HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Փողի դերի ազդեցության սահմանափակում». քննարկման է ներկայացվել «Կուսակցությունների մասին» օրենքը

Առաջիկա խորհրդարանական քառօրյային քննարկման կներկայացվի «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որի մշակման համար այս տարվա սեպտեմբերից խորհրդարանական աշխատանքային խումբը քաղաքացիական հասարակության, խորհրդատվական մարմնի հետ համատեղ աշխատում էր: Հետագայում փոփոխություններ կլինեն նաև «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, որի նախագիծը դեռ վերջնական մշակված չէ:

Ըստ այս փոփոխությունների` կուսակցություն գրանցելը դյուրացվում է, սակայն գործունեություն ծավալելը բարդանում է` ընդգծված հաշվետվողականության և թափանցիկության պահանջներ են ներկայացվում կուսակցություններին:

Կուսակցության ստեղծման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշմանը կողմ է քվեարկել կուսակցության հիմնադիր համագումարին ներկա հիմնադիրներից առնվազն 100-ը:

Կուսակցության գրանցման պահին պետք է առկա լինի նաև կուսակցության անդամների ցանկը, որը պետք է պարունակի կուսակցության անդամի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը և ստորագրությունը: Կուսակցության հիմնադիրներ կարող են դառնալ նաև 18 տարեկան քաղաքացիները:

Եթե գործող օրենքով կուսակցությունը ստեղծման պահին առնվազն 800 անդամ պետք է ունենար, որոնք կներկայացնեին կամ Երևան քաղաքը կամ հանրապետության մարզերի առնվազն 1/3-ը, ապա այժմ առաջարկվում է միայն ընդգծել, որ ստեղծման պահին կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 800 անդամ:

Եթե գործող օրենքով կուսակցությունները պետք է առնվազն չորս տարին մեկ համագումար հրավիրեն, ապա փոփոխություններով այս ժամկետն առաջարկվում է կրճատել` դարձնելով երկու տարի: Ընդ որում՝ կուսակցության անդամների նախաձեռնությամբ կարող է հրավիրվել նաև արտահերթ համագումար։

Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը (նախագահություն, վարչություն և այլն) ձևավորվում է կոլեգիալության սկզբունքով, որի անդամներն ընտրվում են համագումարի կողմից` կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետով: Մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60 %-ը: Մշտապես գործող ղեկավար մարմինը որոշումներ է ընդունում նիստերի արդյունքում՝ կանոնադրությամբ սահմանված կարգով:

Կուսակցության՝ օրենքով սահմանված ղեկավար մարմիններն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ օրենքով և կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Նախագծով առաջարկվում է արգելել պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային կազմակերպությունների և հիմնարկների տեղակայումը կուսակցությանը պատկանող շենքերում և շինություններում:

Կուսակցությունն իր գործունեության ֆինանսավորման, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նպատակով հնարավորություն է ունենում ստանալու վարկեր Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից, վարկային կազմակերպություններից, ինչպես նաև ներդնել ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում:

Արգելվելու է կուսակցությանը զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև լինել առևտրային իրավաբանական անձի հիմնադիր կամ մասնակից:

Կուսակցության կողմից իր գույքի վաճառքի կամ վարձակալության գինը չպետք է էականորեն գերազանցի պայմանագրի կնքման պահին համանման գույքի վաճառքի կամ վարձակալության համար գործող շուկայական գինը։ Կուսակցության կողմից հիմնադրված զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների գործունեության արդյունքում ստացված եկամուտը չի կարող փոխանցվել կուսակցությանը, այդ թվում՝ նախընտրական հիմնադրամին։ Կուսակցությունը բոլոր դրամական վճարները կատարելու է անկանխիկ եղանակով:

Կուսակցությունը պարտավորվում է օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրել կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմի վերաբերյալ:

Ֆիզիկական անձանցից գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, ներառյալ՝ փոխառությունների, երրորդ անձի կողմից կուսակցության պարտքի մարման, պարտատիրոջ կողմից կուսակցության պարտքը ներելու, երրորդ անձի կողմից իրեն պատկանող իրավունքը կուսակցությանը փոխանցելու, ինչպես նաև կուսակցության օգտին կատարվող այլ գործունեության տեսքով նվիրատվություններ ստանալու իրավունք ունեն կուսակցությունները:

Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաև անդամավճարի և մուտքի վճարի ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրհազարապատիկը, այդ թվում՝ մեկ ֆիզիկական անձի կողմից՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկը: Նվիրատվություններ չեն թույլատրվում ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից, պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից, անանուն անձանցից:

Կուսակցության հետ վարկային պայմանագիր կնքելու դեպքում այդ պայմանագրի պայմանները, ներառյալ՝ վարկի տոկոսադրույքը պետք է համապատասխանեն շուկայում գործող սովորական պայմաններին և չպետք է էականորեն տարբերվեն այլ անձանց, այդ թվում՝ այլ կուսակցությունների հետ նույնանման պայմաններում կնքվող պայմանագրերի պայմաններից: Վարկային պայմանագրի դեպքում արգելվում է վարկը կամ դրանց տոկոսները ամբողջությամբ կամ մասնակի վճարելու պարտականությունից կուսակցությանն ազատելը (պարտքը ներելը) կամ պայմանագիրը կնքելուց հետո տոկոսադրույքի վերանայումը, որի արդյունքում տոկոսադրույքը շուկայականից էականորեն կնվազի կամ այդ պայմանագրերի հետ փոխկապակցված գրավի պայմանագիրը վաղաժամկետ լուծելը կամ պայմանագրի պայմանների այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են դիտվել ակնհայտ անհավասար այլ անձանց կամ կուսակցությունների հետ կնքվող համանման պայմանագրերի պայմանների համեմատ կամ փաստացի կարող են հավասարվել պարտքը ներելուն։

Պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն երկու տոկոսը` գործող օրենքի երեք տոկոսի փոխարեն:

Կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 25-ից ոչ ուշ, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների, դրանց աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը և օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը:

Կուսակցության տարեկան հաշվետվությունը, ի թիվս այլ տեղեկությունների, պետք է պարունակի կուսակցության եկամուտները՝ մուտքի վճարներ, անդամավճարներ,  ֆիզիկական անձանց նվիրատվություններ, վարկեր և փոխառություններ, քաղաքացիաիրավական գործարքներից՝ կուսակցության գույքի առուվաճառքից, վարձակալությունից և օրենքով չարգելված այլ գործարքներից ստացված եկամուտներ, օրենքով սահմանված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորում, տեղական և միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանը ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին ու նմանատիպ այլ միջոցառումների մասնակցության նպատակով հատուցված համապատասխան միջոցներ, կուսակցության օգտին անհատույց կատարված աշխատանքներ և ծառայություններ, բանկային ավանդից ստացված եկամուտներ, նաև` մանրամասն ներկայացված ծախսերը:

Կուսակցությունը յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 15-ից ոչ ուշ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկատվություն է ներկայացնում նախորդ տարում կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմի, այդ կազմում անդամների փոփոխությունների և յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թվի վերաբերյալ:

Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ մարմնի անդամները պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի ձևանմուշը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրելու՝ օրենքով սահմանված կարգը դիտավորությամբ խախտելը, օրենսդրությամբ նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկվելուց և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ գրավոր նախազգուշացվելուց հետո՝ 30-օրյա ժամկետում խախտումը չվերացնելը կարող է հանգեցնել կուսակցության գործունեության կասեցման:

Խորհրդարանական աշխատանքային խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը Մեդիա կենտրոնի` դեկտեմբերի 4-ին հրավիրված քննարկմանը պնդեց` այս փոփոխությունները միտված են ավելի կայացած քաղաքական համակարգ ունենալուն, որտեղ քաղաքական ուժեը կլինեն բիզնեսից անկախ և գաղափարապես ամուր: Նրա խոսքով` փոփոխությունները նպատակ ունեն քաղաքականության մեջ փողի դերի ազդեցությունը սահմանափակել, կուսակցություններն ավելի թափանցիկ դարձնել, իրավաբանական անձանց նվիրատվություններն արգելել: Դանիելյանը կարևորեց նաև բացառապես անկանխիկ ֆինանսական շրջանառությունը և կուսակցության ղեկավար անդամների եկամուտների հայտարագրման պահանջը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախագիծն իրենց համար ընդունելի է այնքանով, որ որոշակի առումով թափանցիկություն է ապահովվում կուսակցությունների ֆինանսավորման հարցում:

«Որոշակի խնդիրներ կային քվոտաների առնչությամբ, մենք չէինք ուզում այնպես ստացվեր, որ կուսակցություններում որոշումների կայացումը լիներ զուտ ձևական բնույթի, և եկանք այն եզրակացության, որ պետք է լինեն խրախուսական մեթոդներ, ոչ թե պարտադրանք: Բայց թե վերջնական տարբերակում քվոտաների թիվն ինչպես կլինի, դա արդեն քննարկման ժամանակ ակնհայտ կլինի»,-ասաց պատգամավորը` ընդգծելով, որ դեռևս խնդիր է այն հարցը, թե ինչպես ապահովել, որ կառավարման գործադիր մարմնում կանանց թիվը 1/3 լինի:

Պատգամավորի խոսքով, սակայն, շատ փոփոխություններ դեռ կլինեն խորհրդարանական քննարկումների ընթացքում: Այս պահի դրությամբ խմբակցությունը նախագծում ներկայացված դրույթների շուրջ հակասություններ չունի:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանի խոսքով՝ չնայած քաղաքացիական հասարակության բոլոր առաջարկները չէ, որ ընդունվել են, սակայն պետք է փաստել, որ բավականին կոմպրոմիսային ու մասնակցային փաստաթուղթ է ստացվել: Ըստ նրա` նախագիծն իր հիմնական նպատակին կծառայի: Ասում է` չնայած կցանկանար ավելի բարձր պատասխանատվության միջոցներներ լինեին, օրինակ, ատելության քարոզի տարածման դեպքում, ինչպես` կուսակցության գործունեության կասեցում, սակայն այդ պարագայում խնդիրներ կառաջանային Սահմանադրության հետ: Քանի որ «Կուսակցությունների մասին» օրենքի շրջանակում նման կարգավորում չէր կարող արվել:

Ամենակարևոր փոփոխությունն, ըստ նրա, հաշվետվողականության բարձրացումն է, ստացվում է` ավելի հեշտ է  գրանցել կուսակցություն, սակայն գործունեությանն ավելի լուրջ է պետք մոտենալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter