
3000 դոլարանոց դեղ՝ 20 օրը մեկ. քաղցկեղը դատարկել է երիտասարդ կնոջ գրպանները
Էլեն Քալաշյանը ամսական ստանում է 80 հազար դրամ աշխատավարձ, բայց 20 օրը մեկ ստիպված է գնել 3000 դոլարանոց դեղ: Այսպես է քաղցկեղը թողել նրան ուրիշների օգնության հույսին: Անհրաժեշտ դեղամիջոցի հերթական սրվակը պետք է գնել մինչև ապրիլի ապրիլի 10, բայց Էլենը չգիտի՝ էլ ում կարող է դիմել գումարի խնդրանքով:
Այս թանկարժեք դեղամիջոցը՝ հերցեպտինը, Էլենի կյանքը փրկելու միակ տարբերակն է: Հիվանդության մասին իմանալուց հետո նա վիրահատվեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որին անմիջապես պետք է հաջորդեր քիմիոթերապիան: Ֆինանսական խնդիրների պատճառով Էլենը հետաձգեց քիմիոթերապևտիկ կուրսի ընդունումը, արդյունքում՝ քաղցկեղային չարորակ գոյացությունները տարածվեցին գրեթե ողջ մարմնում:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում (Մամոգրաֆիայի կենտրոն) կարիք չկար Էլենի ազգանունը հիշեցնել. բժիշկները նրան անունով գիտեին: Կրծքագեղձի քաղցկեղի այս բարդ տեսակը զարմացրել է նրանց:
«Երբ Էլենը վիրահատությունից հետո եկավ հետազոտման, մեր բժիշկները ցնցված էին,- նշում է Մամոգրաֆիայի կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչ Անի Հակոբյանը:- Եթե բուժումը սկսվեր անմիջապես վիրահատությունից հետո, այդպես չէր լինի: Ցավոք սրտի, Էլենը սկսեց ընդունել իր քիմիոթերապիան այն ժամանակ, երբ քաղցկեղային մետաստազները տարածվել էին ամբողջ մարմնում: Նրա վիճակը բավական մտահոգիչ էր: Հերցեպտինը նրա քիմիոթերապիայի միակ բաղադրիչը չէ, բայց հիմնական դեղամիջոցն է և կենսական անհրաժեշտ է ողջ օրգանիզմի համար»:
Բուժման կուրսը ներառում է հերցեպտինի 18 սրվակ, ընդհանուր արժողությամբ՝ 54 հազար դոլար: 13 սրվակն արդեն ընդունել է. Էլենը հատ-հատ հիշում է յուրաքանչյուր սրվակի հայթայթման պատմությունը:
«Երկու սրվակ նվիրել է առողջապահության նախարարությունը, մնացածը գնել եմ ընկերներիս, բարերար մարդկանց օգնությամբ, ինձ աջակցել են «Ծառուկյան» հիմնադրամը, նաև «ԱրմենՏել» ընկերությունը մեծ գումարով,- պատմում է Էլենը:- Ֆեյսբուքում ընկերներիցս մեկը իմ անունով էջ է բացել, էնտեղից մարդիկ երբեմն իմանում են իմ հիվանդության մասին և օգնում: Շնորհակալ եմ նրանց, ինձ համար կարևոր է ոչ միայն ֆինանսական աջակցությունը. ես ուրախ եմ, որ այդպիսի ընկերներ ունեմ, նրանք ինձ ուժ են տալիս, որ ապրեմ»:
Հերցեպտինով բուժման եղանակը Էլենին առաջարկել են արտասահմանցի բժիշկները: «Ես ինտերնետով իմ հետազոտության, անալիզների փաստաթղթերը ուղարկել էի իսրայելական մի հիվանդանոց: Էնտեղից ասացին հերցեպտինով բուժման եղանակի մասին: Նաև Գերմանիա և Մոսկվա էի ուղարկել. նույն պատասխանը տվեցին»:
Երբ այդ մասին Էլենը ասել է իր բժիշկներին, նրանք պատասխանել են, թե դեղամիջոցը շատ թանկ է, այդ պատճառով խորհուրդ չէին տալիս: Իսկ նրանց խորհուրդներից այն, թե կուրծքը պետք է հեռացնել, Էլենը չի ուզում լսել. դա նրա համար բուժվելու եղանակ չէ:
Թե արդյոք հերցեպտինի կուրսն ամբողջությամբ ընդունելու դեպքում Էլենին սպասվում է լիակատար ապաքինում, Անի Հակոբյանը պատասխանեց. «Ես խոսել եմ Էլենի ամբողջ օրգանիզմը ստուգող համակարգչային տոմոգրաֆիայի մասնագետի հետ: Հիմա, բարեբախտաբար, դիտարկված է ոսկրային հյուսվածքի մետաստազների լիարժեք սկլերոզացում, լյարդում այլևս օջախներ չկան: Նա խնդիրներ ուներ նաև թոքերում, որոնք տեղի են տալիս ամեն մի քիմիոթերապևտիկ կուրսից հետո»:
Եթե էլենը ուշացնի կամ դադարեցնի հերցեպտինի ընդունումը, դա, Անի Հակոբյանի խոսքով, նշանակում է ջուրը թափել այն ամենն, ինչ մինչև հիմա արվել է նրա առողջությունը վերադարձնելու համար:
Հերցեպտինի հերթական սրվակը Էլենի ամենամեծ երազանքն է: Նա հուզմունքով է առաջարկում, որ պետության համար քաղցկեղի այս տեսակով հիվանդ կանանց հովանավորելը լինի օրենք, ոչ թե համապատասխան մարմինների բարի կամեցողության արդյունք: «Չէ՞ որ ոչ ոք ապահոգրված չէ: Ի՞նչ աշխատանք գտնեմ, որ քսան օրը մեկ 3000 դոլարանոց դեղ գնեմ: Այս ընթացքում նույնիսկ հասցրել եմ ուսումնասիրել, որ կան երկրներ, որտեղ իսկապես հերցեպտինը պետպատվերով դեղերի ցանկում է»,- ասում է նա:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել