
ԱԳ նախարարը պատգամավորների հետ դռնփակ հանդիպման էր
Այսօր խորհրդարան էր եկել արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Նա Եվրոպական ինտեգրման և արտաքին հարցերի մշտական հանձնաժողովների անդամների հետ դռնփակ հանդիպման էր: Քննարկումից հետո նախարարը հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանելուց, միայն ընթերցեց նախապես պատրաստած իր տեքստը:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունն ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է: Լինելով ապաքաղաքական կառույց` այն ունի մեկ նպատակ` ամենօրյա աշխատանքով պաշտպանել հայ ժողովրդի և Հայաստանի շահերը: Ցանկացած փորձ՝ հեղինակազրկելու այդ կառույցը, հարված է պետականությանը, հատկապես այս փուլում, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունը և պատասխանատվությունը տեղափոխվում է դիվանագիտություն»,-ասաց նախարարը:
Արա Այվազյանի համոզմամբ` առկա իրավիճակը պայմանավորված է նրանով, որ դիմակայել ենք անհամաչափ ուժերի:
Նախարարն ընդգծեց` պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից, ապա կոչ արեց վստահել և հավատալ հայ դիվանագիտությանը:
Քննարկմանը մասնակցած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ընդգծեց` արտաքին քաղաքականության ոլորտում օրհասական խնդիրներ կան, որոնք այս պահին հրատապ լուծում են պահանջում, սակայն նախարարի պատասխաններն ու դիրքորոշումներն այնքան էլ հստակ չեն եղել, որպեսզի հասկանալի լինի` այդ խնդիրներն ունա՞կ ենք լուծել, թե ոչ:
«Իմ համոզմունքն է, որ այս պահին գործող կառավարությունը՝ ի դեմս նիկոլ Փաշինյանի, չի կարողանալու այդ խնդիրները լուծել»,-ասաց նա:
Վերջինիս խոսքով` չնայած մեր դիվանագիտությունն աշխատում է, սակայն ամեն ինչ կախված է քաղաքական ղեկավարությունից, քանի որ հենց ղեկավարությունն է տալու այն ազդակները, որոնց միջոցով դիվանագետները կարողանալու են աշխատել:
Մեկնաբանել