
Սյունիքում և Գեղարքունիքում պատերազմի հետևանքով անշարժ գույքին հասցված վնասները կփոխհատուցվեն
Կառավարությունը կփոխհատուցի պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները։ Որոշումն ընդունվել է Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում։
«Փոխհատուցումը կտրամադրվի քաղաքացիներին, քանի որ հիմնականում ավերածությունները փոքր չափի են: Միայն մեկ դեպք ունենք ամբողջական վնասված տան, որտեղ հետագա բնակությունը հնարավոր չէ, լրացուցիչ քննարկում է իրականացվում այդ ընտանիքին կացարանով ապահովելու համար: Նաև կան շարժական գույքի մասով կրած վնասներ, որոնց փոխհատուցման համար Կառավարության լրացուցիչ որոշում կլինի»,- տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Աջակցությունը կտրամադրվի միանվագ դրամական օգնության ձևով։ Աջակցությունից օգտվելու համար շահառուն գրավոր դիմում պետք է ներկայացնի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։ Դիմումը պետք է ներառի շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը, վնասված տան հասցեն և բանկային հաշվեհամարը:
Նախարարությունը շահառուի դիմումը ստանալուց հետո կկատարի շահառուի ներկայացրած տվյալների ճշգրտում և 5 օրվա ժամկետում կկայացնի որոշում՝ աջակցության տրամադրման կամ մերժման մասին:
Աջակցության տրամադրման մերժման մասին պատասխանում կնշվի մերժման պատճառը, իսկ աջակցության տրամադրման դեպքում՝ համապատասխան գումարը շահառուի բանկային հաշվեհամարին կփոխանցվի 5 աշխատանքային օրերի ընթացքում:
Մեկնաբանել