
Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել քաղաքապետի տեղակալի հաստիքով. նոր նախագիծ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:
Օրենսդրական նման փոփոխություն կատարելու առաջարկ է հանրային քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նշել է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով համայնքային քաղաքական պաշտոններն են՝ համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների, համայնքի ավագանու անդամի պաշտոնները, իսկ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է:
Այնինչ, համայնքային քաղաքական և համայնքային վարչական պաշտոնները միմյանցից տարբերվում են այն հանգամանքով, որ համայնքային քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք օժտված են քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ:
«Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը Երևան քաղաքում մշակում և իրագործում է քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտների քաղաքականությունը, սակայն օժտված չէ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ, ինչի արդյունքում հնարավոր չի լինում կայացնել քաղաքական որոշումներ նշված ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ»,-նախագծում ընդգծել է նախարարությունը։
Այդ իսկ պատճառով այդ ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ոլորտի բոլոր ստորաբաժանումների համակարգումը մեկ անձի կողմից իրականացվելու, ինչպես նաև՝ ոլորտի զարգացման վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով առաջարկվում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել քաղաքապետի տեղակալի հաստիքով:
Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարծիքով, կկարգավորվի Երևանում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Երևանի քաղաքապետին տրված իրավասությունները:
Մեկնաբանել