HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Սերոբ Խաչատրյան. «Այսօր Հայաստանն ունի թղթե կրթություն»

«Մեր հասարակության բոլոր հատվածներն ունեն իրենց պատասխանատվությունը ստեղծված իրավիճակում, ընդ որում՝ նաեւ կրթության համակարգը», - Մեդիա կենտրոնի կազմակերպած վեբինարի ընթացքում հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ կրթության համակարգ ասելով հասկանում են ոչ միայն ֆորմալ կրթությունը, այլեւ ավելի լայն՝ հանրային կրթության մակարդակը եւ կրթությունը՝ որպես արժեք։ Մասնագետի պնդմամբ՝ այս ոլորտում եղել են բազմաթիվ բացթողումներ, որոնցից մեկն էլ այն է, որ համակարգը չի դիտվել ամբողջական եւ փոփոխություններ արվել են առանձին հատվածներում, օրինակ՝ բուհ ընդունվելու կարգը, քննությունները։

«Այսօր Հայաստանն ունի թղթե կրթություն, թղթե, որովհետեւ թղթի վրա ահագին բան կա գրված, բավականին առաջադեմ, զարգացած երկրների փորձից վերցված, բայց իրականության մեջ այդ ամենը բացակայում է»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։

Ըստ նրա՝ վերջին տարում թերացել են նաեւ փաստաթղթերի ստեղծման գործում, որովհետեւ չի ստեղծվել կրթության զարգացման ռազմավարություն։ Ըստ Խաչատրյանի՝ նախատեսվում էր այս տարի ներկայացնել կրթության փոփոխության ռազմավարական պլանը, բայց երկրում ստեղծված իրավիճակի հետեւանքով կրթությունը մղվել է երկրորդ պլան։

Կրթության փորձագետը վստահեցնում է՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների միավորումը հանգեցրեց նրան, որ նախարարությունը դարձավ ավելի ծանրաշարժ, հանրության կողմից թիրախավորված։ «Մենք մի վիճակում ենք, որ համակարգը չի աշխատում, եւ դու բեռը մեծացնում ես, ավելի ծանր իրավիճակի մեջ ես ընկնում», - ասաց նա։

Անդրադառնալով համակարգի բացթողումներին՝ Սերոբ Խաչատրյանը պնդեց, որ չի կարեւորվել հանրակրթությունը՝ նախադպրոցական եւ դպրոցական կրթությունը, նախարարները եղել են ոչ թե հանրակրթության մասնագետներ, այլ դասախոսներ, ընդ որում՝ կուսակցական առաջնորդներ, բացառությամբ ներկայիս նախարարի։ «Եթե դու չունես նախադպրոցական նորմալ համակարգ, եթե քո երկրում երեխաների առաջին կեսը կյանքի առաջին տարիներին չի սովորում, չի գնում մանկապարտեզ, դու արդեն մեծ հարվածի տակ ես դնում կրթությունը, երբ դպրոցական համակարգում անհասկանալի է՝ ինչ է կատարվում, քաոս է, ապա որեւէ շանս չունես համակարգը զարգացնելու։ Պետք է մտածենք, որ նախարարության ղեկավար կազմում, գոնե առաջին տարիներին լինեն հանրակրթության մասնագետներ, մեզ նաեւ հասարակության հետ աշխատանք է պետք» , - ասաց Խաչատրյանը։

Ըստ նրա՝ կրթության ոլորտին առնչվող փաստաթղթերն ընդունվում են ձեւական հանրային քննարկման արդյունքում, քանի որ նախարարությունը գրեթե որեւէ լուրջ քննարկում չի կազմակերպել հասարակության հետ որեւէ փաստաթղթի վերաբերյալ, որտեղ լսելի կլինեն ուսուցիչները, ծնողները, տնօրենները։

Նրա կարծիքով՝ կրթության համակարգի վրա վատ ազդեցություն ունեցավ նաեւ սեւերի-սպիտակների, հների-նորերի բաժանումը։ Խաչատրյանը պնդում է՝ պետք է լինեն մասնագիտական կառույցներ, որոնք պահեն համակարգը։ 

Ըստ մասնագետի՝ ճիշտ չէ որեւէ երկրի կրթության համակարգն ամբողջությամբ վերցնել, պետք է ունենալ սեփական համակարգը։

«Հայաստանի կրթության երկու հիմնասյուները պետք է լինեն կրթությունը, որը կձևավորի հուզական հասունություն ունեցող անձ, և երկրորդ՝ ինտելեկտուալ խոնարհություն։ Մարդն ինչքան կիրթ է, պետք է ավելի խոնարհ լինի, ինչը մեզ մոտ բացակայում է»,- նշեց կրթության փորձագետ Ս. Խաչատրյանը:

Մեկնաբանություններ (2)

Վարդան Պետրոսյան
Մեր երկրի կրթական համակարգի զարգացման համար շատ կարևոր է Ս.Խաչատրյանի նման մասնագետների կարծիքները հաշվի առնելը: Ցավոք ԿԳՄՍ նախարարությունում չեն հասկանում և նման մարդկանց կարծիքը մնում է լոկ կարծիք:
Թեհմինե Հայրապետյան
Գրեթե միշտ մասնակցում և լսում եմ Սերոբ Խաչատրյանի հիմնավորված մեկնաբանությունները ու համակարծիք եմ,որ սեփական համակարգի հենասյունը պետք է ամուր լինի'պահպանելով ազգայինը,նորացնելով ժամանակի շնչով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter