգնել՝ երկրաշարժ տեսած ու բազում խնդիրների տակ կքած Գյումրիու՞մ, թե՞ ադրբեջանցիների վառած, ավիրած բնակավայրերում: Այդ տարիներին հավասարապես դժվար էր թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում ապրողների համար: 

«Հայրս արտագնա աշխատանքի էր մեկնում, որ կարողանայինք ապրուստ ունենալ: Արցախ գնալու որոշումն, իմ կարծիքով, պայմանավորված էր առանց ընտանիքից կտրվելու հողի եկամուտով ապրելու մտքերով,- ասում է Արտավազդը,- հիշում եմ, որ սկզբում գնալուն հայրս էր դեմ, հետո, որ գնացինք, մայրս չուզեց, բայց հետ չեկանք, մնացինք: Ես այդ ժամանակ ուսումնարանի ռադիոտեխնիկայի բաժնում էի սովորում: Ավարտելուց հետո գնացել եմ բանակ հենց Քաշաթաղի զինկոմիսարիատից: Զորացրվելուց հետո Գյումրիում բարձրագուն կրթություն եմ ստացել: Կինս ավարտել է Գյումրու Գեղարվեստի ակադեմիան: Որ ամուսնացանք, ինքը ուսանող էր, սպասեցի, ավարտեց, ու մենք էլ տեղափոխվեցինք ապրելու Կումայրիում»:

23 տարի արցախյան հողում, որից 12 տարին իրենց աշխատանքով եղածը շենացրել ու հարստացրել են երիտասարդ ամուսինները: Հողագործություն, անասնապահություն, մանկավարժի աշխատանք՝ Արտավազդը հասարակագիտություն էր դասավանդում Քարոտան գյուղի, Լուսինեն՝ կերպարվեստ եւ էկոլոգիա առարկաները Փակահան գյուղի դպրոցում:

«Շատ դժվար է էդքան տարիների ստեղծածը մի քանի ժամում կորցնելը,-ասում է 32-ամյա Լուսինե Մալխասյանը,- մեկ ամիս առաջ ամեն ինչ ունես՝ դիրք, աշխատանք, տուն, ապագայի ծրագրեր, իսկ հիմա քո հողի մեջ փախստական ես, ավելի ճիշտ, նույնիսկ հստակ կարգավիճակդ չգիտես: Անասունը չկարողացանք հանել, մեքնաներն էդպես մնացին, միայն փաստաթղթերն ենք վերցրել ու որոշակի հագուստ երեխաների համար: Այսինքն՝ ոչ մի նյութական բան, որ կարողանայինք վաճառել, մի հոգս հոգալ»:

Արտավազդը ձեռքն է թափ տալիս՝ «ոչինչ, կստեղծենք», սակայն ձայնի մեջ մտահոգություն կա: Հետո նեղված, հոգոց հանելով նկատում է. «Եթե պիտի էս ձեւ լիներ, եթե պիտի վերջում հողերը տային, գոնե մարդկանց զգուշացնեին, որ էդքան ներդրում չանեին»: Արտավազդը մի պահ լռում է, հետո շարունակում:

«150 հազար դոլարի կապիտալ եմ թողել՝ մեկ հեկտար այգի, 220 հատ կառալյոկի ու 300 հատ նռան ծառ, 60 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, խանութ, վերանորոգած տուն, ու էդ ամենը մնաց թուրքին: Մեր սաղ աշխատածը, մինչեւ վերջին կոպեկը դրել ենք տնտեսության մեջ, ստեղծել ենք, զարգացրել ենք ու հիմա էսպես մնացինք դատարկաձեռն,- Արտավազդի ձայնում արդարացի բողոք կա,- Կումայրի գյուղից իրենց ապրուստն ամբողջությամբ կարողացել են դուրս բերել միայն այն ընտանիքները, որոնց տղամարդիկ պոստեր չեն ելել մեր հետ, այ իրենք ժամանակին ինչ ունեին, հանեցին: Ես պոստերց իջա՝ գյուղն արդեն մերը չէր: Գյուղից ունենք մեկ զոհ, երկու անհետ կորած, մեկ վիրավոր: Գյուղում ոչ մի տուն չի վառվել, էդպես մնաց թուրքին»:

Կումայրի եւ նրա կազմի մեջ մտնող Շիրակ գյուղերը գտնվում են Որոտան-Կովսական (Կուբաթլու-Զանգելան) ճանապարհին: Բարեբեր հողեր, ոռոգման նորմալ համակարգ, բարենպաստ, մեղմ կլիմա, հողագործության եւ անասնապահության զարգացման մեծ հնարավորություն: 25 տուն՝ 105 բնակիչ, հիմնական մասը տեղափոխվել էր Գյումրիից: Շիրակ աշխարհից Արցախ գնացածներն այնտեղ հիմնել էին իրենց բաժին հայրենի հողը: Վերջին տարիներին այստեղ գալիս էին բնակվելու նաեւ Գորիսից եւ Կապանից:

Արտավազդը մասնակցել է նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմին, պարգեւատրվել «Արիության» մեդալով:

«Ես ոչ մի վայրկյան չեմ մտածել՝ պիտի պոստեր բարձրանա՞մ, թե՞ չէ, չնայած գյուղապետ էի, էդ պաշտոնում տարի ու կես առաջ էի ընտրվել, եւ կարող էի մնալ գյուղում, բայց գնացել եմ, ինձ հետ էլ մի քանի տղամարդ: Ովքեր որ չուզեցին, մնացին գյուղում: Մինչեւ վերջին վայրկյանը հավատացած էի, որ հաղթելու ենք, դրա համար էլ երկար ժամանակ ընտանիքս գյուղից չէի հանում»,- նկատում է զրուցակիցս:

Լուսինեն ասում է, որ մանկահասակ երեխաներին գյուղից ավելի վաղ էին տարհանել, սակայն իրենց ընտանիքը ողջ կազմով մնացել էր: «Հոկտեմբերի 16-ն էր, զանգեցին, ասացին, որ տարածքում օտար մարդիկ կան, 10 րոպեի տարբերությամբ, լուրն իմանալուն պես հավաքվել, դուրս ենք եկել տնից»,-ասում է Լուսինեն:  

Գյումրիում նրանց հյուրընկալել են Լուսինեի հայրական տանը: Վերջին երկու շաբաթն արդեն Խանդոյանները բնակվում են վարձակալած տնակում: «Իրականում դեռ չգիտենք, թե ինչքան պիտի վարձ տանք, որովհետեւ տերն ասաց՝ ապրե՛ք, հետո կերեւա, բայց դե ինքն էլ Երեւանում է վարձով ապրում, հո չե՞նք կարող ընդհանրապես որեւէ բան չվճարել,- նկատում է Արտավազդը,- աշխատանք գտնելու հարցն է բարդ: Արցախում բոլորս աշխատում էինք, Գյումրիում դեռ անհասկանալի է, թե ինչ կարգավիճակով, ինչ պայմաններով ենք կարողանալու աշխատանք գտնել»:

11-ամյա Սամվելն արդեն հեռավար դասերի է մասնակցում թիվ 24 դպրոցում, 4-ամյա Մելինեին մանկապարտեզում կտեղավորեն, թե՝ չէ, մայրն առայժմ չի կողմնորոշվում:

«Դեռ չենք կարողանում ադապտացվել իրողությանը,- խոստովանում է Լուսինեն,- ամեն բան պիտի զրոյից սկսենք, բայց ինչպես, որտեղ՝ հարցեր են, որոնց պատասխանները դեռ չունենք: Ուղղակի փառք ենք տալիս Աստծուն, որ Արտոյին ոչինչ չեղավ, եկավ, հասավ մեզ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter