
Նոր ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից Արցախում քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ՄԻՊ աշխատակազմի բժշկի ու իրավաբանների հետ այսօր՝ դեկտեմբերի 5-ին Այրվածքաբանության ազգային կենտրոնում ձեռք է բերել նոր ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ:
Ուսումնասիրությունները կատարվել են հատուկ սարքերի օգնությամբ: Արձանագրված փաստերը, ըստ Պաշտպանի ֆեյսբուքյան գրառման, հիմնավոր են դարձնում այդ ենթադրությունը:
Բժիշկների եզրակացությամբ՝ զինծառայողների վնասվածքները, այտուցները (հատկապես վերին վերջույթներում) պահպանվում են տևական ժամանակ, այրվածքներից առաջացած վերքերը տեղ-տեղ խորն են, մոխրացած եզրերով, մերթընդմերթ՝ արյունահոսող, բուժմանը՝ դժվար ենթարկվող: Արյան մեջ նկատվում է կալցիումի և հեմոգլոբինի ցածր մակարդակ (հիպոկալցեմիա), դիտվում է լյարդի և փայծաղի չափերի մեծացում (հեպատոսպլենոմեգալիա): Ըստ մասնագետ բժիշկների՝ կիրառված զինատեսակներից արտանետված նյութերը շնչուղիներով օրգանիզմ ներթափանցելու դեպքում առաջանում է ներքին օրգանների ախտահարում, ինչը կարող է հանգեցնել առողջության երկարատև քայքայման, ընդհուպ՝ մահվան:
Ըստ բժիշկների՝ պատերազմի առաջին օրերից տարբեր աստիճանի այրվածքներ ստացած անձանց մեծ մասի մոտ դրանք տարբերվել են մինչ այդ իրենց պրակտիկայում հանդիպած դեպքերից:
Պաշտպանի այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ բուժանձնակազմի հետ, առանձնազրույցներ վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ:
Վերը նշված և բոլոր մյուս փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում, կկատարվեն լրացուցիչ մասնագիտական ուսումնասիրություններ ու ըստ արդյունքների՝ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:
«Այս արձանագրումները հնարավոր են եղել նաև Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժանձնակազմի բարձր որակի պրոֆեսիոնալ նմուշառման ու բարեխիղճ փաստագրման շնորհիվ:
Կենտրոնի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ մեր համատեղ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ»,-նշել է Արման Թաթոյանը:
Մեկնաբանել