HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Հադրութի դպրոցի տնօրեն. «Մեզ հիմա մի բան է պետք, որ մի ձեւով կարողանանք մեր պատմությունը պահպանել»

Արցախի Հադրութ քաղաքի միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանն երկու ամիս է՝ Հայաստանում է, ապրում է վարձակալած բնակարանում։ Հադրութում, որը հանձնվել է Ադրբեջանին զինադադարի մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթով, թողել է տունը՝ հետը վերցնելով միայն առաջին անհրաժեշտության իրեր։ Տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում էր երկու տարի, մինչ այդ եղել է դպրոցի փոխտնօրենը։

Գրիգորյանը պնդում է՝ ուսուցիչների հիմնական մասն անգործ է, եւ որեւէ հույս չունեն, որ այս տարի աշխատանք կգտնեն։

Հադրութի դպրոցը կառուցվել էր 1970-71 թվականներին, սկզբնական շրջանում կրթությունը կազմակերպվել է հայերեն եւ ռուսերեն, իսկ ղարաբաղյան շարժումից հետո՝ միայն հայերեն։

Այս տարի դպրոց հաճախողների թիվը 587 է եղել, ունեցել են 51 ուսուցիչ եւ 22 օժանդակող աշխատակից։ Ուսուցիչների մեծ մասը երիտասարդ է, սեպտեմբերին համալրվել էին նաեւ թափուր հաստիքները։

Այս ուսումնական տարվա մեկնարկից հետո դպրոցը գործել է միայն երկու շաբաթ՝ սեպտեմբերի 14-26-ը։ Տնօրենի խոսքով՝ պատերազմի առաջին օրը տարհանվել են քաղաքի բնակիչները։ Դպրոցից գրքեր, գրենական պիտույք, կահույք, որեւէ բան չեն հանել, Հադրութը թողել են այն մտքով, որ երկու-երեք օր հետո վերադառնալու են։ «Ոչինչ չենք փրկել, էսօր մի տեսանյութ տեսա՝ դպրոցի շենքը կար, ինձ թվաց՝ շտաբի նման մի բանի են վերածել»,- ասում է տնօրենն, ապա մի քանի րոպե լռում... նորից հիշում դպրոցն ու աշակերտներին, պատմում, որ լավ դպրոց են ունեցել, աշակերտներն էլ օլիմպիադաների եւ մրցույթների են մասնակցել։

Հադրութի միջնակարգ դպրոցի ուսուցիչների մեծ մասը հիմա Երեւանում է բնակվում, թեեւ փորձում են աշակերտների հետ կապ պահել, բայց դասընթացներ չեն իրականացնում։

Ուսուցիչները հանդիպել են Արցախի կրթության գիտության, մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի, ինչպես նաեւ Հադրութի տարածաշրջանի կրթության բաժնի աշխատակցի հետ, բայց ոչ մեկն էլ հստակ ոչինչ չի ասել, թե ինչպես են շարունակելու աշխատանքը։ Գայանե Գրիգորյանն ասում է, որ Արցախի ԿԳՄ նախարարը ջանքեր է թափել՝ աշխատատեղեր ստեղծելու համար. ուսուցիչներից մի քանիսն աշխատում են Արցախի տեղեկատվական շտաբում՝ պատասխանում են զանգերին։

«Ես մեծ ցանկություն ունեմ հետ գնալու, ինձ կոնկրետ աշխատանք է պետք, ես ուսանող երեխա ունեմ, որին ինչպե՞ս պահեմ առանց աշխատանք։ Սարսափելի է, որ այսքան մարդ գործազուրկ է մնացել, շրջանում 28 դպրոց էր գործում, հիմա այդքան դպրոցի ուսուցիչ չի աշխատում»,- ասում է Գրիգորյանը։ Հոկտեմբերին ուսուցիչները ստացել են միանվագ աշխատավարձ՝ 100 հազար դրամ։

Աշակերտների մասին խոսելիս Գ. Գրիգորյանը նշում է, որ ամեն ինչ անում են կապը չկորցնելու համար, դասղեկները հետեւողական են, սովորողների մոտ 90 %-ը մասնակցում է դասապրոցեսին, բայց կան երեխաներ, որոնք տարբեր պատճառներով դեռեւս դպրոց չեն գնում, մի մասն էլ հույս ունի նորից Արցախ վերադառնալու։

Վերջինիս կարծիքով՝ լավ տարբերակ կլիներ, որ Ստեփանակերտի դպրոցներից մեկը հատկացնեին հադրութցիներին. «Գուցե գնանք, բոլորով հավաքվենք այնտեղ, մեր աշակերտները հետ գան, այնպես չլինի, որ Հադրութի միջնակարգ դպրոց արտահայտությունն այլեւս չլինի։ Սա մեր ցանկությունն է։ Մեզ հիմա մի բան է պետք, որ մի ձեւով կարողանանք մեր պատմությունը պահպանել, որ պատմությունից չվերանանք»։

Հարցին՝ Ստեփանակերտում վերաբացվող դպրոցներում արդյոք հնարավորություն չի տրվի նաեւ հադրութցիներին աշխատելու, Գրիգորյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ կաշխատեն ստեփանակերտցի ուսուցիչները, թեեւ իրենց ցանկությունն էլ մեծ է։

Արցախի կրթության, գիտության, մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Արցախի կազմի մեջ մտնող կրթօջախների ուսուցիչները կպահպանեն իրենց ժամաքանակը, իսկ Հայաստանում գտնվողների համար դիմել են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ թափուր հաստիքներում արցախցի ուսուցիչներին առանց մրցույթի ընդունելու։ Նախարարն ասում է՝ բանավոր դիմել է, ամբողջական տվյալներ ստանալուց հետո փաթեթ կներկայացվի ԿԳՄՍՆ-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter