Հելգա Շմիդը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Գերմանացի դիվանագետ Հելգա Շմիդը ուրբաթ՝ դեկտեմբերի 4-ին նշանակվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար։ Նա առաջին կինն է, որը կգլխավորի այդ կազմակերպությունը։ Բացի այդ, Շմիդը կլինի երկրորդ գերմանացին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը։ 1993-1996 թվականներին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար է եղել Վիլհելմ Հյոինկը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ պաշտոնական Բեռլինը բոլոր հարցերում կսատարի Շմիդին։ Նա հավելել է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում չի կարող պատկերացնել ավելի լավ թեկնածուի, քան Շմիդն է։ Նա նաև նշել է, որ մեծ վստահություն ունի Շմիդի նկատմամբ։
Հելգա Շմիդը 2016 թվականի սեպտեմբերից զբաղեցրել է Արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայության (EEAS) գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նա մասնակցել է նաև Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ Եվրամիության բանակցություններին։
ԵԱՀԿ-ն միավորում է Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Կենտրոնական Ասիայի 57 երկրների։ Կենտրոնակայանը և կազմակերպության քարտուղարությունը գտնվում են Վիեննայում։ 2017 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի հուլիսը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է շվեյցարացի Թոմաս Գրեմինգերը, որի մանդատի երկարաձգմանը դեմ էին արտահայտվել մի շարք պետություններ։ Հայաստանը ԵԱՀԿ-ին անդամակցում է 1992 թվականի հունվարի 30-ից։
Լուսանկարը՝ chillreport.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել