HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Amara Terra Mia

Վերնագիրն ընտրելիս ակամայից մտաբերեցի այս հուզական երգի անունը (իտալերենից թարգմանաբար նշանակում է «Իմ թշվառ հայրենիք»): Ստեղծագործության լավագույն կատարողը, ըստ իս, հենց երգի հեղինակն է` իտալացի երգիչ Դոմենիկո Մոդունյոն, ով 1987-1994թթ. Իտալիայի պառլամենտի պատգամավոր էր: Նա մահացել է 1994թ. սրտի կաթվածից` աղքատներին մշտապես օգնելիս թշվառության տեսարաններին շարունակ առնչվելու հետևանքով…

Գուցե նաև պարարտ առողջությունը չխաթարելու նպատակո՞վ են հայավեր հանրապետականները պինդ փակել իրենց անհայացք աչքերն ու շեֆահլու ականջները, կուրացած սրտերն ու խլացած հոգիները. իսկ ջիփերից, ռեստորաններից, էլիտարներից, կազինոներից և սաունաներից ժողովրդի աղքատ ու չարքաշ առօրյան, այսպես թե այնպես, «լավ չի երևում», անեծքներն էլ «լավ չենք լսում»:

Հղփացած փոքրուկների ճակատագիրը բոլոր ժամանակներում անհիշատակ անէացումն է եղել, իսկ ընտրյալի անուն չեն վաստակում` յուրացրած բանկաքսակների անհամար կափույրները նախընտրական շրջանում բացելով և ընտրակաշառքներ «բարեգործելով»: Ցավալի է, որ սկզբնապես անկախական համարվող կուսակցությունն այսօր մանրացել-դարձել է մի առանձնյակ` անօրեն, ազատախեղդ, հակամարդ: Անգամ հնարավոր է հայտնի անեկդոտի խոսքերը վերափոխել. «Մի օր Հայաստանը գնում է դեպի պայծառ ապագա, և ՀՀԿ-ն կանգնեցնում է»…

Amara Terra Mia

Բայց թողնենք դժոխացուներին, որոնց չեն օգնի նույնիսկ հհկ-ացած հնամենի մարդիկ, նախարարներ, պատգամավորներ, մյուսներ (գորշությունը խավարում է, խավարը` սևանում - լուսասփյուռը հայ ժողովուրդն է, որը ՀԱՎԱՏՈՒՄ Է լույսին, արդարությանը, արժեքներին, իր հայրենիքին, դրա համար էլ երբեք ՉԻ ՓՈԽՎԻ):

Անդրադառնանք ընդդիմադիր ուժերին, որոնք, իշխանության վերարտադրման գլխավոր գործիք փաստացի հռչակելով մեծամասնական ընտրակարգը, ժողովներ անցկացրին, կլոր թե քառակուսի սեղաններ, ասուլիսներ, հայտարարություններ առ այն, թե բալասանը 100 տոկոս համամասնականն է: Եվ երբ իշխանազավթիչ ուժը, բնականաբար, դեմ արտահայտվեց, ու մեծամասնականը մնաց, այստեղ արդեն  ընդդիմադիրներն անշփոթ մոռացան իրենց վերոնշյալ տիեզերածին մտքերը, և փոխանակ միմյանց միջև պայմանավորվեին 41 ընտրատարածքներում մեկական թեկնածուներով ժողովրդին ներկայանալու հարցում, յուրաքանչյուրը սկսեց իր ներկայացուցիչներին առաջադրել. ի՞նչ է պատահել որ:

Հավանաբար, ընդդիմադիր ուժերը (որպես այդպիսին նաև հանդես է գալիս խորհրդարանական ընդդիմությանը կցված նորածին անդրօվկիանոսամոլը, որը, եթե առանձին մասնակցեր ընտրություններին` գումարած նույնիսկ նեղ հանրային սեկտորականների, ապա լիովին անհայտ է, թե որ վաստակի համար կկարողանար ստանալ, դիցուք, 1.2 տոկոս) այնքան էին զբաղված իրենց աշխարհացունց անհատներով սեփական ցուցակները և ապագա խորհրդարանը զարդարելու աստվածառաք  խնդրով, որ մեծամասնականների հարցով մի քանի հանդիպմամբ  պայմանավորվելու ժամանակ չգտան: Եվ այսօր միմյանց հասցեին հնչող այդ փոխադարձ «կրակոցները» կարծես նախօրոք միտված են հնարավոր պարտության դեպքում հետագայում իրար մեղադրելու հող նախապատրաստելուն…

