HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ռեկտորներին ընտրելու է նախարարը․ օրենքի նախագիծը տարաձայնությունների պատճառ է դարձել

Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել էր որոշում, որով նախատեսվում է մի շարք փոփոխություններ կատարել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում և հարակից օրենքներում։ Մասնավորապես, բուհերի ռեկտորները, գիտական կազմակերպությունների տնօրենները նախատեսվող օրենքների փոփոխությամբ նշանակվելու են ԿԳՄՍ նախարարության կողմից մինչև 5 տարի ժամկետով։

Այս առիթով ԵՊՀ ռեկտորի թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանի մամուլի ասուլիս էին հրավիրել։ Նրանք իրենց մտահոգություները հայտնեցին օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։

«Այս մեծ փաթեթները և՛ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից, և՛ Երևանի պետական համալսարանի կողմից կարելի է ասել զրո ուշադրության են առաջացել։ Որևիցէ փոփոխություն տեղի չի ունեցել, երկար ժամանակ ձգձգված մնացել է՝ առաջացնելով հանարային արդարացի ընդվուզմներ, և այսօր հապճեպ կարգով չզեկուցվող հարցերի փաթեթով ներկայացվում է Ազգային ժողովի հաստատմանը։ Իրավիճակն ավելի վատանում է այդ նախագծի մեջ կատարված մի փոփոխության աարդյունքում, ըստ որի՝ ԿԳՄՍ նախարարը իրավունք է ստանում ուղղակի նշանակել բուհի ռեկտորին մինչև կառավարման խորհրդի ձևավորումը 5 տարի ժակետով»,- հայտնեց Մենուա Սողոմոնյանը։ 

Ըստ նրա՝ սրանով հնարավորություն է տրվում տևական ժամանակ չունենալ հոգաբարձուների խորհուրդ, կառավարման խորհուրդ և միանգամից նշանակել բուհի ռեկտոր

«Սա նշանակում է բուհական համակարգի համակենտրոնացում։ Սա բուհական ինքնավարության կոպտագույն սահմանափակում և խախտում է»։

Վերջինիս խոսքով՝ այս օրենքի նախագիծը բուհերին կախման մեջ է դնում քաղաքական իշխանություններից, և նրանց փոփոխության պարագայում անընդհատ բուհերի կառավարման ոլորտներում առաջանալու են փոփոխություններ։

Ըստ ԵՊՀ ռեկտորի թեկնածու Վահե Հովհաննիսյանի՝ օրենքի նախագիծը որոշակի քաղաքական կոնտենտ ունեցող գործընթացի մաս է։ 

«Հեղափոխությունից հետո մենք ողջամտորեն կարող էինք հույս ունենալ, որ կլինեն բարեփոխումներ և մենք կունենանք բուհական ինքնավարության և ակադեմիական ազատության ողջամիտ մակարդակ։ Գործող և ներկայացված օրենքի նախագծով բուհերը զրկվում են ինքնուրույն զարգանալու, ինքնակառավարվելու և ակադմեիական ազատություն ունենալու հնարավորությունից»,- ասաց ռեկտորի թեկնածուն։

Նրա խոսքով՝ օրենքի նախագիծը ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանը

«Օրենքի նախագիծը հակասում է Սահմանադրության 38-րդ հոդվածին, որտեղ հստակ ամրագրված է, որ բուհերը օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ՝ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը։ Օրենքում առաջարկվող տարբերակը հակասության մեջ է մտնում և՛ քաղաքացիական օրենսգրքի հետ, և՛ հիմնադրամների մասին օրենքի հետ։ Այս օրենքով որևէ ձևով ակադեմիական ազատությունը չի երաշխավորվում»։

Վահե Հովհաննիսյանը նաև նշեց, որ ժամանակավոր կառավարչի համար չեն տարածվելու բուհի ռեկտորների համար սահմանված օրենսդրական պահանջները, և կոչ արեց ԱԺ իրավաբան գործընկերներին չդավաճանել իրենց մասնագիտությանը։ 

«Որոշում ունենք օրենքով սահմանված բոլոր գործիքներով պայքարելու այս օրենքի նախագծի դեմ, նախազգուշական գործադուլ կիրականացնենք, հետո կշարունակենք անելիքները»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ օրենքի նախագծով նաև նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ը բուհի ներկայացուցիչներից (այդ թվում մեկը՝ ուսանող), իսկ մյուս 6-ը գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից։ Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունն արգելվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter