
Նաիրա Զոհրաբյան. «Թուրքը Խնձորեսկից գտնվում է ընդամենը 600 մ հեռավորության վրա»
Մենք այսօր ունենք բացարձակ անիշխանություն, չունենք պետություն: Իր համոզմունքը խորհրդարանական լսումներին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով՝ Սյունիքի, Գեղարքունիքի սահմանները պաշտպանում են գյուղերի բնակիչները, գյուղապետերը:
«Քիչ առաջ խոսեցի Խնձորեսկի գյուղապետի հետ, թուրքը Խնձորեսկից գտնվում է ընդամենը 600 մ հեռավորության վրա, և այդպես է Սյունիքի բազմաթիվ գյուղերում: Մեր հայրենիքի սահմանը ճշտվում է GPS-ով, եղել եմ Սոթքում, Վարդենիսից մի քանի կմ հետո մեր հայրենիքը վերջանում է, ադրբեջանցին իր GPS-ով կանգնած ճշտում էր մեր հայրենիքի սահմանը»,- ասում է Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ ամենը նորմալ է, քանի որ խորհրդային Ադրբեջանի տարածքներն են վերականգնվում: Զոհրաբյանը հետաքրքվեց, թե այդ դեպքում ինչու Հայաստանը չի վերադարձնում Խորհրդային Հայասանի մաս կազմող Արծվաշենը:
Ըստ Զոհրաբյանի՝ պատերազմից խուսափել հնարավոր էր, բազմաթիվ մասնագետներ են դա պնդում, խուսափել հնարավոր էր, եթե չունենայինք ֆեյք իշխանություն:
«Պարզվեց մենք ունեինք մաքսիմում մեկ շաբաթվա պատերազմի ռեսուրս, բայց մեր հերոսական տղաները բայրաքթարների դեմ պայքարեցին 44 օր: Այս իշխանությունը չի կարող զբաղվել անգամ ռազմագերիների հարցերով: Մեր ռազմագերիների վերադարձի հարցով զբաղվում է ՌԴ-ն, Հայաստանի իշխանության որևէ կառույց դե ֆակտո ներգրավված չէ այդ գործընթացում: Կա ելք, և այդ ելք մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա խաղաղ ճանապարհով, հավատում եմ արդյոք, որ նա հեռանա խաղաղ ճանապարհով՝ ոչ, որպես նրա հետ երկար տարիներ աշխատած մարդ ասում եմ՝ մինչև չհրահրի քաղաքացիական բախումներ, չի հեռանա»,- եզրափակեց Զոհրաբյանը:
Մեկնաբանել