HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հարություն Բաբայան. «Թշնամին ամբողջությամբ տիրապետել է մեր վարքագծին. մեզ մոտ հենակետերի միջև կապի խզում է եղել»

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը ռազմական գործողությունների ընթացքում եղել է Սյունիքի մարզում, նաև Արցախում, ասում է իր հիմնական աշխատանքով` օրենսդիր գործունեությամբ այդ ընթացքում չի զբաղվել: Պատգամավորը մեզ հետ զրույցում ներկայացրեց դիտարկումները թե իր արձանագրածի, թե մարտական գործողություններին մասնակցած ընկերների, այդ թվում 70-ամյա հոր պատմություններից, որը որպես կամավոր է մեկնել Արցախ: Բաբայանն ասում է, որ ինքն ամբողջ պատերազմի ընթացքում Խնձորեսկից մինչև Մեղրի անընդհատ բոլոր դիրքերով շրջել է` հասկանալու, թե ինչով կարող է օգնել:

Պատգամավորն ուշադրություն է հրավիրում Մեղրիում զոհվածների փաստին՝ օրինակ բերելով նաև նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանին, ասում է այդ հատվածում 12 զոհ ենք ունեցել, սակայն պաշտպանություն իրականացնողները համապատասխան զինտեխնիկա չեն ունեցել: Անարձագանք են մնացել Պաշտպանության նախարարությանն ուղղված այն կոչերը, որ Մեղրիում հրետանի է հարկավոր:

«Մարտական գործողությունների ժամանակ որոշակի շեղումներ եղել են, ու այդ շեղումները հանգեցրել են անկազմակերպվածության, հետադարձ կապի բացակայության կամ ոչ ճիշտ կոորդինացիայի: Թշնամին ամբողջությամբ տիրապետել է մեր վարքագծին, կարողացել է էնպիսի ազդեցություն թողնել, որ մեզ մոտ ջոկատների, հենակետերի միջև կապի խզում է եղել»,- պատմում է Հարություն Բաբայանը:

Պատգամավորն այն համոզմունքին է, որ պետք է ստեղծվի փաստահավաք խումբ, որը քննելու է այս ռազմական գործողությունների ողջ ընթացքը: Պաշտոնատար անձինք, ըստ նրա, իրավունք չունեն պարզապես հրաժարականի դիմում ներկայացնել և հեռանալ, բոլորը պետք է փաստահավաք խմբի հարցերին պատասխանեն: Օրինակ` ի՞նչ են զեկուցել, ինչպե՞ս են զեկուցել, կամայական զորամասի որևէ հրամանատար ինչ մարտական խնդիր է կատարել և այլն:

Բաբայանի կարծիքով` նման անձինք չպետք է Հայաստանից բացակայեն, իսկ պաշտոնատար անձինք, որոնք պետք է հարցերի պատասխանեն, շարունակ հրաժարականներ են ներկայացնում:

«Հունան Պողոսյանը Սյունիքի մարզը թողնում, գնում է: Ինչի՞ է գնում, բացատրություն պետք է տա, ախր հո ամուսնալուծություն չի՞, որ կնոջդ ասես` այլևս չեմ կարող ապրել քո հետ… ուղղակի պատասխանատվությունը կորել է»,- ասում է մեր զրուցակիցը:

Հարություն Բաբայանը լիահույս է, որ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն արագ կապաքինվի և հանրությանը կներկայացնի իր վերլուծությունները:

Պատգամավորը նաև պնդում է` բանակը պետք է ոտքի կանգեցնել, ճիշտ զորահավաք կազմակերպել, մարտական խնդիրներ դնելով` կարողանալ երկրի նոր գծված սահմանները պաշտպանել: Ապա հավելում` պատերազմը չի ավարտվել, որքան էլ մենք հանգիստ խոսենք, մեր հարևանները մեզ հանգիստ չեն տալու: Իսկ ժողովուրդը կարծում է, թե ամեն ինչ վերջացել է, հարցը` լուծվել:

Բաբայանի խոսքով` մեր հակառակորդը հինգերորդ սերնդի ժամանակակից պատերազմ է վարել, որին մենք պատրաստ չէինք, իսկ ինչի պատրաստ չէինք, հռետորական հարց է բարձրացնում պատգամավորը ու հիշեցնում 2016 թվականի ապրիլյան պատերազմը, որի վերլուծություններն առկա  են գլխավոր շտաբում, այդ թվում` նաև սխալները, սակայն ըստ երևույթին, հետևություններ չեն արվել: Ըստ նրա` պետք է դիրքերի ճիշտ կահավորանք լիներ, գնումների համապատասխան պլան, երբ հակառակորդը ԱԹՍ-ներ էր ձեռք բերում, «Բայրաքթարների» պայմանագրեր կնքում, պարզ չէ` ի՞նչ էինք մենք անում:

«Գերիների, անհետ կորածների ընտանիքների անդամները ռուս խաղաղապահների ներկայությամբ հանդիպում են ադրբեջանական զինվորների հետ, փորձում գործարքի գնալ: Մարդիկ ճանապարհներ են փնտրում իրենց հարազատներին գտնելու համար, եթե պետությունն ուժեղ լիներ, ինքը կնախաձեռներ, քանի որ չի անում, մարդիկ են բանակցում, քաղաքացին իր գլխի ճարը տեսնում է, հասկանում եք` դա ինչ է»,- ասում է նա:

Պատգամավորի կարծիքով` պետական համակարգը դեռևս շոկային իրավիճակում է, չի կարողանում օպերատիվ արձագանքել առկա իրողություններին: Ասում է` նույնիսկ այս վիճակում բյուրոկրատական քաշքշուկ է, օրինակ է բերում ոտքը կտրված զինծառայողին անմիջապես հաշմանդամության կարգ չտրամադրելը, այլ ասելը` արի՛, հանձնաժողովը թող տեսնի: Ասում է՝ Կառավարությունը պետք է իրազեկի քաղաքացիներին իր իրավունքների մասին, հայտնի` որտե՞ղ դիմել, ի՞նչ անել, քանի որ ոչ բոլորն են համացանցից օգտվում: Ապա հավելում` շատերն են այսօր պետության դերն իրականացնում՝ օգնելով անօթևան դարձած արցախցիներին, չնայած որ այդ հարցերով պետությունը պետք է զբաղվեր:

«Ինձ որ ասում էին` ո՞րն է ձեր ջոկատը, գանք, ասում էի՝ պետությունն է իմ ջոկատը, գնացե՛ք զինկոմիսարիատ, ինձնից ջոկատ մի՛ ուզեք, ֆիդայական ժամանակներն անցել են»,-պատմում է պատգամավորը: Վերջինս չի դժգոհում, որ ինչ-որ չափով ինքը ևս մատակարարումներ է իրականացրել դիրքերում, ուղղակի մտահոգություն է հայտնում, որ դա պետության գործն էր, որը, սակայն, չի արվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter