
Արա Այվազյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին
Դեկտեմբերի 2-ին արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպին, Հայաստանում իր առաքելությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին և Ճգնաժամային գործառնությունների ղեկավար Պասկալ Հունդին։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման առանցքում էին Ադրբեջանում գտնվող գերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների, դիերի փոխանակման հարցը: Այս առնչությամբ կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը համատեղել ջանքերը նշված առաջնային խնդիրներին հրատապ և լիարժեք լուծում տալու գործում:
Արա Այվազյանն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ գերիների և խաղաղ բնակչության հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և հաշվեհարդարի բազմաթիվ դեպքերի վրա:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հաղթահարման հարցերին, մասնավորապես՝ պատերազմից տուժած արցախահայության աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, Արցախ վերադարձող տեղահանված բկաչությանը հրատապ օգնության: Արա Այվազյանը բարձր գնահատեց այս ուղղությամբ գործադրվող ԿԽՄԿ ջանքերը և վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը շարունակել սերտորեն համագործակցել՝ հումանիտար արձագանքումն առավել արդյունավետ դարձնելու համար:
Մեկնաբանել