
Ադրբեջանում հայտնված ռազմագերիների վերաբերյալ խորհրդարանական քննարկումը կլինի դռնփակ
Խորհրդարանն այսօրվա երրորդ նիստին Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերիների հարցով փակ քննարկում կունենա: Հարցապնդման հեղինակներն ընդդիմադիր երկու խմբակցություններն են` «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»: Քննարկումն ի սկզբանե նախատեսված էր դռնբաց` նիստերի դահլիճում, ինչպես և, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, լինում են հարցապնդումները: Սակայն նիստի սկզբում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկեց նիստը դռնփակ հրավիրել, որպեսզի ռազմագերիներին առնչվող որևէ արգելված հայտարարություն չարվի:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահեցրեց` քննարկմանը չեն արվի հայտարարություններ, որոնք որևէ կերպ կարող են վնասել ռազմագերիներին և գերեվարված անձանց:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքը սկսեց ընդհատել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` տեղից գոռգոռալով: Նիստն ընդմիջվեց 20 րոպեով, որից հետո հարցը դրվեց քվեարկության, և որոշվեց, որ քննարկումը կլինի դռնփակ:
Մեկնաբանել