Amara Terra Mia

Այնուամենայնիվ, դեռ հուսանք, որ ընդդիմությունն այս օրերին կկարողանա գեթ երկու տասնյակ ընտրատարածքների մասով համաձայնության գալ, ինչից հետո ընտրողներին կոչ կանի ընտրել միասնական թեկնածուներին: Իսկ այդ դեպքում նույնիսկ երդվյալ մաուզերիստն իր ձայնը կտա հակաավազակապետության ներկայացուցչին, և հակառակը:

Բայց եթե չկարողանան կամ չցանկանան, ապա նաև թող չզարմանան, երբ ժողովուրդը, որը խելացի և մնացողաց է յուրաքանչյուր կուսակցությունից ու բոլորից միասին վերցրած, սկսի նրանց գնահատել որպես կերամանի ձգտող (հատկապես որ երկուսը երկար ժամանակով օգտվել են դրանից): Այնինչ նման գնահատականը չափազանց վտանգավոր կդառնա. ժողովրդինն է և կարող է տարածվել մոտալուտ 2013 թվականի ոչ իշխանական նախագահացուների վրա: Այդ երեք-երեքուկես ընդդիմադիր ուժին` խիղճ, խելք, պատասխանատվություն: Ապա թե ոչ` ուրեմն դարձյալ Amara Terra Mia, մինչև որ…

Մինչև որ, ի սարսափ հակաքրիստոնյա իշխանակիրների և ի հեճուկս ընդդիմությանց, վերջնականապես զորեղանա և ամենուր իր հայրենատեր արդար կամքը պարտադրի նորանոր ըմբոստախմբերով օրեցօր ինքնակազմակերպվող քաղաքացիական հասարակությունը, որի բազմաթիվ արդյունավետ պոռթկումների առաջամարտիկը, անտարակույս, բնապահպանական շարժումն է: Իսկ վերկուսակցական քաղաքացիական հանրության կայացումից անդին` պատմության քառուղիներով ընթացող Հայոց վիրավոր նավը այլևս ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ կնորոգեն և կուղղորդեն:

Եվ, այդուհանդերձ, չնայած իրենց բազմաթիվ սխալներին, մոլորություններին, 95 տոկոսանոց ամբիցիայից բխող հավերժ բոյկոտին և ՀՀԿ-ի շվաքի տակ նորեն կոալիցիացվելը այդպես էլ չբացառող հյդ-ԱԿԱՆՆԵՐԻ խուսանավումներին, հաջողություն մաղթենք ընդդիմադիրներին` հանուն ընտրությունների միջոցով խաղաղ իշխանափոխության հասնելու հայ մարդու հավատի, հանուն հուսաբեր փոփոխության, հանուն արժեքաստեղծ Հայրենիքի վերակերտման: Չէ՞ որ «Մենք ուխտ ունենք` միշտ դեպի լույս»:

Հ.Գ. Ընթերցողների ներողամտությունն եմ հայցում գրչիս հնարավորությունը մի փոքր չարաշահելու համար` բարձրաձայնելով իմ նախապատվությունը մեծամասնական թեկնածուներից մեկի օգտին: Անշուշտ, հարգանքի են արժանի Երևանի 4-րդ ընտրատարածքում առաջադրված Արամ Մանուկյանն ու Սաթիկ Սեյրանյանը, սակայն քաղաքացիական և քաղաքական հավատամքս Զարուհի Փոստանջյանի կողմն է (ում խիզախ, սկզբունքային, ազնիվ և մարդասեր ողջ գործունեությունը բոլորի աչքի առջև է): Եվ Արաբկիրի բնակիչները վստահաբար ճիշտ կվարվեն` մայիսի 6-ին Զարուհուն ընտրելով ԱԺ-ում որպես իրենց ներկայացուցիչ: Այդ տարածքում ապրելու դեպքում ինքս էլ անվարան կընտրեի իմ կողմից չափազանց հարգված Զարուհի Փոստանջյանին:

Արամ Ենոքյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter