Այս տարի «Մոլորակի ժամը» մարտի 31-ին է. Հայաստանը ևս մասնակցում է
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF) ՀՀ բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հերթական անգամ կազմակերպում է «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան Հայաստանում:
Ակցիայի նպատակն է միավորել հասարակությանը և բիզնեսի աշխարհին, կառավարություններին և համայնքներին՝ 1 ժամով անջատելու լույսերը հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման:
«Մոլորակի ժամը» տեղի կունենա ամբողջ աշխարհում 2012թ. մարտի 31-ին՝ ժ. 20:30-ից 21:30-ը (տեղական ժամանակով):
Այս տարի ակցիային միանում են նաև Հայաստանի քաղաքամայր Երևանը, ինչպես նաև Վանաձոր և Կապան քաղաքները: Հայաստանի քաղաքներում նույնպես 1 ժամով անջատվելու են խորհրդանիշ հանդիսացող շենքերի, հրապարակների և օբյեկտների արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան, պողոտաների ու փողոցների լուսավորությունը:
Անցյալ տարի «Մոլորակի ժամին» մասնակցել է ավելի քան 5200 քաղաք 135 երկրում, որոնց թվում էր 89 մայրաքաղաք:
«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007թ. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էր իր լույսերը: Հիմնական նպատակն էր միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Գնալով այս ակցիան ձեռք բերեց մեծ հեղինակություն' ապահովելով ավելի քան 1 մլրդ բնակչության մասնակցությունը ողջ աշխարհում:
Մարտի 31-ին Երևանում տեղի կունենա «Մոլորակի ժամի» վերաբերյալ մամուլի ասուլիսը, որին ներկա կլինեն նաև ՀՀ բնապահպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Այս ակցիային միացել են նաև Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործընկերներ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ն և Երևանի «Կոնգրես» հյուրանոցը, որոնց ներկայացուցիչները նույնպես ներկա կլինեն մամուլի ասուլիսին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել