
Նարինե Դիլբարյանի համոզմամբ՝ վարչապետի թենածուները պետք է հրապարակեն իրենց թիմի անունները
Այն, որ պետականության ճգնաժամ է, ակներև է, և որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, այդ խնդրի շուրջ ձևավորվել է հանրային կոնսենսուս:
Այս մասին խորհրդարանական լսումներին իր ելույթում նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը:
«Բայց խնդիրը հետևյալն է՝ հեռանալուց հետո ի՞նչ պետք է լինի, և քանի որ այս խորհրդարանը և Սահմանադրությունը չափազանց սահմանափակ ելքեր են ստեղծել, պետք է կարողանալ ողջամտորեն այդ սահմանափակ ելքերի ներսում գործել»,- ասաց Դիլբարյանը:
Նարինե Դիլբարյանի համոզմամբ՝ իրավիճակից դուրս գալու միակ սահմանադրական ու անցնցում եղանակը խորհրդարանի միջոցով առաջ գնալն է:
Վերջինս նաև համոզմունք հայտնեց, որ գործող խորհրդարանը չի արտահայտում հանրության տեսակետները, հեղափոխության էյֆորիայի ֆոնին անցկացված ընտրությունները միայն սահմանափակ ուժերի էին հնարավորություն ընձեռել խորհրդարանում հայտնվելու:
«Ինչ ենք անում, ո՞վ է գալու, և ես շատ կցանկանայի, որ այդ ովը ճշտեինք, որ չի լինելու պարզապես անձ, այլ ծրագրի, գաղափարների համախմբում: Մենք տեսանք ինչի հանգեց այն իրողությունը և անվտանգությունը, երբ փորձ, մասնագիտական կարողունակություն չունեցող մարդիկ ստանձնեցին պաշտոններ՝ շատ գեղեցիկ խոսքեր ասելով: Քանի որ նպատակն արդար էր, բազմաթիվ շենքեր գրավվեցին, եկեք չկրկնենք նախորդ սխալները»,- ասաց նա:
Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ վարչապետի թեկնածու առաջադրած բոլոր ուժերը պետք է ներկայացնեն այն թիմը, որոնց միջոցով առաջ են գնալու և լուծելու են առկա խնդիրները:
«Կրկին անձ չենք կարող ընտրել, մի անգամ մերժեցինք Սերժին, և տեղի ունեցան աղետալի դեպքեր, բացարձակ անփորձ կամ ժամանակը ցույց կտա՝ ինչպիսի իշխանություն եկավ»,-եզրափակեց Դիլբարյանը:
Հիշեցենք, որ մինչ այս պահը վարչապետի թեկնածուներ են համարվում Վազգեն Մանուկյանը և Էդմոն Մարուքյանը:
Մեկնաբանել