HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողները շարունակում են մնալ կալանքի տակ

Ստամբուլի ոստիկանության դեպարտամենտը երեք օրով երկարաձգել է Ռուսաստանի երկու քաղաքացիների և Թուրքիայի մեկ քաղաքացու կալանավորումը, որոնք դեկտեմբերի 3-ին ձերբակալվել էին անօրինական նկարահանումների կասկածանքով։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն՝ հղում անելով Ստամբուլի քաղաքային իշխանություններին։

Նրանց վարկածով՝ կալանավորվածներն առանց հատուկ թույլտվության նկարահանումներ են իրականացրել անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության մոտ, որտեղ ֆոտո և տեսանկարահանումներն արգելված են։

Ինչպես նշել է ռուսական НТВ հեռուստաընկերության մամուլի ծառայությունը, խոսքը «Центральное телевидение» հաղորդաշարի թղթակից Ալեքսեյ Պետրուշկոյի և օպերատոր Իվան Մալիշկինի մասին, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացի հանդիսացող մեկ անձի մասին, որն ուղեկցել է ռուս լրագրողներին։

Լրագրողների հետ կապն ընդհատվել է դեկտեմբերի 3-ին։ Նրանք այդ ժամանակ գտնվում էին Ստամբուլի արվարձաններից մեկում, որտեղ և ձերբակալվել են։ Դեկտեմբերի 3-ին, Մոսկվայի ժամանակով 21:00-ին Պետրուշկոն կարողացել է կարճ հաղորդագրություն ուղարկել։ «Մեզ, չգիտես ինչու, դեռ պահում են»,- հաղորդագրությունը մեջբերել է հեռուստաընկերության մամուլի ծառայությունը։ Դրանից հետո նրանք կապ չեն հաստատել հեռուստաընկերության հետ և չեն պատասխանել հեռախոսազանգերին և հաղորդագրություններին։

ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ Անկարայում Ռուսաստանի դեսպանությունը և Ստամբուլում ռուսական գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ և ճշտում են հնարավոր ձերաբակալության վերաբերյալ տեղեկատվությունը։

«Центральное телевидение» հաղորդաշարի վարող, НТВ հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի տեղակալ Վադիմ Տակմենևը նշել է, որ Պետրուշկոն և Մալիշկինը հեռուստաընկերության հաստիքային աշխատակիցներ են, որոնք մշտապես բնակվել են Ռուսաստանում։ Լրագրողները Թուրքիա էին մեկնել մի քանի ռեպորտաժ պատրաստելու համար, այդ թվում՝ Թուրքիայում ամանորյա հանգստի մասին։ «Այնտեղ ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել… Հիմա դրանով զբաղվում է ԱԳՆ-ն, Թուրքիայում ռուսական գլխավոր հյուպատոսությունը»,- հայտարարել է նա։

ТАСС գործակալությունն էլ, հղում անելով Թուրքիայի ԱԳՆ իր աղբյուրներին, հայտնել է, որ հեռուստաընկերության աշխատակիցները ձերբակալվել են այն շրջանում, որտեղ գտնվում է մարտական անօդաչուներ արտադրող Baykar Savunma ընկերությունը։ Այն զբաղվում է նաև Bayraktar TB2 անօդաչուների արտադրությամբ, որոնք լայնորեն կիրառվում են Թուրքիայի զինված ուժերում։ Bayraktar TB2 անօդաչուները կիրառվել են նաև Ադրբեջանի կողմից Արցախում պատերազմական վերջին գործողությունների ժամանակ։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter