
Փոխոստիկանապետը պնդում է` բալային համակարգի ներդրումից հետո ՃՏՊ-ները նվազել են
Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու Կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթը: Այն ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, ում խոսքով` նախագծի նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական գործարկումը, կանխարգելել ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումները:
Ըստ փոփոխությունների` առաջարկվում է տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային կաննոները խախտելը հանգեցնի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկման՝ 1 տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ բոլոր դեպքերում առկայծող փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:
Գործող օրենքով` առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, առաջարկվում է ավելացնել այն փոփոխությունը, ըստ որի՝ տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելն առաջացնի տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե բալային համակարգի ներդրումից հետո ինչ վիճակագրություն է առկա, արդյոք նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, թե ոչ:
2020 թվականի ինն ամիսների ընթացքում արագաչափ սարքերով և տեսախցիկներով արձանագրվել է 985 հազար իրավախախտում, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համար այն եղել է մեկ միլիոնից ավելի:
Պատահարների թիվը 2020-ի առաջին ինն ամիսներին եղել է 2855, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում`3443:
«Վստահ եմ այս ամենը խոսում է բալային համակարգի ներդրման արդյունավետության մասին»,- ասաց փոխոստիկանապետը:
Մեկնաբանել