HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ցավ ու վիշտս թողած՝ ընկել եմ դռնեդուռ մահվան վկայական եմ ման գալիս». զոհված զինվորի եղբայր

Մուսաելյանների ընտանիքը բյուրոկրատական մղձավանջի մեջ է։ Շամշադ Մուսաելյանն ասում է, որ արդեն երկար ժամանակ է՝ չի կարողանում պատերազմում զոհված եղբոր՝ Հայկի մահվան վկայականը ստանալ։ Դիրքերից իջնելուց հետո Շամշադը ստիպված է եղել ընկնել դռնեդուռ եղբոր մահվան վկայականը ստանալու համար, բայց ապարդյուն՝ պետական մարմինները պատասխանատվությունը մեկը մյուսի վրա են գցում, եւ հարցն այդպես էլ չի լուծվում։

Քաշաթաղի Տանձուտ գյուղի կամավորական ջոկատի հրամանատար Շամշադ Մուսաելյանը և իր եղբայր Հայկը սեպտեմբերի 27-ին իրենց ջոկատով մեկնել են ռազմաճակատ։ Զինկոմիսարիատը նրանց ուղարկել է Ջաբրայիլ՝ Արա լեռ, որտեղ նրանք միացել են ժամկետային զինծառայողներին, օգնել են հրետանավորներին։

Շամշադի խոսքով, իրենց կամավորական խմբից միայն Հայկն էր հրետանավոր, մնացածներն օգնում էին։

«Հոկտեմբերի 4-ին մեր զորքը նահանջում էր, ու մենք պիտի թիկունքից պաշտպանեինք նահանջողներին։ Կռվի ժամանակ ախպերս երկու հոգու հետ մտնում ա, որ երկրորդ փորձից սնարյադները հանի։ Էդ պահին ԱԹՍ-ն ռմբակոծում ա.... Ես մոտ 30 մետր հեռու էի կանգնած, ինձ ալիքը խփեց, ախպերս երկու ժամկետային զինվորի հետ զոհվեցին, մի երեխա էլ վիրավորվեց»,- պատմում է Շամշադը։

Հայկի և մյուս զոհվածների կտրտված ու մաս-մաս եղած դիակները նախ տանում են Հադրութի հիվանդանոց, հետո շտապօգնության մեքենայով՝ Ստեփանակերտ։ Շամշադն նույնպես բուժզննում է անցնում Ստեփանակերտում, նրան ասում են, որ կողոսկրերի սալջարդ է ստացել և պետք է բուժվի։ Բայց Շամշադը հրաժարվում է, նրան տանում են տուն՝ Տանձուտ։

Ստեփանակերտի ռմբակոծության պատճառով մեքենաները քաղաքից դուրս գալու հնարավորություն չեն ունեցել, ինչի պատճառով Հայկի դին Տանձուտ են հասցրել միայն լուսադեմին։

Շամշադի տարեց ծնողների ցանկությամբ Հայկի դին հաջորդ օրը տեղափոխում են Հայաստան՝ Չարենցավան։ Մուսաելյանների ընտանիքը Չարենցավանից է, բայց 1994 թվականից բնակվում են Քաշաթաղում։

«Ամսի 5-ին ապերին բերեցինք Չարենցավան, իսկ ամսի 8-ին հուղարկավորեցինք։ Դրանից հետո ես ու իմ մյուս ախպերը նորից գնացինք ռազմաճակատ»,-ասում է Շամշադը։

Քանի որ դեկտեմբերի 1-ին Քաշաթաղը պետք է անցներ Ադրբեջանի վերահսկողության տակ, Շամշադը իջնում է դիրքերից, և Մուսաելյանների ընտանիքը նոյեմբերի 30-ին վերջին գիշերն է անցկացնում Տանձուտում, որտեղ բնակիչները հավաքում են իրերը, այրում իրենց տներն ու հեռանում։

«Որ դիրքերից իջա, ինձ պապան ասեց, որ Չարենցավանի քաղաքապետարանից Հայկի մահվան վկայականն են պահանջել, որ գերեզմանի համար հատկացված հողը օրինական կերպով գրանցվեն։ Ու էդ պահից սկսվում ա...»,-ասում է Շամշադը։

Մահվան վկայականը ստանալու համար Շամշադը նախ մոտենում է զինկոմիսարիատ, այնտեղից նրան ուղարկում են Ստեփանակերտի դիահերձարան։

«Գնում եմ Ստեփանակերտ մորգի բժշկի մոտ, ինքը ասում ա՝ ես քո ախպորը ոչ տեսել եմ, ոչ վրեն գործ եմ արել, ես չեմ հերձել, դոկումենտ որտեղի՞ց տամ։ Ես էդ ժամանակ ջղայնանում եմ, տաքանում եմ, ասում եմ՝ ընդեղ ի՞նչ կար հերձելու... կտրտած մարմինը ի՞նչ հերձես»,- վերհիշում է Շամշադը։

Քանի որ ծնողները զոհված զինծառայողի հուղարկավորության ծախսերի հատուցման համար միանվագ գումարը՝ 700 հազար դրամը ստացած են լինում, Շամշադը փորձում է մահվան վկայականի հարցը ճշտել Քաշաթաղի շրջանի սոցիալական ապահովության խնդիրներով զբաղվող կառույցից (որն արդեն՝ Քաշաթաղի շրջանի հանձնումից հետո չի գործում)։

«Ես իրանց հարցրեցի՝ եթե փաստաթուղթ չկա, գումարը ո՞նց եք տվել։ Ինձ աշխատողն ասեց, որ զինկոմիսարիատը զոհվածների ցուցակները ներկայացրել ա ՊՆ, այդտեղից՝ սոցապ նախարարություն, նախարարությունն էլ թղթերով ուղարկել ա Քաշաթաղի սոցապ բաժին»։

Քաշաթաղի վարչակազմում նույնպես մերժում են՝ ասելով, որ իրավասու չեն տրամադրել Հայկի մահվան վկայականը։ Շամշադն ասում է, որ զանգել է տարբեր թեժ գծեր, բախել տարբեր դռներ, զինկոմիսարիատ, բայց բոլորի պատասխանը նույնն է՝ ուղարկում են դիահերձարան։

 « Էն ժամանակ մենք սաղս գժված էինք, մեր վիճակը պատկերացնում ես, ես շատ իմանայի՞, որ վիշտս թողած՝ պիտի էդ փաստաթղթերի հարցերը լուծեի, որ հիմա էս խնդիրը չլիներ։ Ամոթը էն ա, որ մենք սարերից իջել ենք, հիմա էլ անցել ենք կաբինետների դռները, ցավ ու վիշտ թողած՝ ընկել եմ դռնեդուռ մահվան վկայական եմ ման գալիս, հասկանու՞մ ես»,-ասում է Շամշադը։

Շամշադի խոսքով, Հայկի հետ զոհված զինվորներից մեկի մահվան վկայականը տվել են, նրա կարծիքով՝ դա իրավիճակն ավելի աբսուրդային է դարձնում, երբ երեք զոհված զինվորների դիերն էլ նույն շտապօգնության մեքենայով են տեղափոխել։

«Հետքը» այս հարցի պարզաբանման խնդրանքով դիմել է Արցախի ՊԲ եւ Հայաստանի ՊՆ։ Պատասխանները կհրապարակենք ստանալուն պես։

Հ.Գ. Հայկի հետ ԱԹՍ-ի ռումբից զոհված ժամկետային զինծառայող Մուկուչը 14 օրից դառնալու էր 19 տարեկան, իսկ Սուրենը 20 տարեկան էր, զորացրվելուն մնացել էր 90 օր (Մուկուչի եւ Սուրենի ազգանունները ճշտել չհաջողվեց)։ Իսկ Հայկը 40 տարեկան էր։

Գլխավոր լուսանկարում՝ վերևում Հայկն է, ներքևում աջից՝ Սուրենը և ձախից՝ Պյոտրը, որը նույնպես զոհվել է, Հայկից ու Սուրենից մի քանի օր անց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter