HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ամուսինս ասաց՝ եթե 18-20 տարեկան երեխեքը կանգնած են պոստերում, ես չեմ կարող թիկունքում մնալ». Նունե Տոնոյան

Արմավիր քաղաքի վթարային երկհարկանի շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում են ապրում Նունե Տոնոյանն ու իր երկու երեխաները՝ 4 տարեկան Դավիթն ու նրա 6-ամյա քույրը՝ Անահիտը: Երեխաների հայրը զոհվել է Արցախում՝ հոկտեմբերի 13-ին:

Նրանց բնակարան տանող ճանապարհը նեղ արահետ էր հիշեցնում: Բոլոր կողմերից կառուցված էին շինություններ, ինչը ստվերում էր նրանց բնակարանի մուտքը: Բնակարանի սենյակները ևս մութ էին: Նույնիսկ ցերեկն էր պետք լույս միացնել: 

Առաջին սենյակի դռան դիմացի պատին կախված էր զոհված 35-ամյա Արսեն Ավետիսյանի նկարը: Սենյակն այնքան փոքր էր, որ մի կերպ էր տեղավորում հին մոդելի հեռուստացույցն ու բազմոցը՝ իր երկու բազմաթոռների հետ:

Բազմոցի մի անկյունին նստած էին մանկահասակ երեխաները: Բնակարանը ցուրտ էր: Երեխաները տան մեջ բավականին տաք էին հագնված: Նունեն պատմեց, որ այս տարի չեն կարողացել վառելափայտ գնել և ստիպված էլեկտրական սալիկով են երկու սենյակը տաքացնում: Էլեկտրաէներգիան թանկ հաճույք է այս ընտանիքի համար, չեն կարող օրվա մեջ երկար ջեռուցել: Ընտանիքի միակ աշխատողը Արսենն էր… ով այլևս չկա: 

Այս ընթացքում տարբեր բարեգործական կազմակերպություններ ու անհատներ են սնունդով աջակցել ընտանիքին, որոշ չափով էլ՝ գումար է ստացել:

Երբ Նունեն սկսեց պատմել իր ամուսնու մասին և դեռ չէր ավարտել առաջին նախադասությունը, Դավիթն արագ քայլերով մոտ եկավ և հեռախոսը պարզեց մեր կողմը. «տես, պապաս ա: Ընդեղ էլ ա պապաս»,-ասում է ու ցույց տալիս պատից կախված մեծ նկարը:

Արսենը, որպես պայմանագրային զինծառայող 6 տարի աշխատել է Արմավիրի N զորամասում, սակայն այս տարի որոշել էր նաև դիրքեր բարձրանալ: Նունեն ասում է, որ աշխատավարձի քիչ էր, չէին կարողանում ապրել, ինչն ամուսնուն դրդել է, որ դառնա սահմանապահ և, համեմատաբար, բարձր աշխատավարձ ստանա: 

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի օրերին Արսենն իր ծառայակից ընկերների հետ պահել է Տավուշի մարզի սահմանները: Նունեն պատմեց, որ հոկտեմբերի 12-ին Արսենին 2-3 օրով արձակուրդ են տվել, որպեսզի գա, փոքր-ինչ ուժերը վերականգնի ու դարձյալ վերադառնա դիրքեր:  Սակայն, ճանապարհի կեսին զանգահարել է կնոջը և տեղեկացրել, որ պլանները փոխվել են, նրանց ուղարկում են Արցախ:

Կնոջ խոսքերով, երբ ամուսնուն տեղեկացրել են, որ իրենց Արցախ են տանում, տղաների խմբից մի քանի հոգի հրաժարվել են մեկնել: 

«Այնպես չէ, որ ամուսինս չէր վախենում: Արդեն գիտեին, թե ինչ սաստիկ պատերազմ է Արցախում, սակայն նա չհրաժարվեց: Փորձեցի համոզել, որ չգնա, սրտիս վատ բան էր վկայում, բայց չկարողացա: Ասաց՝ եթե 18-20 տարեկան երեխեքը կանգնած են պոստերում, ես չեմ կարող թիկունքում մնալ»,-պատմում է Նունե Տոնոյանը:

Արսենը նույնիսկ Արցախի դիրքեր չի հասել: Հոկտեմբերի 13-ին, Մատաղիսի ճանապարհին, ադրբեջանական կողմի անօդաչու թռչող սարքից հարվածել են նրանց ավտոբուսներին:

«Ավտոբուսները կայանած են եղել: Արսենը եղել է դրսում՝ ավտոբուսների կողքին, սակայն հարվածը նաև նրան է հասել: Դրսում գտնվելու հանգամանքով պայմանավորված միայն նրա մարմինն է ամբողջական մնացել, մյուսները կտոր-կտոր են եղել»,-ավելացնում է կինը:

Սոցիալ-կենցաղային դժվարություններից բացի՝ միայնակ կնոջ ուսերին ծանրացել է նաև դստեր՝ Անահիտի առողջական խնդիրները: Հոր մահից հետո երեխան գրեթե չի շփվում ոչ մեկի հետ, դժվարությամբ է ժպտում և խոսում: 

Մայրը պատմեց, որ երեխային հոգեբանի մոտ է տանում, որպեսզի առողջական վիճակը չվատանա: Անահիտը նմանատիպ իրավիճակում հայտնվել է նաև 3 տարի առաջ, երբ երեխայի հորական տատն է մահացել: Նա շատ կապված է եղել տատի հետ: Այժմ էլ հոր դեպքն է հետևանք թողել ու հայտնվել նույն վիճակում:

Երբ կոպիտ են խոսում Անահիտի հետ կամ բարկանում են նրա վրա, անմիջապես բերում է հայրիկի նկարներն ու սկսում նայել: Աղջիկը նկարների միջոցով է զգում հոր աջակցությունն ու պաշտպանությունը: Նույնիսկ գիշերն արթնանում է հայրիկի կարոտից: Վերջերս էլ քնի մեջ է խոսում նրա հետ, ինչն անհանգստացնում է Նունեին:

Ի տարբերություն քրոջ, Դավիթն ավելի շատ սպասողական վիճակում է: Տան հյուրերին հերթով ցույց է տալիս հոր նկարը և ամեն անգամ դուռը բացվելուն պես սպասում է, թե հայրը երբ ներս կմտնի:

«Երեխաները ծանր են տանում, քանի որ Արսենը լավ հայր ու ամուսին է եղել: Նրանք զգացել են հոր սերն ու ջերմությունը»,-ասում է Նունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter