Այնուամենայնիվ, տուրի՞զմ, թե՞ հանքարդյունաբերություն
ՀՀ կառավարությունը զբոսաշրջության զարգացումը Հայաստանում դիտարկում է որպես առաջնահերթություն և հռչակել է զարգացման գերակա ուղղություն: Պետությունն ու ոլորտում տնտեսվարողները անում են ամեն ինչ` բազմապատկելու զբոսաշրջիկների հոսքը Հայաստան: Իրականացվում են գովազդային թանկարժեք ծրագրեր, ապահովվում է մասնակցություն արտերկրյա զբոսաշրջային ցուցահանդեսներին ու ֆորումներին, կատարվում են սպասարկման որակի բարձրացմանը միտված որոշակի քայլեր:
Ներգնա տուրիզմի ցուցանիշները վերջին տարիներին, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների, անշեղորեն աճում են: Այս ոլորտի զարգացման համար Հայաստանն, իրոք, ունի մեծ պոտենցյալ, հատկապես էթնիկ, կուլտուր-մշակութային, էքստրեմալ, առողջարանային-սպորտային, գիտակրթական-գործարար, գյուղական, էկոտուրիզմի և այլ սեգմենտներում:
Այնուհանդերձ, փաստ է, որ զբոսաշրջության զարգացման համար ամենածանրակշիռ կռվանը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում, եղել և մնում է անաղարտ բնության գրավականը: Համացանցի առկայությունն այսօր աշխարհի ցանկացած անկյունից հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր պոտենցիալ զբոսաշրջիկի ուղևորություն նախաձեռնելուց առաջ մանրամասն ուսումնասիրել ընտրված տարածաշրջանը: Այս առումով այսօր (խուսափում եմ առայժմ բառից) մեր տարածաշրջանը շահեկան վիճակում է:
Վերջին տարիներին Հայաստանում, մայրաքաղաքից զատ, հստակ ուրվագծվում են տուրիզմի զարգացման որոշակի կենտրոններ, որոնց գրավչությունը պայմանավորված է առանձնահատուկ բնակլիմայական ու պատմամշակութային միջավայրով, մասնավորապես՝
Ջերմուկը - որտեղ առկա է առողջարանային, սպորտային և էկոտուրիզմի զարգացման լուրջ պոտենցիալ, և որտեղ արդեն ներդրվել ու ներդրվում են հսկայական ֆինանսական միջոցներ:
Ծաղկաձորը - որտեղ գործում են բարձրակարգ և միջին կարգի բազմաթիվ հյուրանոցներ, հարմարավետ ճոպանուղին, կահավորված սահուղիներ և Կեչառիսի վանական համալիրը: Առկա է զարգացած ինֆրաստրուկտուրա, սուպրաստրուկտուրա, և իրականացվում են նորանոր մեծամասշտաբ ներդրումներ:
Աղվերան-Արզականձորը - այստեղ նույնպես վերջին տարիներին սկսել են իրենց ծառայություններն առաջարկել մի քանի բարձրակարգ հյուրանոցներ: Գոյություն ունի շատ հետաքրքիր հեռանկարային ծրագիր` Թեղենիսի արևմտյան լանջերին ճոպանուղի և սահուղիներ կառուցելու մտադրությամբ, որը Ալպերի օրինակով կբազմապատկի Ծաղկունյաց լեռնաշղթայի ձմեռային մարզաձևերի, էքստրեմալ և էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները` շաղկապելով դրանք ծաղկաձորյան ճոպանուղիների ու սահուղիների համակարգին:
Հանքավանի ձորը - որի թերմալջրերի, ցեխերի, անզուգական բնաշխարհի և այս տարի վերջապես ավարտվող Մարմարիկի ջրամբարի ընձեռած առավելությունները զբոսաշրջության զարգացման հեռանկարային լուրջ խթան կարող են դառնալ:
Եվ, իհարկե, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող Տաթևի և հարակից շրջանների զբոսաշրջային զարգացման շնորհակալ նախաձեռնությունը` արդեն կյանքի կոչված Տաթևեր ճոպանուղիով ու նոր հետաքրքիր մտահղացումներով:
Այս ոլորտը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և նրա կազմում գործող զբոսաշրջության վարչության գործունեության տիրույթում է իր զարգացման, գուցե քիչ դանդաղ, բայց հաստատուն ընթացքով:
Սակայն, ի հեճուկս այս ամենի կամ գուցե, «ի ձեռամբ չարոյ», վերջերս ի հայտ են եկել ՀՀ էներգետիկայի նախարարության և նրա կազմում գործող ընդերքի տրամադրման գործակալության կողմից հատկացված հանքարդյունահանման լիցենզիաներ.
Ջերմուկում - Ամուլսարի ոսկու հանքի արդյունահանման
Ծաղկաձորում - Հրազդանի երկաթահանքի արդյունահանման ու երկաթաձուլարանի շահագործման
Հանքավանում - մոլիբդենի արդյունահանման և մի քանի նոր ոսկու հանքերի շահագործման
Տաթևում - Սվարանցի երկաթահանքի,երկաթաձուլարանի շահագործման:
Ի՞նչ է սա: Նախարարությունների ու նրանց ենթակառուցվածքների համագործակցության պակա՞ս, կարապի, խեցգետնի ու գայլաձկան սինդրո՞մ, թե՞ Հայաստանում էկոնոմիկայի զարգացման վեկտորների փոփոխության կառավարության քողարկված որոշում:
Ինչպես էլ մեկնաբանվեն նման գործառույթի դրդապատճառները, միևնույն է, դա խիստ մտահոգիչ ու հասարակությունից թաքուն իրականացվող գործելաոճ է: Զբոսաշրջության և հանքարդյունաբերության ճյուղերը միևնույն տարածաշրջանում, մեր դեպքում` իրար կողք կողքի զարգացնելու միտումը անհեռանկար, եթե չասենք, անմիտ նախաձեռնություն է: Տխուր է նկատել, բայց փաստ է, որ զարգացող հանքարդյունաբերությունը տվյալ տարածաշրջանում կդառնա զբոսաշրջության «գերեզմանափորը»:
Ո՞ր ոլորտին կտրվի առաջնահերթությունը՝ հանքարդյունաբերությա՞նը, թե՞ զբոսաշրջությանը, պետք է ընտրի երկու տարբեր նախարարությունների գործունեությունը համակարգող ՀՀ կառավարությունը՝ մեր կարծիքով, հիմնվելով ժողովրդի կամարտահայտության և առողջ տրամաբանության վրա: Իսկ առողջ տրամաբանությունը, աներկբա, զբոսաշրջության զարգացման երկրպագուն ու ջատագովն է, քանզի այն.
- Հանրության ընդգրկվածության առումով էկոնոմիկայի ամենաէֆեկտիվ ճյուղն է, որտեղ միավոր արդյունքի ստեղծման և հասույթի բաշխման գործընթացին մասնակցում են առավելագույն թվով մարդիկ` ստանալով փոքր, բայց կայուն ու երկարատև եկամուտներ:
- Մեզ այցելած զբոսաշրջիկները` որպես մեր մշակույթի պոտենցիալ կրողներ, Հայաստանն ու Արցախը ավելի ներկայանալի և ընկալելի են դարձնում աշխարհում:
- Երկրում անընդհատ զարգանում է ինֆրաստրուկտուրան, մշտական ուշադրության ու խնամքի են արժանանում պատմական ու բնական հուշարձանները:
- Զբոսաշրջության զարգացումը չի հարուցում բնապահպանական խնդիրներ:
- Հանքարդյունաբերությունը, հակառակ այս ամենի, եկամտի բաշխման առումով ընձեռում է խիստ անհավասարաչափ ու սահմանափակ հնարավորություններ:
- Ոլորտի գործունեությունն, անգամ ամենաառաջավոր տեխնոլոգիաների կիրառման պարագայում, ամբողջովին չի բացառում բացասական ազդեցությունները բնության վրա:
- Թունավորվում է օդային ավազանը:
- Աղտոտվում են խմելու և ոռոգման ջրային համակարգերը:
- Խաթարվում է բնական միջավայրը:
- Հանքերի ու պոչամբարների, ինչպես նաև դրանց հարակից տարածքների լանդշաֆտն ամայանում է:
- Թունաքիմիկատներով ու ծանր մետաղներով հարուստ պոչամբարները ահռելի վտանգ են պարունակում, և հարյուրավոր տարիներ դրանց պահպանության համար պետական բյուջեն հսկայական միջոցներ է վատնելու:
- Ոլորտը գոնե այսօր ամբողջովին գտնվում է օլիգարխիկ համակարգում:
- Հանքարդյունաբերությունը Հայաստանում բնորոշվում է որպես զարգացած երկրների կողմից իրականացվող հանքահումքային էքսպանսիայի միջավայր, այսինքն՝ առկա է աֆրիկյան մի շարք երկրներին բնորոշ հանքահումքային կամ էկոլոգիական գաղութացման վտանգը:
- Պոչամբարները ստրատեգիական առումով վտանգավոր են` դառնալով պատերազմական կամ դիվերսիոն հարձակումների հարմար թիրախներ:
Հանքարդյունաբերության զարգացումն արդեն կայացած զբոսաշրջային կենտրոնների հարակից տարածքներում ուղղակի նշանակում է խաչ քաշել ներգնա և ներքին զբոսաշրջության ապագայի վրա: Այս ամենի արդյունքում զգալիորեն կկրճատվեն ռեալ տարադրամային մուտքերը Հայաստան ներգնա տուրիզմից: Էկոնոմիկայի նախարարության 2011 թ.-ի տվյալներով` օտար երկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 600 հազար մարդը: Խիստ մոտավոր հաշվարկներով, յուրաքանչյուր այցելու մեր երկրում թողնում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, այսինքն՝ տարվա կտրվածքով ոլորտից հասույթը միայն ներգնա տուրիզմից կազմել է մոտ 600 միլիոն ԱՄՆ դոլար:
Եթե սրան հավելենք ներքին տուրզմից ստացվող հասույթը, պատկերը տպավորիչ կլինի: Անտեսել այս ամենը, իմաստազրկել ոլորտում ցայսօր արդեն փաստացի իրականացված բազմամիլիոն ներդրումներն ու վտանգել ստեղծված հազարավոր երկարաժամկետ աշխատատեղերը` չանսալով առողջ տրամաբանությանը, ապավինել հանքարդյունաբերության ոլորտին, ինչը տարածքով շատ փոքր մեր երկրի համար կարճաժամկետ և խիստ կասկածահարույց զարգացման հեռանկար ունի, կնշանակի զոհաբերել հանրային շահը անձնական, նեղ խմբակային նկրտումներին:
Թե ազգաբնակչության մեջ արդեն իսկ զգալիորեն առկա մեր երկրից օտարվածության խաթարված հոգեբանության առավել խորացման վտանգը, թե երկրի բնականոն զարգացման տրամաբանական ընթացքը և թեսերունդներին որպես ելման կետ՝ մեր նախնիների ավանդած այս դժվար հայրենիքը ժառանգություն թողնելու մեր սրբազան առաքելությունը մեզ բոլորիս հրամայելով հուշում են. պետք է կանգ առնել, քանզի հայրենիքի շինարարության առումով նման գործելակերպը տանում է փակուղի:
Մովսես Մանուկյան
«Առողջ Հրազդան» բնապահպանական խմբի անդամ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել