HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արտակարգ իրավիճակներից տուժածներին պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգ է մշակվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգ է մշակել։

Այն այսօր հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ նախագծի՝ կարգավորվելու են արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման հետ կապված հարաբերությունները։ 

Արտակարգ իրավիճակներն՝ ըստ մասշտաբայնության

Մշակված կարգի համաձայն՝ սահմանվել են հանրապետական, մարզային և համայնքային արտակարգ իրավիճակներ։

Հանրապետական արտակարգ իրավիճակ-արտակարգ իրավիճակ, որի ընթացքում տեղի է ունեցել հետևյալ դեպքերից առնվազն մեկը`

ա. տուժել է 300-ից ավելի մարդ, կամ խախտվել են 500-ից ավելի մարդկանց կենսագործունեության պայմանները,

բ. ընդհանուր նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի 500 հազարապատիկից ավելի,

գ. խոցման գործոնները տարածվել են երկու և ավելի մարզերի կամ Երևան քաղաքի երկու և ավելի վարչական շրջանների տարածքներում կամ Երևան քաղաքի վարչական շրջանի տարածքից դուրս։

Մարզային արտակարգ իրավիճակ-արտակարգ իրավիճակ, որի ընթացքում տեղի է ունեցել հետևյալ դեպքերից առնվազն մեկը`

ա. տուժել է 50-ից ավելի, սակայն 300-ից ոչ ավելի մարդ,

բ. խախտվել են 300-ից ավելի, սակայն 500-ից ոչ ավելի մարդկանց կենսագործունեության պայմանները,

գ. ընդհանուր նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի 5 հազարապատիկից ավելի, սակայն չի գերազանցել 300 հազարապատիկը,

դ. խոցման գործոնները չեն տարածվել մարզի կամ Երևան քաղաքի վարչական շրջանի տարածքից դուրս:

Համայնքային արտակարգ իրավիճակ-արտակարգ իրավիճակ, որի ընթացքում տեղի է ունեցել հետևյալ դեպքերից առնվազն մեկը`

ա. տուժել է 10-ից ավելի, սակայն 50-ից ոչ ավելի մարդ,

բ. խախտվել են 50-ից ավելի, սակայն 300-ից ոչ ավելի մարդկանց կենսագործունեության պայմանները,

գ. ընդհանուր նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի, սակայն չի գերազանցել 5 հազարապատիկը,

դ. խոցման գործոնները չեն տարածվել քաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) ու գյուղական համայնքների տարածքից դուրս:

Վնասի գնահատման մեխանիզմները

Արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասների գնահատման նպատակով ստեղծվելու են`

1) համայնքային հանձնաժողովներ (ստեղծվում են համայնքների ղեկավարների որոշումներով), որոնք կազմելու են վնասի վերաբերյալ ակտերը (բացառությամբ Երևան քաղաքի)։ Դրանք ներկայացվելու են մարզային հանձնաժողովներ։ Երևան քաղաքի հանձնաժողովը կազմված ակտերը ներկայացնելու է Հանրապետական հանձնաժողովին,

2) մարզային հանձնաժողովներ (ստեղծվում են մարզպետների որոշումներով), որոնք համայնքային հանձնաժողովների կազմած ակտերը հաստատելու և ներկայացնելու են Հանրապետական հանձնաժողովին,

3) հանրապետական հանձնաժողով (ստեղծվում է վարչապետի որոշմամբ), որն ամփոփելու է արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասների մասին վերջնական տեղեկատվությունը և փոխհատուցման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնելու կառավարությանը:

Հանրապետական, մարզային և համայնքային հանձնաժողովները գործելու են հետևյալ ուղղություններով`

1) գյուղատնտեսությանը հասցված վնասների գնահատում,

2) գույքին հասցված վնասների գնահատում,

3) ենթակառուցվածքներին հասցված վնասների գնահատում,

4) բժշկասանիտարական հնարավոր վնասների գնահատում:

Արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասները գնահատող հանձնաժողովների կազմում` ըստ ուղղությունների ընդգրկվելու են արտակարգ իրավիճակների, առողջապահության, գյուղատնտեսության, կապի և տրանսպորտի, քաղաքաշինության, բնապահպանության և մասնագիտացված (այդ թվում՝ վերահսկողություն իրականացնող) կառույցների ներկայացուցիչներ, ովքեր պետք է ուսումնասիրեն, հաշվառեն և գնահատեն ստեղծված իրավիճակն ու հավանական վտանգները:

Վնասի փոխհատուցման կարգը

Արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած վնասի գնահատման և փոխհատուցման ենթակա են լինելու հետևյալ արտակարգ դեպքերից ու պատահարներից բնակչությանը պատճառված վնասները՝ երկրաշարժ, ցրտահարություն, ջրհեղեղ, ջրածածկում, ջրակալում, կարկուտ, հորդառատ անձրև, սելավ, քամի, փոթորիկ, պտտահողմ, ամպրոպ, սողանք, երաշտ, վտանգավոր բեռների տեղափոխմամբ պայմանավորված, պատահարներ, համաճարակ, էպիզոտիա, էպիֆիտոտիա, պանդեմիա, ճառագայթային (միջուկային), քիմիական վթարներ, հրդեհ, պայթյուն, փլուզում, քարաթափում, ձնահոսք, ձնաբուք:

Այս դեպքերում վնասի փոխհատուցում չի տրվում, եթե՝ գյուղատնտեսական արտադրանքի գծով հասանելի է կառավարության կողմից սուբսիդավորվող ապահովագրական պայմանագրերի կնքում, վնասներն առաջացել են տուժողի գործողության կամ անգործության հետևանքով, տուժողի դիտավորության հետևանքով վնասված գույքը հանդիսացել է արտակարգ իրավիճակի պատճառ, տուժողի դիտավորության հետևանքով վնասված անշարժ գույքը գտնվել է արտակարգ իրավիճակի օջախ հանդիսացած օբյեկտի սանիտարական պաշտպանական գոտում, վնասված անշարժ գույքը կառուցված է եղել շինարարական նորմերի և կանոնների խախտմամբ, կառուցապատված հողատարածքը, շինություններն օգտագործված են եղել ոչ նպատակային կամ ագրոտեխնիկական միջոցառումների պահանջները չպահպանելու պատճառով հանգեցրել են գյուղատնտեսական մշակաբույսերի վնասման՝ չպահպանելով գյուղատնտեսության ոլորտը համակարգող լիազոր մարմնի կողմից ընդունված իրավական ակտերի պահանջները:

Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասի դեպքում տրվելու է փոխհատուցում կրած վնասի 20%-ի չափով:

Իսկ արտակարգ իրավիճակների հետևանքով զոհված քաղաքացու ընտանիքի անդամներին (հավասարաչափ բաշխման ձևով) տրվելու է միանվագ դրամական օգնություն՝ 200.000 դրամի չափով՝ յուրաքանչյուր զոհված քաղաքացու համար:

Բնակելի տարածքի քանդվելու կամ բնակության համար ոչ պիտանի դառնալու դեպքում ֆիզիկական անձինք ապահովվելու են պետության կողմից սահմանված նվազագույն բնակելի տարածքով կամ ստանալու են պետության կողմից սահմանված նվազագույն բնակելի տարածքին համարժեք փոխհատուցում, աղետի դեպքում՝ ժամանակավոր կացարանով, հետագայում՝ բնակելի տարածքով ապահովելու պայմանով:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքներին վնասի փոխհատուցում տրվելու է վնասի 100 %-ի չափով:

Կառավարության կողմից կարող են սահմանվել արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման նաև այլ չափեր և ձևեր, ինչպես նաև՝ փոխհատուցման միջոցների աղբյուրներ, այդ թվում՝ միջազգային և մարդասիրական։

Արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման համար միջոցները հատկացվելու են կառավարության պահուստային ֆոնդից՝ տարածքային կառավարման մարմիններին:

Օրենսդրական փոփոխությունների հիմնավորումները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը քննարկման ներկայացված նախագծում նշել է, որ արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրվում է առանձին դեպքերի համար՝ ոչ կանոնակարգված կերպով, ինչը բնակչության ստվար զանգվածի մոտ առաջացնում է խտրական մոտեցման զգացողություն։

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ 2017թ., 2018թ. և 2019թ. համար արձանագրված վնասները կազմել են համապատասխանաբար 3 միլիարդ 315 միլիոն դրամ, 5 միլիարդ 541 միլիոն դրամ և 6 միլիարդ 158 միլիոն դրամ։ Սակայն այս թվերը ներկայացնում են ոչ բոլոր վնասների գումարային չափը, քանի որ, ըստ ԱԻՆ-ի, առկա են մեծ ծավալով վնասներ, որոնց ֆինանսական գնահատում չի  իրականացվել։

«Ներկայացվող կարգը հնարավորություն կընձեռի հստակեցնել և կանոնակարգել արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառած վնասի փոխհատուցումը, սահմանել չափը և մեխանիզմները»,-նախագծում ընդգծել է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter