HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղահանված արցախցիներին կտրամադրվի 300 000 դրամ միանվագ աջակցություն. Համահայկական հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ իրականացնում է միանվագ աջակցության և ստրատեգիական երկարաժամկետ ծրագրեր հոգալու համար Արցախից տեղահանված բնակչության հրատապ կարիքները:

Առաջին անհետաձգելի օգնությունը այն էր, որ Արցախի Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջանների 100-ից ավել բնակավայրերից տեղահանված յուրաքանչյուր հայրենակցի կտրամադրվի 300 հազար դրամ միանվագ դրամական աջակցություն։ Աջակցություն են ստանալու նախնական գնահատմամբ 30-35 հազար արցախցի, աջակցության ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 10մլրդ դրամ:

Սոցիալական աջակցության ևս մեկ ծրագիր. տասնյակ հազարավոր արցախցիներ ստացել են և շարունակում են ստանալ 68 հազար դրամ և ավել միանվագ դրամական աջակցություն։ Աջակցություն են ստանալու նախնական գնահատմամբ 80–100 հազար արցախցի, աջակցության ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 10մլրդ դրամ:

Արցախի և Հայաստանի առողջապահական համակարգերի բարելավումն ու զարգացումը Հիմնադրամի առաջնահերթ ծրագրերից է: Ս.թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր Հիմնադրամը առողջապահական համակարգին է տրամադրել 63,301,140 ՀՀ դրամի բժշկական սարքավորումներ և պարագաներ, ինչպես նաև 201,390,000 ՀՀ դրամի 15 շտապօգնության մեքենա:

Հիմնադրամն արցախցի ընտանիքներին մինչ օրս տրամադրել է հազարավոր վառարաններ, 5լ. գազի բալոններ և էլեկտրական տաքացուցիչներ, 100-ից ավել դիզելային գեներատորներով են ապահովվել Արցախի մի շարք հոսանքազրկված գյուղեր: Առաջիկա շաբաթվա ընթացքում գեներատորների ևս մի խմբաքանակ կհասնի Արցախ:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա քայլվածքի և պրոթեզավորման գերժամանակակից գերմանա-հոլանդական լաբորատորիա, որը ծառայելու է հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած խիզախ հայորդիների առողջության վերականգմանը։ Ներկայումս կենտրոնում բուժում է ստանում 120 զինվոր: Այս համատեղ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք արշավի շրջանակներում Նիդեռլանդների հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկեր «Vereniging Armeniëfonds Nederland»-ի ֆինանսավորմամբ: Շուտով կենտրոնին կտրամադրվի մեծ քանակով հավելյալ բժշկական սարքավորումներ և դեղորայք:

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ համատեղ շարունակական օգնություն է տրամադրվելու Արցախից տեղահանված ընտանիքներին: Եվս մեկ նախաձեռնությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների փաթեթներ կստանան շուրջ 7500 ընտանիք։

Հիմնադրամը կտրամադրի կացարաններ Շուշիից տեղահանված շուրջ 50 ընտանիքների, որոնք գտնվում են հատկապես ծանր սոցիալական վիճակում և պատերազմի օրերից սկսած ժամանակավոր բնակվում էին հյուրանոցներում և ապաստարաններում:

Գորիս համայնքի նախակրթարաններում ներկայումս ժամանակավոր ապաստան են գտել Արցախից տեղահանված բնակիչներ, որոնց մեծամասնությունը կանայք են, տարեցներ և երեխաներ։ Որպես ապաստարան հանդիսացող երկու նախակրթարաններում, սակայն, բացակայում է ջեռուցման համակարգը, իսկ կահույքը հարմարեցված չէ մեծահասկաներին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գորիսի Կանանց Զարգացման «Ռեսուրս կենտրոն» Հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է «Ջերմիկ անկյուն» ծրագիրը, որի նպատակն է նշված երկու մանկապարտեզների ջեռուցման համակարգերի անցկացումը և 100 մահճակալ/անկողինների ձեռք բերումը։ Ծրագրի արդյունքում կլուծվի Գորիսի երկու մանկապարտեզներում ապաստանած առնվազն 350 արցախցու կացարանների ջերմության, տաք ջրի ապահովման և գիշերակացի խնդիրները:

Ծրագրերը շարունակական են, և հետպատերազմյան շրջանում կարևոր է անհապաղ արձագանքը ամեն օր ծագող բազմաթիվ խնդիրներին, որի շնորհիվ է, որ հնարավոր կլինի մեղմել մարդասիրական աղետը:

Մեկնաբանություններ (1)

Ալիկ
Պատերազմի մասնակից եմ, վիրավորվել եմ Շուշի, քարին տակ հատվածում, մինչ այժմ գտնվում եմ հիվանդանոցում եվ ստանում եմ բուժում 093199337

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter