HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հովտունցի 52-ամյա Իլյիչ Շախբազյանի համար արցախյան երրորդ պատերազմը վերջինն էր

Ծանրումեծ հյուրասենյակ են մտնում սգավոր կանայք ու տղամարդիկ: Ոչ մեծ տարածքում խտացված վիշտն ավելի արտահայտիչ է դառնում: Արցախյան երրորդ պատերազմում զոհված, Շիրակի մարզի Հովտուն գյուղի բնակիչ Իլյիչ Շախբազյանի ընտանիքում ենք: 52-ամյա Իլյիչը զոհվել է հոկտեմբերի 18-ին, Ջաբրայիլի շրջանում: Տղամարդու դին հարազատներին հասել է հոկտեմբերի 20-ին: Իլյիչի եղբայրը՝ Մարզպետն ասում է. «Էլի փառք կուդանք, օր ուրիշների նման ախպորս դիակը ման չեկանք, կամ էլ մարմինից մի մասունք չհասավ մեզ: Էլի փառք կուդանք Աստծուն, օր գոնե վերջին անգամ, հողը դնելուց առաջ երեսը տեսանք: Մենակ բեկորային վասվածք կա ծնոտին, ճակատին ու մարմնին»:

Ասում են՝ վիշտը սովորաբար երկու տեսակի ազդեցություն է ունենում մարդու վրա՝ կամ բացում է լեզուն, որ խոսքի միջոցով ներսում կուտակվածը դուրս թափի հանգստանա, կամ՝ փակում, մեկուսացնում բոլորից ու ամեն ինչից: Հյուրասենակում հավաքված կանայք սկսում են խոսել գրեթե միաժամանակ եւ զուսպ արտասվում:

Խոշորակազմ, իսկական լեռնցի կնոջ ծանրումեծ շարժուձեւով սեղանին է մոտենում Իլյիչի 72-ամյա մայրը՝ Լենա Շախբազյանը: «Իլյիչս միշտ կըսեր՝ էն մի տղուդ տվիր Աստծուն, ես հայրենիքի փայն եմ, քուկդ Մարզպետն է»,-հոգոց հանելով՝ ասում է տան մեծ տիկինը: Պատմում է, որ պատերազմի լուրն առնելուն պես պատրաստել է ուսապարկը, դրել՝ ինչ հարկավոր է: «Տղես ոստիկան է եղել, Ամասիայի ոստիկանությունում կաշխատեր 1989թ.-ից, ինքն արցախյան առաջին պատերազմին էլ է մասնակցել, երկրորդի ժամանակ արդեն թոշակի էր, բայց որպես կամավոր գնաց: Էս երրորդի վախտ էլ, չնայած առողջականը չէր ներե, բայց անպայման գուզեր էրթար,-ասում է տիկին Լենան,-մենք դեմ էինք, կըսեինք՝ ախր հեչ առողջություն չունիս, երեխեքդ հասել են, տեր էղնող է պետք, չլսեց»:

Մարզպետը պատմում է, որ Իլյիչը սկզբում դիմել է զինկոմիսարիատ՝ ռազմաճակատ մեկնելու համար: «Մե քանիմ անգամ գնաց-եկավ զինկոմ՝ չէին տանի, կջղայնանար, ամեն առավոտ կելներ տեղ ման գուկար, ինչ որ ջոկատ, օր հետներն էրթար: Տեսավ, որ զինկոմից չեն տանի, գնաց երկրապահ գրվավ, միացավ Գյումրիում ձեւավորված վերջին կամավորական ջոկատին, որ անպայման հասնի առաջնագիծ: Կըսեր՝ կերթամ, թեկուզ խրամատ փորեմ, երեխեքի թիկունքը պահեմ: Ջոկատը Գյումրուց գնացել է հոկտեմբերի 14-ին, դեպքը եղել է չորս օր անց: Իրանց ջոկատից 8 զոհ է եղել: Ամասիայից ընդհանուր թվով երեք զոհ եղավ, մեկն էլ վիրավոր է՝ Ռաֆը: Իլյիչը հոգեպես պատրաստ գնաց, սաղին հրաժեշտ տվեց, սիրտը վկայել էր, օր հետ չպիտի գա»:

Սկեսրոջ կողքին նստած է Իլյիչի կինը՝ կծկված, խեղճացած, վշտից մի բուռ դարձած: Աչքերն անընդհատ թաց են: Գնալիս ամուսինը Երեւանից հետ է ուղարկել հեռախոսն՝ ասելով, թե չի ուզում «գլխակեր» դառնալ: Ապահով կապով կնոջը զանգել է հոկտեմբերի 17-ի գիշերը: «Հարցրեց, թե հեռախոսս բերե՞լ եք, ասի Մուշեղենց տունն է, հլը չենք բերել, ըսավ՝ դե օր ըդպես է Մուշեղի կնգան ըսա էս համարով զանգե: Զանգեցի, Մուշեղի կնոջ համարն անջատած էր, նորից էդ համարով զանգեցի, Իլյիչին կանչեցին, ըսի՝ անջատած է, առավոտը զանգեմ, ըսեց՝ չէ, առավոտն արդեն ուշ կեղնի, էլ պետք չէ, թող էլ հեչ մարդ առավոտը չզանգե: Հարցրեցի՝ դուք ինչխ եք, ասեց՝ լավ ենք, լավ, կախե, շատ կխոսաս: Չէր թողնի մենք բան հարցնեինք, կըսեր՝ չի կարելի, հարցեր մի տվեք»,-Արմենուհու առանց այդ էլ արտասվելուց կարմրած աչքերը կրկին արցունքոտվում են:

Կյանքը հայրենիքի համար զոհած Իլյիչի տոհմը շարունակող մանկահասակ Սերյոժա որդին գրեթե չի մտնում հյուրասենյակ: 10-ամյա տղեկի մոլորված, հոր լուսանկարին ուղղված հարցականներով լի հայացքը մեկ անգամ է հաջողվում որսալ: Երեք աղջիկներից մեկն ամուսնացած է, մյուս երկուսը տանն են՝ մոր կողքին: Տասներորդ դասարանում սովորող Կարինեն հստակ որոշել է՝ դիպուկահար է դառնալու: «Հենց դպրոցն ավարտեցի պիտի գործերս զինվորական ակադեմիա տամ: Ես դա շուտ էի որոշել, էս դեպքերի հետ կապ չունի: Պապայիցս է սերն անցել ընձի, միշտ էլ սիրել եմ զինվորական գործը: Ուզում եմ անպայման դիպուկահար դառնալ»:

Մեկ ժամից հեռանում ենք Հովտունից: Ականջներումս շարունակում է հնչել Իլյիչի մոր ձայնը. «Վարդի մուրաբից հետ դրել էր տղես ուսապարկի մեջ, կըսեր՝ զինվոր երեխեքն ընտեղ չայ կխմեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter